Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները. LIVE

20:37 22.01.2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:


«ArmSport.am»-ն իր ընթերցողներին է ներկայացնում տրանսֆերային վերջին թարմացումները հայ ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված.

22:00 ՎԵՐՋ.....!!! Մխիթարյանն«Արսենալի» ֆուտբոլիստ է 

«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Գործարքի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ. 

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:

20:41. «Արսենալի» նախկին հարձակվող Քևին Քեմբելը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա փոխարինել Ալեքսիս Սանչեսին:

««Արսենալն» այլևս չունի Սանչեսի կարիքը, քանի որ թիմ է տեղափոխվում Մխիթարյանը: Եթե Օզիլը լքի «Արսենալը», ապա Մխիթարյանը կդառնա փլեյմեյքեր:

Կարծում եմ, որ ծրագիր կա, թե ինչպես պետք է աշխատի Օզիլ-Մխիթարյան զույգը»,- Քեմբելի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: 

17.25. «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսի տեղափոխության մասին կհայտարարի այն ժամանակ, երբ առաջինն «Արսենալը» հաստատի Մխիթարյանի տրանսֆերը»,- գրում է չիլիացի մարզական լրագրող Մաքս Կարդենասը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

17:15. Ըստ «Express»-ի՝ Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:

Ակումբները սպասում են, որ խաղացողները ստորագրեն պայմանագրերը, այնուհետև տրանսֆերի մասին հայտնեն պաշտոնապես:

Մինչև այդ, Մխիթարյանին ու Սանչեսին նկատել են Լիվերպուլի միգրացիոն գրասենյակ այցելելիս, որտեղ խաղացողները լուծել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցերը:

 

 

 

 

16:30. «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին գրում է, որ «Արսենալը» հույս ունի Մխիթարյանի և Օբամեյանգի ձեռքբերումների միջոցով Օզիլին համոզել նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ:

Գերմանացին շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ է ցանկանում: «Յուվենտուսն» ու «Ինտերը» հետևում են իրադարձությունների զարգացմանը:

15:40 «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են համագործակցել միմյանց հետ.

«Պետք է խաղադաշտ դուրս բերել լավագույններին: Մխիթարյանը և Օզիլը կարող են շատ լավ համագործակցել: Իվոբին, Օզիլը, Ուիլշերը և Լակազետը խաղացին «Քրիսթալ Փելասի» հետ: Նրանք բոլորն էլ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ էին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Metro»-ն:

13:30. Մխիթարյանի սոց.ցանցային գրառումները դեռևս վերաբերում են իր ծննդյան տարեդարձին: Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ շնորհավորանքների համար.

13:10. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներից մեկը Մխիթարյանին բարի գալուստ է մաղթում, ինչին ի պատասխան Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել նրան:

 

11:34. «Արսենալի» երկրպագուներն անհամբերությամբ են սպասում Մխիթարյանի տրանսֆերի հաստատմանը ու սոցիալական կայքերում շարունակում են տարատեսակ լուսանկարներով և տեսանյութերով բարի գալուստ մաղթել հայ ֆուտբոլիստին.

11:00. Համացանցում է հայտնել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով առաջին լուսանկարը: 

«Manchester United Evening News»-ը գրում է, որ ՄՅՈւ-ի լուսանկարիչները Սանչեսին նախ դիմավորել են Մանչեսթերի օդանավակայում, ուր նա ժամանել է մասնավոր ինքնաթիռով: Իսկ բուժզննումն անցնելուց հետո ֆուտբոլիստն ուղևորվել է «Օլդ Թրաֆորդ», որտեղ մասնակցել է պաշտոնական ֆոտոնկարահանման, և ժամեր անց 29-ամյա ֆուտբոլիստի` ՄՅՈւ-ի մարզաշապիկով «սելֆի» անելու լուսանկարը հայտնվել է համացանցում:

Սանչեսը, որի տրանսֆերի մասին պաշտոնապես, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի այսօր, ՄՅՈւ-ում իր նոր թիմակիցների հետ կմարզվի արդեն վաղը` հունվարի 22-ին:

22.01.2018/ 00:34. Լոնդոնյան մեկ այլ ակումբի` «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը թերահավատորեն է մոտեցել Մխիթարյան-Սանչես փոխանակմանը:

