Մխիթարյանն Արսենալում. նորություններ

14:39 23.01.2018

Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:


«Զինագործների» կազմը համալրելու հետ կապված արձագանքները շատ բուռն են. «ArmSport.am»-ն իր ընթերցողներին առաջարկել է հետևել Մխիթարյանի` երկար սպասված տրանսֆերի հետ կապված ամենաթարմ նորություններին.

19:13. Լոնդոնցիների «Facebook»-ի էջը Մխիթարյանի առաջին մարզման տեսանյութն է հրապարակել:

 

19:08. «Արսենալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա Լիգայում չի կարող հանդես գալ 7 համարով:

Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը: Թե որ համարով Մխիթարյանը հանդես կգա Եվրոպա Լիգայում, հայտնի կդառնա ավելի ուշ:

17:35. Մխիթարյանն «Արսենալի» գլլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ.

17:05. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

15:36 «Արսենալն» «Instagram»-ի իր պաշտոնական էջում Մխիթարյանի առաջին մարզման լուսանկարն է հրապարակել.

13:50. Հենրիխ Մխիթարյանն անտարբեր չի անցել ՄՅՈւ-ում իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչի գրառման կողքով, և պատասխան գրառումն է հրապարակել «Instagram»-ի «Story» բաժնում.

«Հիանալի էր քո կողքին խաղալը»,- գրել է Մխիթարյանը:

Իբրահիմովիչը, հիշեցնենք, ավելի վաղ անդրադարձել էր Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխությանն ու գրել.

«Դու հաջողության կարիք չունես, այնպես որ պարզապես վայելիր քո խաղը»:

13:20. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին.

«Կասկած չունեմ Մխիթարյանի վերաբերմունքի, նվիրվածության, որակների և ամեն ինչ լավ անելու ցանկության վրա: Իմ մարտահրավերն է անել այնպես, որ նա ցուցադրի իր անհավանական տաղանդը: Ցանկանում ենք օգնել նրան հաջողության հասնել այստեղ:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք վաղը Մխիթարյանը կխաղա՞, ապա կարող եմ ասել, որ դա կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում կմոտենա մարզումներին և թե ինչպես իրեն կդրսևորի առաջիկայում»,- ասել է «Արսենալի» ֆրանսիացի մարզիչը:

13.06. Daily Star-ի համաձայն՝ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքել է 3.5 տարվա պայմանագիր: Նոր ակումբում նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգից ավելի:

12.30. «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսն անդրադարձել է հայ կիսապաշտպանի տրանսֆերին: 

«Կարծում եմ, որ ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած երկրպագու, նույնպես տպավորված էի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով: Նա իսկական «Յունայթեդի» ֆուտբոլիստի տեսք ուներ, որ գոլեր է խփում և պահեր ստեղծում թիմակիցների համար:

Խաղացել եմ Խուան Սեբաստիան Վերոնի հետ, ով աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր, սակայն դա երբեմն չի աշխատում, հնարավոր է՝ վնասվածքների կամ ոչ քո դիրքում խաղալու պատճառով:

Հնարավոր է, որ Մխիթարյանը հաջողության կհասնի «Արսենալում» և կվերադառնա իր լավագույն մարզավիճակին, ուստի այնքան էլ վստահ չեմ, թե որ ակումբն է ավելի շատ շահել այս գործարքից: Սակայն այս պահին Սանչեսն ավելի շատ գոլեր է խփել և արդյունավետ փոխանցումներ կատարել Պրեմիեր լիգայում»,- Գիգսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

11:54. Մխիթարյանի` որպես «Արսենալի» ֆուտբոլիստ առաջին ֆոտոնկարահանման լուսանկարներն արդեն ներկայացրել ենք, իսկ թե ինչ է մնացել կադրից այն կողմ, կարող եք տեսնել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի ներկայացրած տեսանյութում` այստեղ:

Հենրիխ Մխիթարյանն` «Արսենալի» ֆուտբոլիստ. երազանքի կատարում

 

10:49. ՄՅՈւ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գրառումը.

«Դու հաջողության կարիք չունես, այնպես որ պարզապես վայելիր քո խաղը»:

10:47. Մխիթարյանին բարի գալուստ է մաղթել «Արսենալի» ֆուտբոլիստ Շկոդրան Մուստաֆին. հայ ֆուտբոլիստն արդեն շնորհակալություն է հայտնել նրան.

«Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստ` Հեկտոր Բելյերինը ևս ողջունել է Մխիթարյանին.

«Բարի գալուստ քո նոր տուն»,- գրել է Բելյերինը «Թվիթերի» իր միկրոբոլոգում.

10:30. Մխիթարյանը գրառում է կատարել «Instagram»-ում` հրաժեշտի խոսքով դիմելով իր նախկին ակումբին.

«Ի սրտե կցանկանայի շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, և հատկապես ակումբի երկրպագուներին իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր լրացնել ձեր հիանալի ակումբի պատմությունը Եվրոպա լիգայում հաղթանակով: Ես այդ պահն ու այդ խաղը միշտ կպահեմ իմ հիշողության մեջ: Չեմ մոռանա նաև «կարիճ հարվածս» Boxing Day-ի խաղում, ինչպես նաև «Whoa Mkhitaryan ...» երգը, որը միշտ լսում էի տրիբունաներից:

Կարող եմ դեռ բազում հիշարժան պահեր արձանագրել, որոնք մենք կիսել ենք միասին, և ես վայելել եմ դրանցից յուրաքանչյուրը: Կարիերայիս այս հատվածում ես պարզապես ցանկանում եմ հաճույք ստանալ նրանից, որ դուրս եմ գալիս խաղադաշտ և խաղում եմ ֆուտբոլ:

Ի սրտե շնորհակալ եմ բոլորիցդ և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,- գրել է հայ ֆուտբոլիստն ու տեղադրել այս լուսանկարը:

10:15. Մխիթարյանին սոցիալական ցանցերում կատարած գրառումների միջոցով հաջողություն են մաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» իր արդեն նախկին խաղընկերները.

Անդեր Էրերա. «Լավագույն մաղթանքներս քեզ, Միքի»

Ռոմելու Լուկակու. «Հաջողություն եմ մաղթում եղբայր: Կկարոտեմ քեզ»

Խուան Մատա. «Լավագույն մաղթանքներս քեզ, Մխիթարյան: Վայելիր»

Ժեսի Լինգարդ. «Ամենալավը քեզ, եղբայր»

 

23.01.2018/ 10:00. «ArsenalFanTV» յութուբյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են լոնդոնյան ակումբի երկրպագուները փորձում արտասանել Հենրիխ Մխիթարյան անվան գրությունը: Ճիշտ արտասանողը որպես պարգև գումար է ստացել:

Share |

Լրահոս