Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստները պարգևատրվել են ՀՀ ԱԺ պատվո մեդալով (լուսանկարներ)

15:20 11.01.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հունվարի 11-ին հանձնելով պարգևները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է.

«Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք և Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը»:

Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգևել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր:

«Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք» ,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ևս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաև «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը:

20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև մարզական նվաճումները:

«Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաև հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

 

Share |

Լրահոս