«Սա լավագույն գործարքն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Չթերագնահատելով Մխիթարյանին` կարծում եմ, որ «Արսենալը» չուներ նրա կարիքը: Հենրիխը գործարքի մի մասն է կազմում, սակայն արդյո՞ք նա պետք էր «Արսենալին» առաջադիմելու համար»,- Լեմպարդի խոսքն է մեջբերում «express»-ը:

23:40 «Sky Sports»-ը հայտնում է, որ Սանչեսը հաջողությամբ բուժզննում է անցել և լքել է Քարինգթոնը:

Այսօր ֆուտբոլիստն «Instagram»-ի էջում տեսանյութ էր հրապարակել: Տեսանյութում երևում է այն ինքնաթիռը, որով նա պետք է ժամաներ Մանչեսթեր:

 

 

21:15 «Mirror»-ը հայտնում է, որ Մխիթարյանն ավելի շատ աշխատավարձ կստանա «Արսենալում», քան ստանում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Լրատվամիջոցը վստահեցնում է, որ հայ կիսապաշտպանի աշխատավարձը լոնդոնյան ակումբում կկազմի ավելի քան 200 հազար ֆունտ սթերլինգ: Մանկունիանցիների կազմում նա շաբաթական ստանում էր 150 հազար ֆունտ սթերլինգ:

17:51 Ալեքսիս Սանչեսը ժամանել է Մանչեսթեր, որտեղ բուժզզնում պետք է անցնի «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

«Express»-ը գրում է, որ չիլիացին հատուկ ինքնաթիռով է ժամանել Մանչեսթեր, իսկ տեղափոխության մասին «կարմիր սատանաները» պատրաստվում են հայտարարել երկուշաբթի:

15:55. «Mirror»-ը փորձել է հասկանալ, թե ինչու է հավանական, որ տրանսֆերներն ավարտին կհասցվեն վաղը` հունվարի 22-ին.

«Քանի որ Սանչեսն ու Մխիթարյանը եվրոպական գոտու խաղացողներ չեն, իրենց նոր ակումբները պետք է հաստատեն ֆուտբոլիստների աշխատանքային թույլտվությունը»:

Այդուհանդերձ, բրիտանական պարբերականները գրեթե վստահ են, որ թե' Սանչեսը և թե' Մխիթարյանն այսօր կանցնեն բուժզննումն իրենց նոր ակումբներում:

15:40. Բրիտանական հեղինակավոր «Goal.com»-ն այսպես է շնորհավորել Մխիթարյանին.

«Արսենալ» տեղափոխությունը կդառնա՞ այս տարվա գլխավոր նվերը»,- գրում է ինտերնետ պարբերականը:

14:10Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն «Instagram»-ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել և շնորհավորել ֆուտբոլիստին ծննդյան 29-ամյակի առթիվ (տեսանյութն` այստեղ).

«Շնորհավոր հիանալի մարդու և հրաշալի ֆուտբոլիստի ծննդյան օրը... Երբեք մի փոխվիր»,- գրել է Մոնիկան:

13:45. «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի ֆուտբոլիստ Մարկոս Ռոխոն հանգստյան օրերն անցկացնում է Լոնդոնում, որտեղ հանդիպել է նաև Հենրիխ Մխիթարյանին.

13:00. «BBC»-ի լրագրող Սայմոն Սթոունը գրում է, որ ի սկզբանե «Յունայթեդը» Սանչեսի համար 30 մլն ֆունտ է առաջարկել և Մխիթարյանին, սակայն Էդ Վուդվորդին հաջողվել է հասնել Մխիթարյանի ուղիղ փոխանակմանը Սանչեսի հետ:

2:30 Մխիթարյանն արդեն Լոնդոնում է

Ֆուտբոլիստին «Sky Sports»-ի լրագող Բրայան Սվենսոնը նկատել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում: Մխիթարյանը ժպտացել է, երբ նրան հարցրել են «Արսենալ» տեղափոխության մասին: Հենրիխը դուրս է եկել հյուրանոցից Մինո Ռայոլայի հետ:

01:06 «BBC»-ի լրագրող Դևվիդ Օրնսթեյնը հայտնում է, որ Մխիթարյանի ու «Արսենալի» միջև բանակցությունները վերջնականապես ավարտվել են: Լոնդոնցիների հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ ուղևորվելու է հակառակ ուղղությամբ:

