Արթուր Պետրոսյան. Եթե սա մեր առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում

23:08 08.10.2017

Աշխարհի 2018 թվականի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ: 

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մանրամասնել, թե ինչ պատահեց թիմին երկրորդ խաղակեսում: Միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք: 

- Իմ կարծիքով` շատ հետաքրքիր խաղ ստացվեց, հատկապես խաղի սկիզբը: Կարելի է ասել` երկու կողմերն էլ պաշտպանություն սխալներ գործեցին: Դրանից հետո մենք կառավարեցինք խաղն առաջին խաղակեսում: Գոլ խփելու բազում հնարավորություններ ունեինք: Ցավոք` չկարողացանք երկրորդ գոլը խփել: Երկրորդ խաղակեսում, ըստ իս, տղաները հոգնեցին: Ստիպված փոփոխություններ կատարեցինք: Կարծում եմ` Ղազախստանի ընտրանին այս խաղով արժանի էր միավորի: Չնայած` խաղավերջից 20 վայրկյան առաջ կարող էինք որոշիչ գոլ խփել: Ամեն դեպքում, Ղազախստանի հավաքականն այսօր պարտությանն արժանի չէր: 

- Ի՞նչ եք կարծում, այս խաղով դուք կարողացա՞ք քավել Լեհաստանից կրած պարտության մեղքը երկրպագուներից:

- Տղաներն այսօր ցույց տվեցին, թե ինչպես են աշխատում ու պայքարում` մրցաշարային աղյուսակում դրական արդյունք ունենալու համար: Չեմ կարող երկրպագուների փոխարեն խոսել, սակայն ֆուտբոլիստներին ասել եմ, որ նրանք այսօր հարյուր տոկոսով տրամադրվել էին լավ արդյունք ստանալու համար:

- Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։

- Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։

- Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները խմբի աղյուսակում զբաղեցրել են վերջին երկու տեղերը: Մենք ամենաթո՞ւյլն էինք այս խմբում:

 - Երևի թե: Վիճակագրությունը չի խաբում: 

- Ո՞վ ավելի մեծ խնդիրներ ստեղծեց Հայաստանի ընտրանու համար: 

- Չէի ցանկանա ինչ-որ մեկի առանձնացնել: Թիմային լավ խաղ խաղացիք, հատկապես երկրորդ խաղակեսում: Շատ լավ էիք շարժվում և ագրեսիվ էիք գործում:

- Ինչո՞ւ մինչև վերջին րոպեն խաղադաշտում մնաց Սարգիս Ադամյանը: Գո՞հ եք նրա ելույթից և ինչո՞ւ հնարավորություն չստացավ Տիգրան Բարսեղյանը:

- Արդեն ասացի. մենք պարտադրված փոփոխություններ կատարեցինք: Ընդհանուր առմամբ, գոհ եմ Սարգիս Ադամյանի խաղից: Նա գոլ խփելու 3 հնարավորություն ունեցավ, սակայն չկարողացավ դրանք օգտագործել: 

- Ի՞նչ եք կարծում, Հենրիխ Մխիթարյանն այսօր ներդրեց իր ո՞ղջ ուժերը, թե՞ իրեն խնայեց:

- Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Մխիթարյանն իր հավաքականում երբեք իրեն չի խնայում: Եվս մեկ անգամ ասեմ, որ սա թիմային խաղ է: Մխիթարյանն օգնում է թիմակիցներին, իսկ թիմակիցները` նրան:

- Դուք ասացիք, որ վերջին խաղից հետո որոշում կկայացնեք: Այս խաղը կօգնի՞ որոշման հարցում, թե՞ Ձեզ ժամանակ է հարկավոր:

- Ես դեռ պետք է հանդիպեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Թե ինչպես կընթանա այդ զրույցը` ժամանակը ցույց կտա: Հիմա ոչինչ ասել չեմ կարող: 

- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկայիս հավաքականի ապագան: Սա Հայաստանի հավաքականի առավելագո՞ւյնն է, թե՞ ավելացնելու տեղ կա:

- Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում և գալիս է ժամանակ, որ պետք է ինչ-որ բան փոխել: Հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է: Նույն խաղով մենք գալիք ընտրական փուլում ընդհանրապես հնարավորություններ չենք ունենա: Այսօր մեր ընտրանու կազմում երկու նորեկների տեսանք: Հուսով եմ` հետագայում նման դեպքերը հաճախ կլինեն: 

- Խորհրդային տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքում էր: Կարելի է հարյուրից ավելի ֆուտբոլիստների թվարկել: Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ զրոյացել: Բոլորի մոտ է այսպես: 

- Ինչպես գիտեք, մեր առաջնությունում հանդես են գալիս 6 ակումբներ: Կա ֆուտբոլիստների պակաս: 

- «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը: Այդպիսի ֆուտբոլիստները շատ են: Նրանք չե՞ն ցանկանում հանդես գալ հավաքականում: 

- Եթե տեղյակ եք, մեզ մոտ կա խնդիր: Ովքեր հանդես են գալիս մեզ մոտ` հավաքականում, ապա դրանից հետո Ռուսաստանում նրանք համարվում են լեգիոներ: Եթե դու ունես պայմանագիր ու Ռուսաստանում խաղալու հնարավորություն, ապա հարց է ծագում, արդյո՞ք Հայաստանի ընտրանու կազմում հանդես գալուց հետո այդ հնարավորություն չի կորչի: Դա մեծ խնդիր է և ես հուսով եմ, որ ԱԱ-2018-ից հետո այդ խնդիրը կլուծվի: 

- Հայաստանի ընտրանին տպավորում է հարձակման գծում, սակայն այսօր խփեց ընդամենը մեկ գոլ: Ինչպե՞ս կգնահատեք Ղազախստանի ընտրանու պաշտպանությունը:

- Կկրկնվեմ. թե' մեր, և թե' ձեր պաշտպանությունն այսօր սխալներ գործեց: 

Share |

Լրահոս