Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն ժամանել է Լոնդոն՝ բանակցություններ վարելու «Չելսիի» հետ։
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Էնրիկեին տեսնում է որպես թիմի ղեկից հեռացված Գրեհեմ Փոթերին հարմար փոխարինողի։ Իսպանացի մասնագետի և ակումբի միջև կապն արդեն հաստատվել է միջնորդների միջոցով, սակայն այժմ «Չելսին» անձնական բանակցություններ կվարի Էնրիկեի և նրա ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է 90min-ը:
Գրեհեմ Փոթերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ասթոն Վիլլայից» կրած պարտությունից հետո (0:2):
Էնրիկեն, որը Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո լքել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, չի թաքցրել, որ վերջին շաբաթներին ցանկանում է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ակումբային մակարդակում Լուիս Էնրիկեն աշխատել է իսպանական «Սելտայի» և «Բարսելոնայի» հետ, ինչպես նաև գլխավորել է իտալական «Ռոման»։