Հայ ֆուտբոլիստը առաջիկա երկու օրվա ընթացքում բուժզննում կանցնի:

21.01.2018/ 00:01 Չիլիացի լրագրող Մաքս Կարդենասը հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսը բուժզննում է անցում «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ լրագրողի՝ Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 21-ին:

21:33 «Սանչեսը թիմից կհեռանա այն ժամանակ, երբ Մխիթարյանը տեղափոխվի «Արսենալ»: Գործարքը կարող է կայանալ առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այդպիսի հնարավորություն կա»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Քրիսթալ Փելասի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ

19:06 «Sky Sport»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մխիթարյանն ու «Արսենալը» համաձայնության են եկել: 

17:15. Ֆրանսահայ լրագրող Տիբո Վեզիրյանը, որն օրեր առաջ հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», քիչ առաջ «Թվիթերում» գրառում է կատարել և հավաստիացրել, որ գործարքի մասին շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի.

«Ինչպես` երեքշաբթի հայտնել էի` Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»: Ամեն ինչ հենց այդպես է: Շուտով կլինի նաև պաշտոնական հաստատումը, համբերություն ընկերներ»,- գրել է Վեզիրյանը:

17:00. «Sky Sports»-ի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է, որ բանակցությունները վերջին փուլում են գտնվում.

«Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ» և Մխիթարյանը` «Արսենալ». բանակցությունները վերջին փուլում են»,- գրել է իտալացի լրագրողը:

 

 

16:47. «TheGuardian»-ը գրում է, որ Մխիթարյանն ու «Արսենալը» բանակցությունների վերջին փուլում են և տրանսֆերին խանգարող ոչ մի հանգամանք չկա: Տեղափոխության մասին կհայտարարվի այսօր: 

14:00. «Mirror»-ը գրում է, որ Սանչեսն այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»: Պարբերականը հակված է կարծել, որ ՄՅՈւ-ն կարող է մինչև «Բերնլիի» հետ խաղը հայտարարել չիլիացու տեղափոխության մասին: ԱՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումը, հիշեցնենք, կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 19:00-ին:

 13:40. «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են միաժամանակ հայտարարել Սանչեսի և Մխիթարյանի փոխանակման մասին, գրում է «Independent»-ը:

11:31. «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբի իր թիմակիցներին, իսկ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ, հայտնում է «Daily Mail»-ը: 

Հիշեցնենք` նույն աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ ՄՅՈւ-ի իր թիմակիցներին հրաժեշտ էր տվել նաև Մխիթարյանը և չէր կարողացել զսպել արցունքները:

11:15. «Manchester Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին հայտնում է, որ Մխիթարյանն առաջիկա 36 ժամերի ընթացքում կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստը: Երեկ «զինագործները» վերջնականապես համաձայնեցրել են պայմանագրի կետերը: Տեղափոխվելով «Արսենալ»` Մխիթարյանը շաբաթական 175 հազար ֆունտ կստանա:

11:08. «Independent»-ի տեղեկություններով, Մխիթարյանն ու Սանչեսն այս հանգստյան օրերին բուժզննում կանցնեն:

20.01.2018/ 10:35. «Manchester Evening News»-ը գրում է, որ Մխիթարյանն արցունքն աչքերին է հրաժեշտ տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին «Քերինգթոնի» մարզաբազայում.

«Շատ արցունք կար, չէ՞ որ Մխիթարյանը հայտնի մարդ էր «Յունայթեդում»: Գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ նրանից, թե այս գործարքն ինչպես է իրեն պարտադրվում: Հենրիխը հասկանում է, որ «Արսենալում» ավելի շատ խաղաժամանակ կստանա, բայց կցանկանար հեռանալ իր պայմաններով»,- պատմել է ներկաներից մեկը:

23:05. Մխիթարյանը թիմակիցներին հրաժեշտ տալուց հետո ուղևորվել է Լոնդոն, որտեղ հանդիպելու է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ,- գրում է «Daily Mail»-ը:

21:24. «Express»-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած վերջին մարզումից հետո հրաժեշտ է տվել թիմակիցներին և չի կարողացել զսպել արցունքները:

20:00. «The Telegraph»-ը եզրակացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» հանդես է գալու Ալեքսիս Սանչեսի դիրքում` հարձակման ձախ եզրում:

