Մ19. Հայաստանի հավաքականն ավարտեց իր մրցելույթները մարտական ոչ-ոքիով (տեսանյութ)

23:31 14.11.2017

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի 3-րդ տուրում մրցում է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Հանդիպումը շատ ակտիվ սկսեց մեր ընտրանին: Անընդհատ ճնշման տակ պահելով մրցակցին՝ հանդիպման 7-րդ րոպեին մերոնք բացեցին խաղի հաշիվը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում Հայաստանի ընտրանին նույնպես ուներ առավելություն, սակայն չկարողացավ այն գոլի վերածել:

Երկրորդ կեսի մեկնարկում Լյուքսեմբուրգի հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Դարպասպահի սխալից օգտվելով՝ 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վինսենտ Թիլը:

Հանդիպման 64-րդ րոպեին մեր ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Այս գոլը երիտասարդ ֆուտբոլիստի համար երրորդն էր ընթացիկ մրցաշարում:

73-րդ րոպեին Լյուքսեմբուրգը կրկին գոլի հեղինակ դարձավ: Տուգանային խաղարկումից հետո խառնաշփոթ ստեղծվեց մեր հավաքականի տուգանային հրապարակում, որտեղ ամենից շուտը կողմնորոշվեց Կևին Դ՛Անզիոն և հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում հավասար պայքար էր ընթանում խաղադաշտում և հանդիպումն հենց այդպես էլ ավարտվեց՝ 2:2 հաշվով:

Զուգահեռաբար ընթացող խաղում Չեխիայի Մ19 տարեկանների հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Շոտլանդիայի ընտրանուն:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 2 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Եվրոպայի առաջնության հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Չեխիայի և Շոտլանդիայի ընտրանիները, համապատասխանաբար զբաղեցնելով առաջին (9 միավոր) և երկրորդ (4 միավոր) հորիզոնականակնները: Լյուքսեմբուրգն իր հաշվին գրանցեց մեկ միավոր և եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով

Հայաստան - Մելիքյան, Գեղամյան, Ղարիբյան, Խաչումյան, Վարդանյան, Մելքոնյան, Նահապետյան, Հարությունյան, Նալբանդյան, Ասիլյան, Բիչախչյան 

Լյուքսեմբուրգ - Կարելս, Սակրաս, Դ՛Անզիո, Բյելիչ, Մարտինս, Տինելի, Բորգես, Թիլ, Շաուս, Դրագուլովկանին, Դելգադո:  

Հայաստան-Լյուքսեմբուրգ՝ 2:2

Գոլը՝ Հարությունյան (7), Բիչախչյան (64) - Թիլ (53), Դ՛Անզիո (73)

Տեսանյութերը` ստորև.

Share |

Լրահոս