Ռուբեն Հայրապետյան. Մխիթարյանի`Այաքսին խփած գոլն ավելի շատ ճանաչում է բերել հայերին, քան մնացած մարզաձևերը

17:03 12.01.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին.

«Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ հավաքականի ընկերական խաղից հետո: Այդ ժամանակ որևէ լարվածություն կամ խնդիր չկար:

Ես համարյա գիտեմ այնքան, որքան` դուք: Ճիշտ է` մի փոքր ավելին գիտեմ, բայց դեռ չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչ է եղել: Ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են լավանալ կամ վատանալ, պետք չէ հիմա շատ ագրեսիվ և ակտիվ կերպով մտնել նրանց աշխատանքային գործունեության մեջ և խանգարել: Կարծում եմ` պետք է համբերել: 

Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Մխիթարյանը կարող է խաղալ եվրոպական ցանկացած բարձրակարգ ակումբում: Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին, քանի որ նա այնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ իր տեղը միշտ կունենա մեկնարկային կազմում:

Գիտեմ, որ նրա տեղափոխության հարցը քննարկվում է, կարդացել եմ, բայց դեռևս որևէ հստակություն չկա»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ-ի նախագահը խոսել է նաև Մխիթարյանի` տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելու մասին.

«Ինչպես եմ վերաբերվում նրան, որ Մխիթարյանի անունը չկար մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի տասնյակու՞մ. նորմալ: Այդ լրագրողները թող իրենց մտքի, խղճի և աչքերի առաջ պատասխան տան: Եթե նրանք հանձնարարություն ու պատվեր կատարող մարդիկ են, ի՞նչ կարող եմ ասել: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Մխիթարյանն արժանի՞ է տասնյակում լինելուն, թե ոչ, ես ավելի արժանի մեկին չեմ տեսնում: Իհարկե, բոլոր այն մարզիկները, ովքեր միջազգային ասպարեզում Հայաստանի դրոշն ու պատիվը բարձր են պահել, բոլորն էլ արժանի են: Ես նրանց առջև գլուխ եմ խոնարհում: Բայց Մխիթարյանի` տասնյակում ընդգրկվելը որոշել է հանրությունը:

Շատերն էին քննադատում, թե ինչ է արել Մխիթարյանը Հայաստանի համար, ասեմ: Բոլորդ գիտեք` ըմբշամարտ, ծանրամարտ ..սրանք այն մարզաձևերն են, որոնցով քիչ երկրներ են զբաղվում, և ունեն շատ քիչ հանդիսատեսներ: Խնդրում եմ` ճիշտ հասկացեք:Չեմ ցանկանում նսեմացնել որևէ սպորտաձև: Ինձ համար ցանկացած սպորտաձև ունի իր բարձր տեղն ու դիրքը: Գիտեք` ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում: Բոլոր այդ մարզաձևերը միասին միլիարդից ավել մարդ դիտե՞լ է, ավելի շա՞տ են դիտել, քան ԵԼ-ի եզրափակչի խաղը, որից հետո Մխիթարյանը դրոշն ուսերին, ԵԼ-ի Գավաթը ձեռքին քայլում էր դաշտում ... իհարկե, ոչ: Ոչ ոք ինձ չի կարող ապացուցել, որ Մխիթարյանի` ԵԼ-ի եզրափակչում «Այաքսի» դարպասը խփած գոլն ավելի քիչ ճանաչում է բերել հայերին, քան մնացած մարզաձևերը:

Չեմ ցանկանում նսեմացնել ոչ մի մարզաձևի և մարզիկի, եթե ես լինեի որոշողը, լավագույնի կոչումը կտայի Արոնյանին: Նա տարին 12 ամիս պայքարում է Հայաստանի դրոշի, Հայաստանի անվան համար: Կարծում եմ` Արոնյանը շատ-շատ ավելի մեծ դեր ունի, քան այն մարդիկ, ովքեր քննադատում են: Ամեն դեպքում, ես ցավում եմ Հայաստանի սպորտի համար` որպես ՀՀ քաղաքացի, տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներն էլ արժանի են հարգանքի: Հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով, ինձ համար նա ֆանտաստիկ մարզիկ է, երբ տեսնում եմ նրա դեմքը, պայծառանում եմ: Որպես հայ մարդ` հպարտանում և ուրախանում եմ բոլոր մարզիկների հաջողություններով: Քվեարկության կարգը ևս նորմալ եմ գնահատում: Շատ լավ է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սկսեց զբաղվել այս մրցանակաբաշխությամբ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

 

Share |

Լրահոս