Հայնկես. Կինս ու աղջիկս կողմ էին, որ վերադառնամ Բավարիա. շունս էլ երկու անգամ հաչեց

11:50 10.10.2017

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պատմել է գերմանական ակումբ վերադառնալու իր որոշման մասին.

«Եթե ես ճիշտ եմ հիշում Մյուխենգլադբախում տված իր վերջին մամուլի ասուլիսը, ապա այդ ժամանակ ես կարծում էի, որ իմ մարզչական կարիերան մոտեցել է ավարտին:

Մարզչական աշխատանքին վերադառնալն իմ երազանքը չէր: Ես շատ առաջարկներ եմ ունեցել եվրոպական թոփ-ակումբներից և հեռուստաընկերություններից, բայց բոլորին մերժել եմ:

Բարդ ժամանակաշրջան էր, բայց կինս ու աղջիկս ինձ ասացին, որ պետք է վերադառնամ «Բավարիա»: Շունս էլ երկու անգամ հաչեց. դա նշանակում էր, որ այո, ես պետք է վերադառնամ:

Ամեն ինչ կշռադատելուց հետո, ես եկա այն եզրակացման, որ մարդ երբեք չպետք է մոռանա նրանց, ովքեր օգնել են իրեն կյանքում: «Բավարիան» ինձ շատ է օգնել կարիերայիս ընթացքում: Առանց նրա ես կյանքում երբեք չէի հայտնվի «Ռեալում»,- Հայնկեսի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:

72-ամյա գերմանացի մասնագետը նաև խոսել է նոր մարտահրավերների և մյունխենյան ակումբի կադրային խնդիրների մասին.

«Հիմա իմ առջև բարդ խնդիր է դրված: Թիմը վերակառուցման փուլում է, մենք կորցրել են աշխարհի լավագույն դարպասապահին` ի դեմս Մանուել Նոյերի, Ֆրանկ Ռիբերին ևս վնասվածք ունի:

Թոմաս Մյուլերը իր լավագույն ֆուտբոլը չի ցուցադրում, իսկ Ժերոմ Բոատենգը այն Բոատենգը չէ, ինչ 2012/13 մրցաշրջանում էր: Նույնը վերաբերում է նաև Դավիդ Ալաբային, որը դեռևս լավագույն մարզավիճակը չի հավաքել վնասվածքից հետո»,- եզրափակել է իր խոսքը Հայնկեսը:

Հիշեցնենք, որ Հայնկեսը «Բավարիան» գլխավորոել է երրորդ անգամ: Գերմանացու գլխավորությամբ մյունխենյան ակումբը երեք անգամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Share |

Լրահոս