Հակոբ Սերոբյան. Մեր մարմնամարզիկները լավագույն կատարումներով հանդես եկան աշխարհի առաջնությունում

17:43 11.10.2017

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների արդյունքներից:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարզչի կարծիքով՝ և´ Արթուր Դավթյանը, և´ Հարություն Մերդինյանը լավագույն կերպով են կատարել իրենց առջև դրված խնդիրը.

«Երկուսն էլ եզրափակչում ավելի լավ մասնակցեցին: Իմ սպասելիքներն արդարացան: Արթուրը մոտ մեկ միավոր ավելի վաստակեց և երկու հորիզոնականով բարելավեց իր տեղը որակավորման փուլի հետ համեմատած:Դավթյանի վարժությունները պետք է բարդացնենք, սակայն, նոր տարրեր սովորեցնելու համար դեռևս պայմաններ չունենք:

Ափսոսում եմ, որ հենացատկերում երկրորդ ցատկով զիջում է: Արթուրին օգնում են իր մաքուր կատարումները: Նա մեծ պոտենցիալ ունի, դա աշխարհում բոլորն են տեսնում:

Այս առաջնությունում Հարություն Մերդինյանը շատ ուրախացրեց ինձ: Շատ գոհ եմ, որ նա իր բարձր վարպետության շնորհիվ որակավորման փուլում խուսափեց կոպիտ սխալից, իսկ եզրափակչում արեց իր լավագույն կատարումը: Եզրափակչում Հարությունի վարժությունը չբարդացրինք, զգացինք, որ դրա կարիքը չկա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր 13-րդը հորիզոնականը, իսկ Հարություն Մերդինյանը՝ 5-րդն էր նժույգթափերում:

Share |

Լրահոս