18:11. «Sky Sports»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Սանչեսի տեղափոխությունը կայացած է և այժմ հերթը Մխիթարյանինն է, ով պետք է համաձայնության հասնի «Արսենալի» հետ:

17:43. «Տեղյակ չեմ, թե արդյոք Սանչեսի տեղափոխությունը կախված է Մխիթարյանից: Մարդիկ մտածում են, որ բանակցությունների ժամանակ մարզիչները մեծ դեր են խաղում, սակայն ես հանգիստ սպասում եմ նորությունների, ոչ ավելին»-,ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ:

17:28 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարնլիի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տալիս, որտեղ խոսել է նաև Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության մասին.

«Այս պահին Սանչեսն «Արսենալի» խաղացող է, իսկ Մխիթարյանը դեռևս ոչ մի տեղ չի գնում: Ցանկանում եմ կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Մխիթարյանը չի լինի թիմի հայտացուցակում, սակայն գտնվում է լավ մարզավիճակում, ինչպես մյուսները»,- ասել է Մոուրինյուն: 

16:00. «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնսթեյնը «Թվիթերում» գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր Սանչես-Մխիթարյան փոխանակման շուրջ որևէ զարգացում պետք չէ ակնկալել.

«Այսօր Ալեքսիսի և Մխիթարյանի վերաբերյալ որևէ իրադարձություն չի սպասվում: Դեռ պետք է համաձայնության գալ, քանի որ Մխիթարյանի գործարքի հարցում որևէ առաջընթաց չկա: «Արսենալը» հույս ունի, որ կավելացվի նաև Օբամեյանգը: Բանակցությունները շարունակվում են: Մալկոմի հետ ամեն ինչ վերջացած է. բանակցություններ եղել են, բայց արդյունքում ֆուտբոլիստին չափազանց անփորձ են համարել»:

15:25. «Goal.com»-ի հավաստմամբ Մխիթարյանն ու «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերջնականապես համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Սանչեսի տեղափոխության մասին էլ սպասվում է` պաշտոնապես կհայտարարվի այսօր:

15:19. «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլեյը նշում է, որ Մխիթարյանն այսօր չի հասցնի բուժզննում անցնել «Արսենալի» համար և տեղափոխությունն, ամենայն հավանականությամբ, այսօր տեղի չի ունենա:

Կիսապաշտպանը դեռևս Մանչեսթերում է և ժամանել է թիմի մարզմանը: Սանչեսի տեղափոխության մասին նույնպես կարող է հայտարարվել վաղը:

14:25. «Sky Sports»-ի հավաստմամբ Մխիթարյանն այսօր ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» Քերինգթոն մարզաբազա:

 

13:45. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ լոնդոնյան ակումբի երկրպագուները համակերպվել են Սանչեսի տեղափոխության հետ: Նա նաև նշել է, որ այս տրանսֆերին համակերպվելն այնքան էլ ծանր չի լինի, քանի որ այն փոխանակում կլինի.

«Սա միակողմանի տրանսֆեր չի լինի, կլինի փոխանակում: Մենք կստանանք մեկ այլ ֆուտբոլիստի, որը կարծում եմ` կարող է փոխարինել Սանչեսին»:

12:00. Գերմանական ZDF հեռուստաընկերությունը հայտնում է, որ ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերներն «Արսենալ» արդեն ավարտված են: Մնում է սպասել պաշտոնական հաստատմանը:

11:29. «Manchester Evening News»-ը գրում է, որ մանկունացիները մտադիր են այսօր` մինչև կեսօր, վերջնականապես ձևակերպել 29-ամյա չիլիացու տրանսֆերը, որպեսզի հասցնեն ֆուտբոլիստին հայտավորել ԱՊԼ-ի` հունվարի 20-ին «Բերնլիի» հետ կայանալիք խաղին:

Չիլիացու տրանսֆերի հանգուցալուծումը, կարծես, մոտ է, իսկ մենք շարունակում ենք հետևել Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ նորություններին:

19.01.2018/ 01:49. «Express»-ը գրում է, որ Ալեքսիս Սանչեսը դեռևս Լոնդոնում է, որտեղ սպասում է, թե վերջապես երբ համաձայնության կգան «Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը: 

