Կայացել է շախմատի Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը

20:13 11.01.2018

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց շախմատիստներին անցած տոների կապակցությամբ և հաջողություն մաղթեց նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:

«Մեր ազգային առաջնությունը շատ հետաքրքիր մրցաշար է դարձել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային շախմատի հասարակության համար: Բոլորին հաջողություն եմ մաղթում, իսկ հաղթողները թող հետագայում օգտակար լինեն ազգային հավաքականներին»,-ասաց Սմբատ Լպուտյանը:

Առաջնության գլխավոր մրցավարներ Աշոտ Վարդապետյանը և Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ծանոթացրին առաջնության ընթացակարգին: Երկրի չեմպիոնները կհամալրեն ազգային թիմերի շարքերը: Հավաքականների կազմավորման հարցի հետ կապված փոփոխությունների մասին ՀԱՕԿ լրատվականը երեկ հայտնել էր: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի խոսքով նոր մոտեցումը կսրի ազգային հավաքականում թափուր տեղի համար մրցակցությունը, լրացուցիչ հնարավորություն և մոտիվացիա կտա, այդ թվում երիտասարդ շախմատիստներին.

«Առողջ մրցակցությունը միայն օգուտ կբերի հավաքականին»,-ասաց Միքայել Անդրիասյանը:

Կանանց 73-րդ առաջնությանը (հունվարի 12-20, 9 տուր, առանց հանգստյան օրերի), կմասնակցի տասը շախմատիստուհի: Վիճակահանության արդյունքներով առաջին տուրում միմյանց հետ կխաղան Մարիա Գևորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով հունվարի 12-ից 21-ը: Միջին վարկանիշով սա ուժեղագույնն է հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած առաջատարների բացակայությանը, մրցաշարի միջին վարկանիշը 2560 է, ինչը նրան տալիս է ՖԻԴԵ-ի 13-րդ կարգ: Մասնակցում է ինը գրոսմայստեր և երկու միջազգային վարպետ: Վերջին երկուսի համար գրոսմայստերական նորմ է սահմանված (10 հնարավորից 5.5 միավոր ): Կենտ թվով մասնակիցների քանակով պայմանավորված յուրաքանչյուր շախմատիստ մեկ օր կհանգստանա:

Առաջին տուրում կհանդիպեն. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան:

Տիգրան Հարությունյանն ազատ է:

Share |

Լրահոս