Նոբել Առուստամյան. Մեսսին երևույթ է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ

17:26 11.10.2017

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անվանի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն այսօր հյուրընկալել էր Պանարմենիան մեդիա դպրոցի սաներին, մասնավորապես` ապագա մարզական մեկնաբաններին:

Ապագա մեկնաբանները տարատեսակ հարցեր ուղղեցին փորձառու մասնագետին ինչպես նրա գործունեության, մեկնաբանած առաջին խաղի, ֆուտբոլային նախասիրությունների, այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի վերջին ելույթների, Հենրիխ Մխիթարյանի և համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղերի մասին:

Խոսելով համաշխարհային ֆուտբոլում լավագույնների մասին` Առուստամյանը փաստեց, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» և «Արգենտինայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է.

«Ըստ իս, Մեսսին համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ երևույթ է: Ես շատ եմ հարգում նրա մրցակիցներին` Կրիշտիանու Ռոնալդուին, մյուս գերաստղերին, բայց իմ կարծիքով` Մեսսին պատմության մեջ կմտնի որպես լավագույն 3-4 ֆուտբոլիստներից մեկը` ֆուտբոլի գոյության ամբողջ պատմության ընթացքում:

Մեսսին Աստված է, իսկ Ռոնալդուն աթլե՞տ. ոչ, դա չափազանց կոնկրետ համեմատություն է: Եթե այդպես դատենք, ուրեմն հարգանքը պետք է Ռոնալդուի կողմը լինի:

Եթե Մեսսին Աստված է, այլմոլորակային, ուրեմն Ռոնալդուն մեկն է, ով ամեն ինչի հասել է ինքնուրույն: Անձամբ ինձ համար հարգանքի է արժանի այն մարդը, որը կարողանում է հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները և հասնել ինչ-որ առնաձնահատուկ բանի: Մեսսին ևս շատ դժվարություններ է ունեցել իր հասակի, հիվանդության և այլնի պատճառով, բայց կարողացել է իր մեջ ուժ գտնել և օգտագործել իր տաղանդը: Մեզ` ֆուտբոլային երկրպագուներիս համար, պարզապես հաճելի է, որ նա ֆուտբոլ է խաղում»,- իր խոսքում նշեց Առուստամյանը:

Հավելենք` Նոբել Առուստամյանը նշեց, որ ինքը հանդիսանում է «Յուվենտուսի» երկրպագու, իսկ իր կուռքը եղել է թուրինյան ակումբի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն:

Share |

Լրահոս