Մինչև այդ, չիլիացուն դպրոցականները տեսել են Լոնդոնում գտնվող վարսահարդարման սրահներից մեկի մոտ և հարցրել են, թե նա տեղափոխվելո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդ» : Ֆուտբոլիստը ոչինչ չի պատասխանել և շարունակել է լուռ լուսանկարվել երկրպագուների հետ: 

22:54 Մարզական լրագրող Խոսե Ալվարես Հայան գրում է, որ Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կայանալու է անկախ ամեն ինչից: Չիլիացու տրանսֆերին խանգարող միակ հանգամանքը Հենրիխ Մխիթարյանն է, ով չի կարողանում համաձայնության գալ «Արսենալի» հետ:

Խոսե Ալվարես Հայան նշում է, էր եթե նույնիսկ Մխիթարյանը չհամաձայնվի փոխել ակումբային գրանցումը, ապա Սանչեսը կտեղափոխվի «կարմիր սատանաների» կազմ մեծ գումարի դեպքում: 29-ամյա խաղացողն առաջիկա ժամերին կմեկնի Մանչեսթեր` բուժզննում անցնելու համար:

21:54 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մխիթարյանը «Instagram»-ի իր էջում մարզումային լուսանկար էր հրապարակել: 

Լուսանկարի մեկնաբանություններում «կարմիր սատանաների» երկրպագուները խնդրել են հայ ֆուտբոլիստին չհեռանալ ակումբից.

20:33 Մարզական լրագրող Մաքս Կարդենասը հայտնում է, որ Սանչեսի ընտանիքն ու ընկերներն արդեն Մանչեսթերում են, որտեղ սպասում եմ իրադարձությունների հետագա զարգացմամը: Ֆուտբոլիստն իր գործակալի հետ դեռևս Լոնդոնում է:

20:01 Մանչեսթերում գտնվող «Adidas»-ի խանութում սկսել են վաճառել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի անվամբ «Մանչեսթեր Յունայթեդի» 7 համարի խաղաշապիկներ:  

Այս մասին հայտնում է «Express»-ը: Հիշեցնենք, որ Սանչեսի տեղափոխությունը «կարմիր սատանաների» կազմ կկայանա միայն այն դեպքում, երբ հակառակ ուղղությամբ տեղի ունենա Մխիթարյանի տրանսֆերը:

19:51 «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ուրախությամբ կընդունի Մխիթարյանին «զինագործների» կազմում.

«Ես նրան ճանաչում եմ Բունդեսլիգայից և մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ Պրեմիեր լիգայի շրջանակում: Նա հիանալի ֆուտբոլիստ է` մի շարք բարձր որակներով: 

Ուրախ կլինեմ նրա հետ խաղալ նույն թիմում, սակայն ավելին ասել չեմ կարող: Չգիտեմ, թե իրականում ճիշտ են այս խոսակցությունները և ինչ կլինի պագայում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Independent»-ը:

19:25 «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ Մխիթարյանն անհրաժեշտ չէ լոնդոնյան ակումբին

«Նա չընտելացավ «Մանչեսթեր Յունայթեդին» խաղին: Կարծում եմ, որ նա չունի հաղթողի մտածելակերպ: Հաճախ նա ինձ հիշեցնում է Մեսութ Օզիլին: Դու պետք է նրան ճնշման տակ պահես, որպեսզի ցույց տա իր հաղթողի բնավորությունը և լավագույն որակները:

Իհարկե, նա իսկական պրոֆեսիոնալ է, սակայն կարծում եմ, որ չի համապատասխանում «Արսենալին»: Նրանց այլ դիրքի խաղացողներ են պետք»,- Պետիի խոսքերը մեջբերում է «Express»-ը:

18:55. «Dailystar»-ը գրում է, որ Մխիթարյանի երկու սիրելի համարները «Արսենալում» զբաղված է: 10 համարով հանդես է գալիս Ջեք Ուիլշերը, իսկ 22 համարը, որն այժմ նա կրում է «Մանչեսթեր Յունայթեդում», պատկանում է Ջեֆ Ռեինե Ադելայդեին:

Լրատվամիջոցը գրում է, որ հայ կիսապաշտպանը կարող է վերցնել 14 համարը, որով հանդես էր գալիս Թեո Ուոլքոտը: Լոնդոնյան ակումբում ազատ է նաև 15 համարի խաղաշապիկը, որը պատկանում էր Ալեքս Օքսելյդ-Չեմբերլենին: Սանչեսի հետ փոխանակումից հետո «զինագործների» թիմում ազատ է լինելու նաև 7 համարը:

17:15. Նույն լուսանկարն «Instagram»-ի իր էջում հրապարակել է նաև Հենրիխ Մխիթարյանն ու գրել է.

