ՉԼ. Comeback! Սևիլիան գերանհավանական հրաշք արարեց (տեսանյութ)

01:43 22.11.2017

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության E խմբի 5-րդ տուրում իսպանական «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուանում» ընդունեց անգլիական «Լիվերպուլին»:

Մրցող թիմերի միջև կայացած անհավանական խաղն ավարտվեց տանտերերի ֆանտաստիկ քամբեքով` 3:3:

Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն: 22-րդ րոպեին «մերսիսայդցիների» կիսապաշտպան Սադիո Մանեն կրկնապատկեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին Ֆիրմինոն դարձավ դուբլի հեղինակ:

«Սևիլիան» երկրորդ խաղակեսում կարողացավ իր մեջ ուժ գտնել և պայքարել փրկության համար:

51-րդ րոպեին Վիսամ Բեն Յեդերը կրճատեց հաշվի տարբերությունը: 60-րդ րոպեին «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ալբերտո Մորենոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները տանտերերի հարձակվող Վիսամ Բեն Յեդերի նկատմամբ:Բեն Յեդերն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը, սակայն հանդիպման մրցավար Ֆելիքս Բրիխը կրկնել տվեց այն, քանի որ «Սևիլիայի» ֆուտբոլիստները ժամկետից շուտ ներխուժեցին մրցակցի տուգանային հրապարակ:Ֆրանսիացին երկրորդ հարվածը նույնպես իրացրեց անվրեպ և հաշիվը դարձրեց 2:3:

Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում «Սևիլիայի» կիսապաշտպան Գիդո Պիսարոն դարձավ իր թիմի 3-րդ գոլի հեղինակը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս խաղից հետո E խմբի աղյուսակում «Լիվերպուլը» 9 միավորով շարունակեց զբաղեցնել առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում ընթացող «Սևիլիան» 8 միավոր ունի:

3-րդ տեղում գտնվող Մոսկվայի «Սպարտակը» վաստակել է 6 միավոր, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնող «Մարիբորը» 5 խաղից հետո ունի 2 միավոր:

Հիշեցնենք, որ խմբի վերջին տուրում «Սպարտակն» Անգլիայում կմրցի «Լիվերպուլի» հետ, իսկ «Սևիլիան» կուղևորվի Սլովենիա:

«Սևիլիա»-«Լիվերպուլ»` 3:3

Գոլերը` Բեն Յեդեր (51, 60), Պիսարո (90+3) - Ֆիրմինո (2, 30), Մանե (22)

Share |

Լրահոս