A խումբ. Հենոն օգնեց ՄՅՈւ-ին վստահ հաղթանակ տանել (տեսանյութ)

01:36 01.11.2017

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» և հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը կարող էր բացվել 15-րդ րոպեին: 11 մետրանոցի նշակետին մոտեցած Անտոնի Մարսիալի հարվածը հետ մղեց պորտուգալական ակումբի դարպասապահ Միլե Սվիլարը:

Այնուամենայնիվ, երիտասարդ դարպասապահը չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը. 45-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, այնուհետև բելգիացի դարպասապահի մեջքից անդրադարձ կատարեց և հայտնվեց դարպասում: 

Հանդիպման հաշիվը կրկնապատկվեց 78-րդ րոպեին: Տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փայլուն անցումից հետո կանոնները սեփական տուգանային հրապարակում խախտեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Անդրեաս Սամարիսը: Հանդիպման մրցավար Գեդիմինաս Մաժեյկան ևս մեկ անգամ ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որն այս անգամ անվրեպ իրացրեց Դեյլի Բլինդը:

«Կարմիր սատանաների» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Խմբի մյուս խաղում «Բազելը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին: Լուկա Զուֆիի խփած գոլին պատասխանեցին Ալան Ձագոևը և Պոնտուս Վերնբլումը:

Այս խաղերից հետո A խմբի աղյուսակը 12 միավորով գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բազելն» ու ԲԿՄԱ-ն 6-ական միավոր ունեն: «Բենֆիկան» 4 խաղում ոչ մի միավոր չի վաստակել:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա»` 2:0

Գոլերը` Սվիլար (45, ինքնագոլ), Բլինդ (78)

«Բազել»-ԲԿՄԱ` 1:2

Գոլերը` Զուֆի (32) - Ձագոև (65), Վերնբլում (79)

 

Share |

Լրահոս