«Ուրախ ժամանց այսօրվա մարզմանը».

16:45. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը քիչ առաջ «Instagram»-ի իր էջում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ մարզումային լուսանկար է հրապարակել և այն մակագրել հետևյալ կերպ.'

«Հաղթող թիմ»:

Հայ ֆուտբոլիստը հավանել է լուսանկարը:

16:17. «London Evening Standard»-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 175 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով: 

Չնայած` աշխատավարձի վերջնական չափը դեռ պետք է հաստատվի, ամեն դեպքում, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա ֆինանսական պահանջներն ու աշխատավարձը չեն կարող տրանսֆերի համար խոչընդոտ հանդիսանալ:

16:06. Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն Լոնդոնում է և փորձում է ավարտին հասցնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արսենալ»:

Դի Մարցիոյի խոսքով տրանսֆերի պաշտոնական հաստատումն ընդամենը ժամերի հարց է:

15:50. Բրիտանական «Express» պարբերականն անտարբեր չի կարողացել անցնել Մխիթարյանի այսօրվա լուսանկարների կողքով: Պարբերականի վարկածով, ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայից տուն ուղևորվելիս հայ ֆուտբոլիսը ճնշված տեսք է ունեցել, աչքերն էլ թաց են եղել.

«28-ամյա կիսապաշտպանն այսօր առավոտյան, կարծես, արցունքոտ աչքերով է լքել «Քերինգթոնը»: Ֆուտբոլիստին ճնշում է նաև այն, որ շատերի կարծիքով ակումբում ինքն ատելի անձնավորություն կդառնա, եթե խափանի Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը»,- գրում է հոդվածագիրը:

15:10. Չիլիացի լրագրող Ֆաբիան Մորալեսը «Թվիթերի» իր միկրոբլոգում ուշագրավ հրապարակում է կատարել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնավոր ինքնաթիռ է պատրաստել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոն ճանապարհելու, և այնուհետև Ալեքսիս Սանչեսին Մանչեսթեր բերելու համար:

«Manchester Evening News»-ն էլ գրում է, որ Մխիթարյանին այսօր առավոտյան տեսել են ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայում.

15:00. «Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսիս-Մխիթարյան փոխանակման հետ կապված: Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալը» Սանչեսի դիմաց բացի Մխիթարյանից ցանկանում է նաև 10 մլն ֆունտ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մանկունիացիները ցանկանում են միայն փոխանակում: Բանակցությունները շարունակվում են:

14:50. Միջազգային մարզական մամուլի ուշադրության կենտրոնում Սանչես-Մխիթարյան հավանական փոխանակումն է, իսկ քիչ առաջ չիլիացին «Instagram»-ի էջից հեռացրել է այն փաստը, որ ինքը հանդիսանում է «Արսենալի» ֆուտբոլիստ:

 

14:00. Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է արդեն շաբաթ` հունվարի 20-ին իր նորամուտը նշել «Արսենալի» կազմում: Այդ օրը «զինագործներն» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն «Քրիսթալ Փելասին»:

13:14. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Սանչես-Մխիթարյան փոխանակումը մոտ է իրականալուն:

«Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իրեն դուր է գալիս հայ ֆուտբոլիստի խաղը, և որ նրա ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտել տրանսֆերի կայացմանը:

«Փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն նաև կարող է տեղի չունենալ: Ես արդեն 30 տարի` աշխատում եմ տրանսֆերային շուկայում, և այստեղ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել: Ոչինչ երաշխավորված չէ»,- նշեց մանսագետը:

11:00. Բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն ժամանել է Լոնդոն: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու արդեն այսօր կարող է կնքել պայմանագիրն «Արսենալի» հետ:

18.01.2018/ 10:37. Երեկ գիշերվանից «Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնեց, որ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ և որ «զինագործների» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակումը շատ մոտ է:

Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանն «Արսենալի» հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը պետք է դառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 

Share |

Լրահոս