Լևոն Հայրապետյան. Ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաև մրցավարի հետ

14:07 14.11.2017

Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձել է հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լևոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Նա  նշել է, որ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010 թվականին.

«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կարծում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը ևս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաև մրցավարի հետ:

Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսևորել ընթացիկ տարում:

Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում Մխիթարյանն ավելի մեծ կամք դրսևորեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Լեւոն Հայրապետյանը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը: Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանն էլ արժանացել են բրոնզե մեդալների:

Share |

Լրահոս