Արսեն Մինասով. Շատ բարդ է անընդհատ լսել, որ բոլոր գործակալները խաբեբաներ են

15:11 18.10.2017

Ներկայացնում ենք հայտնի գործակալ Արսեն Մինասովի հետ «ArmSport.am»-ի բացառիկ հարցազրույցի երկրորդ և վերջին մասը:

Մեզ հետ զրույցում Ռուսաստանի առաջատար գործակալներից մեկը կիսվել է հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով, խոսել նաև Հայաստանի հավաքականի ելույթների, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի և այլ հարցերի մասին:

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

- Հավանաբար դիտել եք նաև Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը: Ի՞նչ կասեք այդ հանդիպումների մասին:

- Այո, դիտել եմ: Նորից պետք է նշեմ, որ հարկավոր է ներսում լինել՝ հստակ հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը: Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են խաղում հայ ֆուտբոլիստները պաշտպանությունում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, ՉԼ-ում, ԵԼ-ում, այնպես էլ՝ բոլոր տարիքային հավաքականներում: Պաշտպանությունում մեր ֆուտբոլիստների խաղն այնքան էլ կազմակերպված չէ: Ինչպես ավելի վաղ նշել էի, ինձ դուր չի գալիս նաև ֆուտբոլիստների մեծամասնության արձագանքն այն ամենին, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Շատ ֆուտբոլիստներ, իմ կարծիքով, ճիշտ չեն արձագանքում, ինչն էլ ջախջախիչ պարտությունների պատճառներից մեկն է: Սա հոգեբանություն է, ոչ թե անհատական առանձնահատկություն: Երևի՝ պետք է նրանց հետ խոսել, բացատրել:

Օրինակ, բռնցքամարտիկը երբ առաջին ռաունդում երկու ծանր հարված է ստացել, դեռ չի նշանակում, որ պարտվել է: Ուժեղ բռնցքամարտիկները ճիշտ են արձագանքում տեղի ունեցածին, փորձում են ինչ-որ կերպ հակադրել և կարող են նույնիսկ հաղթել մարտում: Շատ քիչ բռնցքամարտիկներ են հանձնվում և դադարում պայքարել: Նույնն էլ ֆուտբոլում: Պետք է սովորել չհանձնվել: 90 րոպե տևող խաղի 20-րդ րոպեին երկու գոլ բաց թողնելուց հետո չի կարելի հանձնվել և մտածել, որ ամեն ինչ վերջացած է: Սա իմ անձնական կարծիքն է: Այն, որ մեր տղաները կարողանում են ֆուտբոլ խաղալ, միանշանակ է: Այո, նրանք իսկապես կարողանում են ֆուտբոլ խաղալ, և ցավալի է, որ այսպիսին են լինում արդյունքները:

Օրինակ, մեր Մ21 տարեկանների հավաքականը, որն առաջին խաղում հեշտորեն հաղթեց Ջիբրալթարին, այս թիմի հետ անցկացրած երկրորդ խաղը չանցկացրեց այնպես, ինչպես առաջինը: Սա էլ յուրահատուկ հոգեբանություն է: Այնտեղ հեշտորեն հաղթեցին, ու կարծես՝ հանսգտացան, այստեղ արդեն հաղթանակը դժվար տրվեց: Ռուսաստանի հետ անցկացրած ծանր ոչ-ոքին էլ (0:0) կարծում եմ՝ լավ ազդեցություն չունեցավ, և հետևեց Ավստրիայի հետ խաղը: Այդ խաղում նախքան 0:2 հաշիվը ոչ-ոք չէր կարող ենթադրել, որ այդպիսի ջախջախիչ արդյունք կգրանցվի, խաղն այդպիսին չէր: Սա նույնպես արձագանք է:

Եվ տեսեք, թե ինչպես Ջիբրալթարը հաղթեց Մակեդոնիային, այն Մակեդոնիային, որին Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց 0:3 հաշվով, և պարտվեց բոլոր ցուցանիշներով: Այո Ջիբրալթարը հաղթեց հավասար խաղով, Մակեդոնիայի առավելությամբ, բայց կարողացավ հաղթել: Սրանք երկու թիմեր են և երկու տարբեր արձագանքներ: Պետք է խոսել տղաների հետ, բացատրել նրանց: Նրանք մեր հավաքականի ապագան են և նոր են սկսում իրենց ճանապարհը: 

