Հայաստան-Կիպրոս. Առաջին հաղթանակը տոնելու սպասումով

14:30 13.11.2017

Հայաստանի ազգային հավաքականն  այսօր՝ նոյեմբերի 13-ին, 2017 թվականի իր վերջին հանդիպումը կանցկացնի: Ընկերական հանդիպման շրջանակում մեր ընտրանին կմրցի Կիպրոսի հավաքականի հետ:

Դիմակայությունը տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին: Խաղը կցուցադրվի «Արմենիա TV»-ի ուղիղ եթերում:

Կիպրոսի հավաքականի հետ մեր ընտրանին լավ վիճակագարություն չունի: Երկու հավաքականների համար սա 6-րդ դիմակայությունն է: Նախորդ 5 խաղերում մեր տղաները մեկ անգամ ոչ-ոքի են խաղացել և 4 պարտություն կրել:

Պաշտոնական առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում և ավարտվել 0:0 հաշվով: Այդ ընտրական փուլի պատասխան խաղը կայացել է Կիպրոսում, որտեղ Էդուարդ Մարգարովի գլխավորած հավաքականը պարտություն է կրել 0:2 հաշվով:

Մնացած երեք հանդիպումները տեղի են ունեցել ընկերական խաղերի շրջանակում: Երկու անգամ Կիպրոսի և Հայաստանի ընտրանիները միմյանց հետ հանդիպել են Կիպրոսում անցկացված ընկերական մրցաշարերում:

2002 թվականի փետրվարի 4-ին կայացած խաղում մեր ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի համար առաջին գոլմ է խփել Կիպրոսի ընտրանու դարպասը: Չնայած այդ գոլն էլ չի օգնել հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվել է կիպրոսցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Այդ խաղում մեր թիմի երկրորդ գոլը հեղինակել է Արման Քարամյանը:

Հաջորդ անգամ երկու թիմերը հանդիպել են 6 տարի անց՝ կրկին Կիպրոսում անցկացվող ընկերական մրցաշարի ժամանակ: Հանդիպումը կայացել է 2006 թվականի մարտի 1-ին և ավարտվել Կիպրոսի` 2:0 հաշվով հաղթանակով:

Վերջին դիմակայությունը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 8-ին: Ընկերական խաղում մեր տղաները պարտություն են կրել 1:3 հաշվով: Միակ գոլը մեր հավաքականից խփել է Ռոբերտ Արզումանյանը:

Հայաստան-Կիպրոս հանդիպումից առաջ երկու թիմերն էլ մեկական ստուգողական հանդիպում են անցկացրել: Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է Բելառուսի ազգային հավաքականին: Կիպրոսի հավաքականն էլ նվազագույն հաշվով պարտություն է կրել Վրաստանի ազգային թիմից:

Երեկ Կիպրոսի ազգային ընտրանու ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ պատրաստվելով այսօր կայանալիք խաղին: Նրանք հայրենիք կվերադառնան այսօր երեկոյան:

Այս ընկերական խաղերի համար Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել մի քանի նորեկների, որոնք լավ տպավորություն թողեցին Բելառուսի հետ կայացած խաղում: «Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն, ազգային ընտրանու խաղաշապիկով առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ, դարձավ չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ: «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը նույնպես իր նորամուտը նշեց և բավականին վստահ խաղ անցկացրեց: Հավաքական հրավիրված նորեկներից խաղադաշտ դուրս չի եկել միայն «Արարատի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը:

Կարելի է նաև նշել, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն միացել  Գոռ Մալաքյանը, Սարգիս Ադամյանը, Ռոբերտ Դարբինյանը և Դավիթ Մանոյանը: 

 

Share |

Լրահոս