Բարսելոնայի գործադիր տնօրեն. Կոուտինյոյին կարող ենք ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

21:02 11.10.2017

Կատալոնական «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Օսկար Գրաուն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի գործողությունների մասին:

«Մենք պատրաստ ենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Կոուտինյոյին` միաժամանակ չմոռանալով համաչափության մասին: Եթե կան ձեռքբերումներ, ապա պետք է լինեն նաև հեռացումներ: 

Մենք պետք է մոռանանք Նեյմարի տրանսֆերից ստացած եկամուտի մասին (222 մլն եվրո,- խմբ.): Հարկերից հետո մենք ստացել ենք միայն 188 մլն եվրո եկամուտ: 

Արդյունքում գործարքի ֆինանսական կողմն ակումբի բյուջեն ավելացրել է 144 մլն եվրոյով»,- Գրաուի խոսքն է մեջբերում «The Telegraph»-ը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն կարող էր տեղափոխվել «Լիվերպուլից» «Բարսելոնա» ընթացիկ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Կատալոնական ակումբը բրազիլացու տրանսֆերի դիմաց «մերսիսայդցիներին» առաջարկել էր 115 մլն եվրո: Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Բացի այդ, վերջինիս ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Share |

Լրահոս