- Այսինքն, մեր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը հոգեբանությու՞նն է:

- Ինչպես արդեն նշեցի՝ գլխավոր խնդիրները հասկանալու համար պետք է լինել թիմի ներսում: Իսկ այս իրավիճակում աչք է ծակում ինչպես հոգեբանությունը, այնպես էլ՝ պաշտպանությունում շատ թույլ խաղը: Մեր թիմերը շատ վատ են պաշտպանվում: Եթե Հայաստանի առաջնությունում դա այնքան էլ չի երևում, ապա միջազգային մրցասպարեզում միանգամից ակնհայտ է դառնում:

Անկախ արդյունքներից: Դարձյալ անդրադառնամ Հայաստանի Մ21 հավաքականի՝ Ռուսաստանի հետ անցկացրած խաղին (0:0): Եթե նայենք հաշվին ու գրանցված արդյունքին, ու ասենք, որ ուրեմն լավ են խաղացել պաշտպանությունում, կսխալվենք: Իրականում՝ ոչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները պաշտպանությունում շատ վատ էին գործում: Պարզապես հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մի քանի անգամ գնդակը հետ մղվեց դարպասաձողից, մի քանի անգամ փրկեց դարպասապահը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հավաքականի ֆուտբլիստները բավականաչափ դիպուկ չէին, բայց ընդհանուր առմամբ, հայկական կողմից սխալների թիվը շատ է: Դե, մենք այդպիսին ենք, սիրում ենք հարձակվել (ծիծաղում է):

- Հետաքրքիր է՝ ո՞ր հայ ֆուտբոլիստների հետ եք աշխատել Ձեր գործունեության ընթացքում:

- 3 հայ խաղացողների հետ աշխատանքի փորձ ունեմ՝ Էռաստ Օսիպյանի, Կարեն Օհանյանի և Հովհաննես Գոհարյանի: Օսիպյանն իմ մանկության տարիների ընկերն է: Իր կարիերայի մայրամուտին և իմ՝ որպես գործակալ կարիերայի սկզբում, ես օգնում էի նրան, Օհանյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ էր, «Տորպեդոյի»  սան էր, միևնույն թիմում խաղացել է Մարատ Իզմայլովի հետ, եղել է Ռուսաստանի գրեթե բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուն, խաղացել է նաև Ռուսաստանի պատանեկան հավաքականում: Շատ եմ ցավում, որ իմ հաճախորդներից երկուսը՝ Կարեն Օհանյանն ու Հովհաննես Գոհարյանը, չկարողացան ցուցադրել իրենց ներուժի գոնե 50%-ը. դրանում, անկասկած, իմ սխալներն էլ կան: Գուցե՝ պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեի նրանց հետ, ավելի համոզիչ լինեի նրանց հետո զրույցներում:

Իհարկե, ինչպես հաջողությունների դեպքում արժանիքը մեծամասամբ պատկանում է ֆուտբոլիստին, այնպես էլ՝ չստացված կարիերայի դեպքում մեղքի մեծ բաժինը ֆուտբոլիստի ուսերին է: Գոհարյանը սա հիանալի հասկանում է, ցավոք ուշ, բայց հասկանում է: Միանշանակ, ֆուտբոլիստին մոտ կանգնած մարդիկ՝ մարզիչը, գործակալը, նույնիսկ ակումբի բժիշկն ու մերսողը, իրենց ազդեցությունն ունենում են տվյալ խաղացողի լավ կամ վատ կարիերայի գործում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Կարեն Օհանյանի և Հովհաննես Գոհարյանի կարիերաներն իմ պարտությունն է:

Գոհարյանն իմ շատ լավ ընկերն է, շատ եմ հարգում նրան, գիտեմ իր ընտանիքին, նա նաև իմ որդու ընկերն է: Բայց, կարծում եմ, նրա դեպքն իմ պարտությունն է: Հայ ֆուտբոլիստների դեռևս այս փորձն ունեմ:

