Մ21. Հայաստանի հավաքականը լարված վերջաբանով խաղում պարտվեց առաջատար Սերբիային

16:53 14.11.2017

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Սերբիայի Մ21 տարեկանների հավաքականին և նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց:

Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց հյուրերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:

Առաջին կեսում չնայած երկու թիմերի ունեցած մի շարք պահերին դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկրորդ կեսն անհամեմատ ավելի ակտիվ սկսեցին սերբ ֆուտբոլիստները՝ անընդհատ ուղիներ փնտրելով դեպի մեր ընտրանու դարպասը: Արդյունքում, խաղի 53-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո՝ Հենրի Ավագյանի դարպասին հետևած մի քանի վտանգավոր հարվածները հաջողությամբ եզրափակեց Ալեքսանդր Լուտովացը՝ բացելով խաղի հաշիվն ու առաջ մղելով իր թիմին: Ինչպես պարզվեց ավելի ուշ,  Լոտովացի գոլն էլ հաղթական էր լինելու սերբերի համար:

Եվս մեկ դրվագում մեր ընտրանուն անխուսափելի գոլից փրկեց հորիզոնական դարպասաձողը, իսկ հանդիպման վերջնամասում էլ սերբերը 2-րդ գնդակն ուղարկեցին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը, սակայն՝ խաղից դուրս վիճակից: Չափազանց լարված վերջնամասում մեր ֆուտբոլիստները խաղը փրկելու երկու իրական հնարավորություն ունեցան, սակայն անհավանական իրավիճակներում վրիպեցին: Նշենք՝ այդ դրվագներից մեկում Սերբիայի Մ21 հավաքականի կազմում ցավալի վնասվածք ստացավ Վուկաշին Յովանովիչը, որին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: 

Հանդիպման ավելացրած 3-րդ րոպեին մրցակցի առաջխաղացումը կանոնների խախտմամբ կասեցնելու համար այս խաղում իր երկրորդ դեղին քարտով զգուշացվեց Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արամ Քոչարյանն ու հեռացվեց խաղադաշտից:

Սերբիայի Մ21 հավաքականը գերազանց արդյունք է ցույց տալիս ընթացիկ շրջափուլում. թիմն, այս կերպ, տոնեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակն ու արդեն 15 միավորով է գլխավորում G խմբի մրցաշարային աղյուսակը: Իսկ Հայաստանի Մ21 հավաքականն այս պարտությունից հետո զիջեց դիրքերն ու նահանջեց 4-րդ հորիզոնական՝ 7 խաղից հետո վաստակած 7 միավորով:

Հիշեցնենք՝ ընտրական փուլի ևս մեկ հանդիպում Արթուր Ոսկանյանի սաներն անցկացրել էին նոյեմբերի 10-ին՝ 1:2 հաշվով պարտվելով Ռուսաստանի իր հասակակիցներին:

Share |

Լրահոս