Նոբել Առուստամյան. Ինձ համար լավագույնը Մխիթարյանն է

16:15 11.10.2017

Հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն այսօր հյուրընկալել էր Պանարմենիան մեդիա դպրոցի սաներին, մասնավորապես` ապագա մարզական մեկնաբաններին:

«НТВ Плюс»-ի, «Матч ТВ»-ի մեկնաբանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց հրավերի համար և փաստեց, որ չէր սպասում այն ստանալ` չնայած իր համար շատ հաճելի է:

Ապագա մեկնաբանները տարատեսակ հարցեր ուղղեցին փորձառու մասնագետին ինչպես նրա գործունեության, մեկնաբանած առաջին խաղի, ֆուտբոլային նախասիրությունների, այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի վերջին ելույթների, Հենրիխ Մխիթարյանի և համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղերի մասին:

Նախ, հարց հնչեց այն մասին, թե ո՞վ է, ըստ Առուստամյանի, լավագույն հայ ֆուտբոլիստը` Հենրիխ Մխիթարյա՞նը, թե՞` Խորեն Հովհաննիսյանը, ինչին ի պատասխան մեկնաբանը նշեց.

«Գիտեք, Խորեն Հովհաննիսյանի խաղը չեմ տեսել, քանի որ 30 տարեկան եմ և այն ժամանակ, երբ Հովհաննիսյանը խաղացել է, ես դեռ չեմ ծնվել (ժպտում է- խմբ):

Իմ անձնական կարծիքով, Մխիթարյանն օրինակ է ծառայում: Նա ֆուտբոլիստ է, ով ամեն ինչին հասել է իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Չի ընդգրկվել օրինակ «Ռեալի» կամ «Այաքսի» մանկապատանեկան դպրոցներում, սկսել է «Փյունիկից» և իր մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ տեղափոխվել նախ Ուկրաինա, որտեղ էլ միանգամից աստղ չի դարձել, հետո նաև Գերմանիա և Անգլիա: 

Իսկ թե ով է նրանցից լավագույնը .... դժվարանում եմ պատասխանել: Եթե ասեմ Մխիթարյանը, երևի` ավագ սերունդը կնեղանա ինձանից (ծիծաղում է- խմբ.): Բայց ինձ համար լավագույնը, երևի, Մխիթարյանն է: Նա իմ ժամանակակիցն է, ես տեսնում եմ նրա խաղը, իսկ Խորեն Հովհաննիսյանին չեմ տեսել գործի մեջ»,- ասաց Նոբել Առուստամյանը:

Առուստամյանին նաև հարց ուղղվեց այն մասին, թե արդյոք Մխիթարյանն ամբողջովին բացահայտե՞լ է իր պոտենցիալը «Մանչեսթեր Յունայթեդում», արդյոք սա նրա գագաթնակե՞տն է, թե՞ դեռ կարող է աճ գրանցել.

«Կարծում եմ Հենրիխի` ՄՅՈւ տեղափոխությունը հիանալի էր ամբողջ հայ ազգի համար: Հայ ֆուտբոլիստը խաղում է անգլիական մեծագույն ակումբներից մեկում: Ես իհարկե կցանկանայի ,որ նա տեղափոխվեր «Յուվենտուս», քանի որ երկրպագում եմ թուրինցիներին (ծիծաղում է- խմբ.)

Ինչ վերաբերում է այն հարցին` արդյոք սա նրա գագաթնակե՞տն է, չեմ կարող ասել: Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որը միշտ զարգանում է: Աստված տա` դեռ աճ գրանցի: Կարծում եմ` մի ֆուտբոլիստ, որը կարողացել է հայտնվել ՄՅՈւ-ի հիմնական կազմում, խփում է գոլերը, կատարում է շատ գոլային փոխանցումներ, և դա արել է սկզբնական բարդ շրջանից հետո, արդեն գովելի է: Աստված տա, որ Հենրիխը դեռ հաղթի Չեմպիոնների լիգայում, Անգլիայի առաջնությունում: Նա դեռ բավականին երիտասարդ է, եթե դեռ ևս 5 տարի բարձր մակարդակով խաղա, մեծ նվաճումների կհասնի և բոլորիս դարձյալ հպարտանալու առիթ կտա»,- նշեց Առուստամյանը:

Share |

Լրահոս