Արթուր Ոսկանյան. Մեր երիտասարդները կորցրել են հավատը սեփական ուժերի նկատմամբ

17:40 14.11.2017

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Սերբիայի հետ խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

Հիշեցնենք՝ մեր ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն կրեց:

«Ես շատ պահանջկոտ եմ ու տղաներից ավելին էի ակնկալում, քան այսօրվա ցուցադրած խաղը: Նրանց էլ ասացի այդ մասին, պարտվել ենք ու դա շատ վատ է: Ամեն դեպքում ես նրանցից շնորհակալություն հայտնեցի նվիրվածության և մեծ ցանկության համար: Հասկանալով, թե Սերբիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն ինչ մակարդակով են խաղում, մեր տղաներն ամբողջ խաղի ընթացքում ստիպեցին, որ նրանք սխալվեն: Մինչև վերջին րոպեն տղաները պայքարեցին և կարող էինք այս խաղը փրկել: Չստացվեց: Ամեն դեպքում, ես շատ եմ հավատում մեր երիտասարդներին: Բայց նրանք են կորցրել հավատը սեփական ուժերի նկատմամբ, դա էլ հասկանալի է, թե ինչու: Պետք է հասկանանք, որ ակոմբներում ևս պետք է վստահեն այդ երիտասարդներին, նրանց խաղաժամանակ տրամադրեն, ոչ թե խաղան Առաջին խմբում, կամ ավելի ցածր:

Ամեն դեպքում, խաղից դժգոհ եմ, պարտվել ենք, բայց մինչև վերջին րոպեն կար ցանկություն, նվիրվածություն, պայքար, ինչն ամենալավն էր այս խաղում: Մի քանի օր առաջ Ռուսաստանի հետ շատ բարդ հանդիպում էինք անցկացրել, և ուրախալի է, որ այսօր կարողացանք նման խաղ ցուցադրել, մինչև վերջին րոպեն խաղալ ու ստիպել մրցակցին սխալվել:

- Էրիկ Վարդանյանը բացակայում էր թիմի հայտացուցակից: Նախորդ խաղից հետո նշած հիվանդությու՞նն էր պատճառը:

- Այո, նա դեռ լիովին չի ապաքինվել, տաքություն ուներ: Մենք էլ որոշեցինք, որ նա պետք է լիարժեք բուժվի:

- Պարոն Ոսկանյան, Արթուր Պետրոսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ երիտասարդական հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրանց մոտ կարծես առաջընթաց չի տեսնում, որպեսզի հրավիրի ազգային հավաքական: Համակարծի՞ք եք նրա հետ:

- 6 ամիս առաջ, այո, համակարծիք էի: Երիտասարդականը ֆուտբոլիստներ է ընտրում հիմնականում «Բանանցից» և «Փյունիկից»: Երբ մենք առաջին երկու խաղերն էինք անցկացնում Մոլդովայի և Ջիբրալթարի հետ, առաջնությունում հենց «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում մեծ թվով երիտասարդներ էին խաղում, նույնն էլ՝ «Փյունիկում»: Շատ լավ շրջան էին անցկացնում այդ թիմերն, ու տղաները լավ մարզավիճակում էին: Բայց դրանից հետո, «Բանանցում» սկսեցին ավելի քիչ խաղաժամանակ տրամադրել երիտասարդներին, իսկ «Փյունիկում» վատ շրջան սկսվեց ու մինչ օրս էլ տեսնում եք, թե ինչ դիրքերում է «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում: Դա իր ազդեցությունն ունեցավ ֆուտբոլիստների վրա: Արթուր Պետրոսյանն էլ նշեց, որ տվյալ ժամանակում չկային թեկնածուներ: Բայց հիմա արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց խաղով ցույց տվեցին, որ մոտ ապագայում կարող են լինել ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հենց այսօրվա խաղով կան ֆուտբոլիստներ, ովքեր առաջընթաց են ապրել և հետագայում կարող են համալրել ազգային հավաքականի կազմը: Բայց դա, իհարկե, Արթուր Պետրոսյանը պետք է որոշի:

- Օրեր առաջ Հայաստանի Մ19 հավաքականը լավ խաղով ոչ-ոքի գրանցեց Շոտլանդիայի հետ: Արդյոք հետևե՞լ եք այդ խաղին, և կա՞ն այնտեղ ֆուտբոլիստներ, որոնց կցանկանաք տեսնել արդեն երիտասարդականում:

- Հիշում եք՝ մինչև խաղը ես արդեն հրավիրել էի Վահան Բիչախչյանին, Արմեն Նահապետյանին, Հովհաննես Հարությունյանին: Շատ լավ խաղ էր: Նշել էի, որ Բիչախչյանը շատ ավելի մեծ օգուտ կտա 19-երում, ու ուրախ եմ, որ չսխալվեցի. երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Հուսով եմ՝ այսօր էլ կկարողանա երկու և ավելի գոլ հեղինակել: Աստված տա: Իհարկե հետևում եմ մեր բոլոր տարիքային հավաքականներին, պատանի ֆուտբոլիստները ևս մշտապես մեր դիտակետում են: Կան ֆուտբոլիստներ, ովքեր մրցակցություն կստեղծեն: Մեր երիտասարդները կզգան, որ իրենցից ավելի երիտասարդներն իրենց հետևից գալիս են:

Share |

Լրահոս