Կրասիչ. Տեղափոխությունիցս առաջ Բանանցի գլխավոր մարզիչն իմ մասին հարցրել էր Վարդան Մինասյանից

12:36 12.10.2017

«Բանանցի» սերբ կիսապաշտպան Օգնյեն Կրասիչն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հարմարվում Հայաստանի առաջնությունը, հայ մասնագետներից ով է իր մասին դրական կարծիք հայտնել «Բանանց» տեղափոխվելուց առաջ:

- Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ և արդյո՞ք լիովին հարմարվել ես թիմին:

- Այստեղ ամեն ինչ լավ է: Սկզբում անհանգստանում էի, թե ինչպիսին է լինելու կյանքը ֆուտբոլից դուրս, բայց հիմա ամեն ինչ լավ է: Թե՛ ղեկավարությունը և թե՛ «Բանանցի» մնացած բոլոր աշխատակիցները բարեհամբույր են, ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստներս մեզ լավ զգանք: Թիմակիցների և մարզիչների հետ լավ հարաբերություններ ունեմ, ղեկավարությունն էլ մեզ միշտ աջակցում է, այնպես որ որևէ դժգոհություն չունեմ:

- Ի՞նչ կարող ես ասել Հայաստանի առաջնության մասին:

- Հայաստանի առաջնությունը մի փոքր տարբերվում է այն առաջնություններից, որտեղ հանդես եմ եկել: Թիմերը քիչ են և յուրաքանչյուրի հետ տարեկան մի քանի անգամ հանդիպում ես: Մնացած առումներով ամեն ինչ, կարծես, նորմալ է: Դեռևս լավ ծանոթ չեմ բոլոր թիմերին և ֆուտբոլիստներին, բայց կարծում եմ, որր «Բանանցը» կարող է պայքարել ամենաբարձր տեղերի համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Շատ հանգամանքներ պետք է համընկնեն, որպեսզի հենց այդպես էլ ստացվի:

- Ի՞նչ կասես անձամբ քո ելույթների մասին: Կարծես թե ամեն ինչ լավ է, բայց դեռևս գոլի հեղինակ չես դարձել: Դա մտահոգու՞մ է:

- Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա կարծում եմ, որ նորմալ է, միայն ժամանակ է պետք թիմի խաղակցվածությունը բարելավելու համար: Վերջին երկու ամիսների ընթացքում շատ բան է փոխվել, նույնիսկ հիմա էլ փոփոխություններ կան, այնպես որ դեռ էլի է ժամանակ պետք: Թիմ կառուցելու համար մեկ-երկու տարի է պետք: Կարծում եմ, որ ձմեռային դադարից հետո էլ ավելի լավ կխաղանք: Ինչ վերաբերում է գոլին, այո մի քանի իրավիճակներում կարող էի գոլ խփել, բայց գլխավորն այն է, որ թիմը հաղթի, որպեսզի երկրպագուները, մարզիչներն ու ղեկավարությունը լիովին գոհ մնան մեր խաղից: Իսկ թե ով գոլ կխփի, ինձ համար ավելի քիչ կարևոր է:

- Երբևէ հանդիպել ե՞ս հայ ֆուտբոլիստների քո կարիերայի ընթացքում:

- Այո, ղազախական «Տոբոլում» ինձ հետ միասին հանդես էր գալիս Կառլեն Մկրտչյանը, իսկ մարզիչն էր Վարդան Մինասյանը: Կառլեն Մկրտչյանի հետ ընկերներ ենք մնացել և մինչև հիմա շփվում ենք: Շատ շնորհալ եմ նրանից այն աջակցության համար, որը նա ցույց տվեց, երբ եկա Հայաստան: Ինչ վերաբերվում է Վարդան Մինասյանին, ապա նա շատ լավ և բարձրակարգ մարզիչ է, նրա հետ լավ հարաբերություններ ունեի և լավ աշխատում էինք միասին:

Գիտեմ, որ տեղափոխությունիցս առաջ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Վարդան Մինասյանից հարցրել է իմ մասին, և նա լավ խոսքեր է ասել: Նաև դրա շնորհիվ է, որ այստեղ եմ, ինչի համար նրան նույնպես շնորհակալություն եմ հայտնում:

- Խոսենք առաջիկա խաղի մասին: Մրցակիցը «Գանձասար-Կապանն» է: Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել այդ խաղում:

- «Գանձասարը» լավ թիմ է, որի կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են միայն հարց լուծել: Բայց կարծում եմ, որ հիմա մեր թիմն ավելի լավն է, և մենք պետք է դաշտ դուրս գանք և ցույց տանք դա: Տեսնենք, թե ինչպես կստացվի, բայց հուսով եմ, որ կհաղթենք:

Share |

Լրահոս