Մարկոս Պիզելի. Հարցազրույցի ժամանակ իմ ասածներն աղավաղել են (տեսանյութ)

19:58 09.10.2017

Հոկտեմբերի 8-ին կայացած Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում ընտրանու ելույթներին:

Լրատվամիջոցի ներկայացուցիչները սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝ հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»:

Հետագայում կայքը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր վերնագիրը, սակայն մի շարք մարզական և քաղաքական լրատվամիջոցներ արդեն հասցրել էին տարածել Պիզելիի հարցազրույցը հենց այդ վերնագրով՝ Պիզելիին վերագրելով մտքեր, որոնք նա չէր հնչեցրել:

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը կապ է հաստատել Մարկոսի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել իր կողմից հնչեցված մտքերը:

«Ցանկանում եմ պարզեցում մտցնել, քանի որ երեկ հանդիպումից հետո հարցազրույց եմ տվել, և մարդիկ կան, որոնք խոսքերս սխալ են հասկացել: Ֆուտբոլը կոլեկտիվ մարզաձև է, դրա համար չի կարելի ասել, որ մարզիչն է մեղավոր կամ ինչ-որ այլ մեկը: Ուստի միայն Վարուժան Սուքիասյանը կամ Ռուբեն Հայրապետյանը չեն մեղավոր, ֆուտբոլիստներն ավելի մեծ մեղքի բաժին ունեն:

Մի քանի խաղ շատ վատ ենք անցկացրել: Չեմ ասում, որ Հայաստանի հավաքականն ամենաուժեղն է, սակայն կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ: Դրա համար ինձ վատ եմ զգում, որ այդ հանդիպումներն այնքան էլ լավ չեն ստացվել: Հույս ունեմ, որ այժմ ճիշտ կհասկանաք, թե ինչ նկատի ունեի: Ցանկանում եմ ասել, որ բոլորս ենք մեղավոր: Պետք չէ կենտրոնանալ մեկ անձի վրա: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է միասնական լինենք:

Մենք պետք է մեր սխալների վրա սովորենք: Հույս ունեմ, որ նորից կսկսենք լավ ֆուտբոլ խաղալ, քանի որ որակ ունենք: Բոլորդ գիտեք, թե ինչքան կարևոր է Հայաստանի հավաքականը ինձ համար, դրա համար վատ եմ զգում, որ հիասթափեցրինք ձեզ»,- ասել է Մարկոսը:

Share |

Լրահոս