Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» «Անոետա» ստադիունում հյուրընկալել էր «Ռեալ Մադրիդին»։ «Արքայական» ակումբը դժվարությամբ հաղթեց մրցակցին 2-1 հաշվով։ Առաջին գոլը իր անվան դիմաց գրանցեց Սերխիո Ռամոսը։
«Սոսիեդադի» դարպասը 11-մետրանոցից ուղարկած գնդակը պատմական դարձավ «Ռեալի» 34-ամյա ավագի համար։ Սա Ռամոսի 68-րդ գոլն էր Լա լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձավ Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն պաշտպանների շրջանում։
Նախկինում ամենաարդյունավետ պաշտպանի կոչումը կրում էր Ռոնալդ Կումանը 67 գոլով։ Ռամոսը 2 տուր առաջ հավասարվել էր Կումանին, իսկ այսօր արդեն գերազանցեց նրա ցուցանիշը։
Ռամոսը հանդես է գալիս Լա լիգայում 2004 թվականից։ Մեկ մրցաշրջան նա անցկացրել է «Սևիլիայում»։ 2005 թվականից մինչև օրս խաղում է «Ռեալում»։ 68 գոլերից 66-ը իսպանացի պաշտպանը խփել է «Ռեալի» կազմում, 2-ը՝ «Սևիլիայի»։