Արթուր Պետրոսյան. Այսպիսի թիմերի հետ խաղը նահա՞նջ. սա է մեր մակարդակը

20:38 09.11.2017

Բելառուսի նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Մեզ համար ամենակարևորը փորձարկումներն էին: Ցանկանում էիք տեսնել նոր ֆուտբոլիստների: 50/50 էր առաջնության և դրսի ֆուտբոլիստների հարաբերակցությունը: Կարծում եմ՝ վատ չստացվեց:

- Հավաքականում Ձեր ապագան արդեն որոշվա՞ծ է: Նոր պայմանագիր կնքե՞լ եք:

- Իմ ապագան այս խաղից առաջ էր որոշված: Երկու տարով երկարաձգելու ենք պայմանագիրը:

- Նոր պայմանագրի պարագայում ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջև:

- Մեր խնդիրն Ազգերի լիգայում լավ հանդես գալն է, մեր առաջնային խնդիրը` խմբային խաղերից դուրս գալը:

- Պարոն Պետրոսյան, կա՞ն արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներ, ովքեր Ձեր ուշադրության կենտրոնում են և կցանկանաք նրանց տեսնել հավաքականում:

- Անուններ չեմ նշի, բայց այս պահին կա երկու ֆուտբոլիստ, որոնց ես անձամբ կդիտեմ իրենց ակումբներում և կխոսեմ նրանց հետ հավաքականի մասին: Առաջնությունում էլ կան ֆուտբոլիստներ, որոնց հետևում եմ: Օրինակ, Ռոբերտ Դարբինյանը, որը ցավալի վնասվածք ստացավ:

- Ի՞նչ կասեք նորեկների՝ Էրիկ Վարդանյանի և Հայկ Իշխանյանի մասին: Արդարացրի՞ն Ձեր սպասելիքները:

- Այս պահին ինչ սպասում էինք նորեկներից, ցույց տվեցին: Բայց սա մեկ խաղ է, և կարելի է ասել՝ ոչինչ չի նշանակում: Պետք է ավելացնել, նաև Հայաստանի առաջնությունում: Այս խաղից գոհ եմ, բայց ցանկանում եմ, որ ավելացնեն, քանի որ ունեն պոտենցիալ:

- Այն, որ ընդամենը երկու նորեկ է հրավիրվել հավաքական, խոսու՞մ է այն մասին, որ մենք չունենք ընտրության լայն հնարավորություն:

- Երկու նորեկ, բայց կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր տևական դադարից հետո վերադարձել են հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի առաջնությունից: Սա չի նշանակում, որ մենք աշխատանքները դադարեցնելու ենք այդ ուղղությամբ: Բայց իհարկե, այս պահին չունենք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ:

- Գեղամ Ղադիմյանը խաղում էր ձախ պաշտպանի դիրքում: Ի՞նչ կասեք նրա գործողությունների մասին:

- Ընկերական խաղերը շատ լավ հնարավորություն են, որ կարող ես փորձարկումներ կատարել: Գեղամը վերջին անգամ պատանի տարիքում էր խաղացել ձախ պաշտպանի դիրքում, բայց ես գոհ եմ նրա գործողություններից, չնայած՝ իհարկե կային թերացումներ: Բոլոր դիրքերում եթե կարողանանք ստեղծել մրցակցություն, կկարողանանք նաև առաջընթաց ապրել:

- Հաջորդ խաղը կանցկացնենք Կիպրոսի հավաքականի հետ, որը, կարծես, կարգով ավելի թույլ է: Ի՞նչ եք կարծում այսպիսի մրցակիցների հետ խաղալը նահանջ չէ՞ հայկական ֆուտբոլի զարգացման համար:

- Ինչպես նշեցի, մեր նպատակը մյուս տարի Ազգերի լիգայում հանդես գալն է, որտեղ խաղալու ենք կարգով ցածր հավաքկանների հետ: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի թիմերն են: Իհարկե, ցանկություն ունենք ավելի բարձր կարգի թիմերի հետ խաղալու: Մարտին և հունիսին ևս երկուական խաղեր անցկացնելու հնարավորություն ունենք, բանակցություններն ընթացքի մեջ են, չեմ նշի, թե որ հավաքականների հետ են ընթանում այդ բանակցությունները, բայց եթե ստացվի, կխաղանք բարձրակարգ թիմերի հետ: Ամեն դեպքոմ սա է մեր մակարդակը , պետք է սովորենք խաղալ այսպիսի թիմերի հետ:

Share |

Լրահոս