- Իսկ, առհասարակ, ո՞ր ֆուտբոլիստների հետ եք հիմա աշխատում, ինչպես ռուսական, այնպես էլ՝ միջազգային շուկայում:

- Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ ես անձամբ եմ աշխատում, իսկ կան այնպիսիք, ովքեր աշխատում են մեր գործակալության հետ: Ունենք երկու գործակալություն, մեկը խորվաթների հետ համատեղ, մյուսը՝ Լիտվայի: Խորվաթական գործակալությունն աշխատում է այնպիսի ֆուտբոլիստների հետ ինչպիսիք են Լուկա Մոդրիչը, Վեդրան Չորլուկան, Մաթեո Կովաչիչը: Ես ինքս հիմնականում աշխատում եմ ռուսական շուկայի հետ: Իմ հաճախորդներից է, օրինակ, «Փյունիկի» ֆուտբոլիստ Մաքսիմ Երմակովը:

- Տարիներ առաջ նշել էիք, որ կցանկանայիք աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ. այն ժամանակ նա դեռ գործակալ չուներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Մխիթարյանի կարիերայում իրադարձությունների զարգացումը:

- Նրա կարիերայում ամեն ինչ միայն «+» նշանով է, և սա գաղտնիք չէ ոչ մեկի համար: Ծիծաղելի է նույնիսկ որևէ այլ բան ասելը: Ես նրա հետ կապ չեմ ունեցել, անձամբ ծանոթ չեմ Մխիթարյանի հետ: Երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել նրա մայրիկի հետ: Խնդրեցի այդ մասին ոչինչ չասել Հենրիխին, դա շատ վաղուց էր: Ի ուրախություն Հենրիխի՝ նրա կողքին հայտնվել են այնպիսի մարդիկ, ովքեր օգնել են նրան լինել իր ներկայիս մակարդակի վրա: Ես շատ եմ ուրախանում Մխիթարյանի հաջողություններով: Նա մեծ մարզիկ է մեր երկրի համար, օրինակ է երիտասարդների համար: Մեր բոլոր հայ մարզիկները, հատկապես ֆուտբոլիստները, եթե իրենց գործին, սիրելի մարզաձևին և անձամբ իրենց վերաբերվեն այնպես, ինչպես Մխիթարյանը, հնարավորություն կունենան դառնալու լավ մարզիկ: Որտեղ էլ՝ խաղում է Մխիթարյանը, պարզապես հիանալ կարելի է նրա պրոֆեսիոնալիզմով և ֆուտբոլի հանդեպ իսկական սիրով:

- Ի՞նչ եք կարծում, այս պահին «Մանչեսթեր Յունայթեդն» ամենահամապատասխա՞ն ակումբն է Մխիթարյանի համար:

- Դժվարանում եմ պատասխանել: Ամեն ինչ, կարծես, լավ է դասավորվում: Իհարկե, եղավ մի ժամանակաշրջան, որը չեմ ասի բարդ, բայց տհաճ էր թե՛ իր և թե՛ մեզ համար, բայց նա շատ ուժեղ տղա է, կարողացավ հաղթահարել այդ իրավիճակը, ապացուցեց, որ ինքն իզուր չէ այսօր այնտեղ և շարունակում է դա ապացուցել: Այսօր նա «Յունայթեդի» առաջատարներից մեկն է: Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունում Մխիթարյանն ավելի վառ ֆուտբոլ կցուցադրեր: Բայց դա միայն իմ կարծիքն է:

- Իսկ ի՞նչ եք կարծում, որ ակումբներում կարող են խաղալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Արդյոք շատերի դեպքում այն, ինչին իրենք արդեն հասել են, նրանց առավելագու՞յնն է:

- Եթե որևէ մարզիկ մտածի, թե դա իր առավելագույնն է, ուրեմն ավելի լավ է այլևս ֆուտբոլ չխաղա: Միշտ պետք է առաջ գնալ: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականում կան խաղացողներ, ովքեր այսօր չեն գտնվում այնտեղ, որտեղ՝ կարող էին գտնվել: Ոչ թե այնտեղ, որտեղ պետք է գտնվեն, այլ այնտեղ, որտեղ՝ կարող էին գտնվել: Դրա համար պետք է երևի շատ աշխատել, վերլուծել ու ճիշտ արձագանքել՝ խաղի ժամանակ դաշտում, խաղից առաջ և խաղից հետո: Կան ֆուտբոլիստներ, ովքեր ունեն առաջ գնալու պոտենցիալ, և ճիշտ աշխատանքի դեպքում, ըստ իս, կկարողանան հաջողությունների հասնել: 

