Դավիթ Սախվաձե. Սուսերամարտի ԵԱ-ն կօգնի մարզաձեւը զարգացնել Հայաստանում և տարածաշրջանում

14:11 15.11.2017

Երևանում ընթանում է սուսերամարտի Մ23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են նաև վրացի մարզիկները:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հրավերով այս օրերին Հայաստանում է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Սախվաձեն, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով՝ նման մրցաշարերը նպաստում են ոչ միայն մարզիկների առաջընթացին, այլև երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալը ներկա է եղել առաջնությանը, այցելել «Դինամո» մարզահամալիր, որտեղ 2018 թ. ապրիլի 15-20-ը կայանալու է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը.

«Մարզահամալիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այնտեղ կարելի է անցկացնել տարբեր առաջնություններ: Ծանոթացել եմ նաև հյուրանոցային պայմաններին, շատ գոհ եմ: Աշխատանքները ճիշտ ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցնի բարձր մակարդակով:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը շատ կարևոր է մասնակից երկրների և երիտասարդ սուսերամարտիկների համար, քանի որ վերջիններս ազգային հավաքականի շեմին են: Այստեղ նրանք փորձում են լավագույն կերպով հանդես գալ՝ իրենց երկրների գլխավոր թիմում ընդգրկվելու համար»,- ՀԱՕԿ-ի լրատվականին ասել է Դավիթ Սախվաձեն:

Վրացի մասնագետի կարծիքով նման մեծամասշտաբ առաջնությունները կխթանեն սուսերամարտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Share |

Լրահոս

Loading...