- Հետաքրքիր է՝ որո՞նք են Ձեր աշխատանքի առանձնահատկություններն ու դժվարությունները:

- Կարծում եմ՝ դժվարություններից մեկը հեռավորությունն է: Այնպես է ստացվել, որ վերջին 25 տարիներին ես ապրում եմ Իսպանիայում, ստիպված եմ լինում հաճախ թռչել, բայց դա խնդիր չէ, խնդիրն այն է, որ դու գտնվում ես հեռվում և տղաների հետ պետք է հեռախոսով զրուցես: Երբ դա բավական չի լինում, ու զգացվում է քո ֆիզիկական ներկայության կարիքը, թռչում ես:

Տարբեր երկրներում խնդիրները տարբեր են: Կխոսեմ Ռուսաստանի մասին, քանի որ ավելի շատ աշխատել եմ այդ երկրի հետ: Ակումբների մեծամասնությունը մինչև հիմա չի հասկանում, թե որն է գործակալի դերը: Շատերը գործակալի մեջ տեսնում են առևտրականի, վաճառողի, բայց երբ ինչ-որ խնդիրներ են առաջանում, միանգամից զանգահարում են գործակալին և խնդրում օգնել, օրինակ՝ համալսարանի հարցով, բանակի հարցով, շատ խնդիրներ են առաջ գալիս, ու նրանք հանկարծ հիշում են, որ գործակալը, փաստորեն, կարող է կատարել նաև այդ պարտականությունները և լուծել կարևոր հարցեր:

Իհարկե, գործակալները տարբեր են լինում: Կան այնպիսիք, ովքեր ընտրում են միջնորդի դերը: Նա ոչ մի բանի համար պատասխանատու չէ, պայմանագրի կնքման համար ստանում է իր հասանելիք պարգևավճարն ու մոռանում է ֆուտբոլիստի մասին մինչև պայմանագրի ավարտը, կամ՝ հաջորդ տեղափոխությունը: Սա նրանց ընտրությունն է: Ըստ իս, այդ իսկ պատճառով՝ գործակալների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Հիմարություն կլինի բոլորին մոտենալ ու բացատրել, որ դու այդպիսին չես: Պետք է դա ցույց տաս քո գործով: Պետք է ապացուցես, որ կարող ես օգտակար լինել ֆուտբոլիստին, և նրա ակումբին՝ ընդհանուր առմամբ: 

Իմ գործունեության ընթացքում ունեցել եմ այդպիսի փոքրիկ հաղթանակներ, երբ բավականին անվանի մարզիչներից լսել եմ, որ որևէ հաջողությունը ոչ միայն իրենց և ֆուտբոլիստի արժանիքն է, այլև՝ իմ: Շատ հաճելի էր նման բան լսելը: Մարզչի այդ 10-վայրկյանանոց խոսքն ինձ համար հպարտության առիթ էր: Հասկանում ես, որ իզուր չէ աշխատանքդ: Հոգեբանորեն շատ բարդ է անընդհատ լսել, որ բոլոր գործակալները խաբեբաներ են, վնասում են ֆուտբոլին: Որպես կանոն՝ նման բաներ ասում են այն մարդիկ, ովքեր չգիտեն այս ամենը,կամ էլ՝ աշխատում են այնպիսի ակումբներում, որտեղ գործակալները խանգարում են: Ցավոք, մեր բոլորի սիրելի մարզաձևը շատ կեղտոտ է: Պետք է հասկանալ, որ այս կամ այն ֆուտբոլիստն իմ ֆուտբոլիստը չէ, ես նրա տերը չեմ, նա կոնկերտ ակումբի ֆուտբոլիստն է, ով պարզապես վարձակալել է ինձ և ես աշխատում եմ նրա համար: 

Նարե Հովհաննիսյան
Share |

Լրահոս