Ազգերի Լիգա. Մենք և մեր մրցակիցները

20:14 25.01.2018

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի խմբային փուլում ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները:

Եվրո-2020-ի խմբային փուլում հայտնվելու համար մեր ընտրանին Ազգերի Լիգայի խաղարկությունում իր խմբում պետք է զբաղեցնի առաջին հորիզոնականը: Սակայն դա էլ բավարի չի լինելու, քանի որ խմբային փուլը հաջողությամբ ավարտելուց հետո Արթուր Պետրոսյանի ֆուտբոլիստները դուրս կգան կիսաեզրափակիչ, որտեղ հաղթելու դեպքում էլ կհայտնվեն եզրափակչում ու կվիճարկեն ԵՎՐՈ-2020-ի ուղեգիրը:

D դիվիզիոնի մյուս խմբերն ունեն հետևյալ տեսքը

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերին և կավարտվեն նոյեմբերին: Մինչև մրցաշարի մեկնարկը դեռևս շատ ժամանակ կա ու դժվար է ասել, թե հավաքականներն ինչ մարզավիճակով կներկայանան կարևոր հանդիպումներին:

Ձեր ուշադրության ենք ցանկանում ներկայացնել մեր մրցակիցներին, որոնցից միայն Մակեդոնիայի հետ ունենք հանդիպելու փորձ.


Ջիբրալթարի հավաքական

Ջիբրալթարի հավաքականի ելույթների պատմությունը սկսվում է 1923 թվականից, երբ այս երկրի ընտրանին երկու հանդիպում անցկացրեց «Սևիլիայի» հետ ու պարտություն կրեց: Առաջին ոչ պաշտոնական մրցաշարին մասնակցել են 1993 թվականին (Կղզիների առաջնություն):

Երկու տարին մեկ անգամ անցկացվող մրցաշարում նրանք կարողացել են չեմպիոն հռչավել միայն 2007 թվականին:

Չնայած Ջիբրալաթարի հավաքականի երկար տարիների գոյությանը, միայն 2013 թվականի մայիսի 24-ին ՈՒԵՖԱ-ն իր հերթական համագումարի ժամանակ որոշում կայացրեց ընդգրկել այս երկրին իր կազմի մեջ: Ներկա պահին նրանք ամենափոքր պետությունն են ՈՒԵՖԱ-ի երկրների ցանկնում:

2016 թվականի մայիսի 13-ին Ջիբրալթարը ընդգրկվեց նաև ՖԻՖԱ-ի կազմում՝ դառնալով կազմակերպության 211-րդ անդամը:

Առաջին պաշտոնական խաղը Սլովակիայի ընտրանու հետ էր: Հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով: Առաջին պաշտոնական մրցաշարը, որին Ջիբրալթարը մասնակցել է ԵՎՐՈ-2016-ն էր: Ընտրական փուլում նրանք ընդգրկվեցին Գերմանիայի, Լեհաստանի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Վրաստանի հավաքականների հետ:

Մարտի 29-ին՝ Շոտլանդիայի ընտրանու հետ խաղում, Լի Կասյարոն պաշտոնական խաղերում խփեց իր երկրի հավաքականի առաջին գոլը:

ԵՎՐՈ-2016-ի նախընտրական փուլում Ջիբրալթարը պարտվեց բոլոր հանդիպումներում՝ բաց թողելով 56 գնդակ և խփելով 2-ը:

ԱԱ-2018-ի նախընտրական փուլում էլ նրանք մրցեցին Բելգիայի, Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի Էստոնիայի և Կիպրոսի հավաքականների հետ:

Այստեղ կրկին կատարյալ ձախողում գրանցվեց՝ պարտվելով բոլոր խաղերում և ունենալով գնդակների 3-47 հարաբերակցություն:

Ջիբրալաթարի ընտրանին 29 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ տանելով 1 հաղթանակ, կրելով 25 պարտություն և խաղալով 3 ոչ-ոքի: Միակ հաղթանակն էլ նրանք տոնել են Մալթայի ընտրանու նկատմամբ՝ 1:0 հաշվով:

Այստեղ հիմնականում հանդես են գալիս տեղի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստներ: Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Անգլիայի ցածր դիվիզիոններում: 21-ամյա Ջեյմս Կումբսն էլ, որն ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է, հանդես է գալիս Ուելսի առաջնությունում՝ «Ունդի Աթլետիկում»:

Հայաստանի ազգային հավաքականը դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել Ջիբրալթարի ընտրանու հետ:

Ամենախոշոր հաշվով հաղթանակ

Ջիբրալթար-Մալթա՝ 1:0 (4 հունիս, 2004թ.)

Ամենախոշոր հաշվով պարտություն

Բելգիա-Ջիբրալթար՝ 9:0 ( 31 օգոստոս, 2017թ.)

Վարկանիշը ՖԻՖԱ-ում՝ 206-րդ հորիզոնական 

Ստադիոն՝ «Ալգարվե»

Գլխավոր մարզիչ՝ Ջեֆ Վուդ

Լավագույն ռմբարկու՝ Լի Կասյարո (2 գոլ)


Լիխտենշտեյնի հավաքական

Իր պատմության մեջ առաջին հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականն անցկացրել է 1938 թվականին՝ 6:2 հաշվով հաղթելով «Բլյուս Սթարսին»:

Չնայած ընդունված է համարել, որ առաջին ոչ պաշտոնական խաղում նրանք մրցել են Մալթայի հավաքականի հետ, իսկ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Առաջին ընկերական հանդիպումն էլ նրանք անցկացրել են 1982 թվականին՝ 0:1 հաշվով զիջելով Շվեյցարիայի հավաքականին:

1994 թվականի ապրիլի 20-ը պատմական օր է համարվում այս հավաքականի համար: Այդ օրը նրանք անցկացրին իրենց առաջին պաշտոնական հանդիպումը: ԵՎՐՈ-96-ի նախընտրական փուլում մրցեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ՝ պարտվելով 1:4 հաշվով: Միակ գնդակն էլ հեղինակեց Դանիել Հասլերը: Նախընտրական այդ փուլում նրանք վերջին հորիզոնականը զբաղեցրին՝ կրելով 9 պարտություն և խաղալով 1 ոչ-ոքի:

Ընդհանրապես, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերում Լիխտենշտեյնի հավաքականը գրեթե միշտ եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Առավել հաջող ստացվեց ԱԱ-2006-ը, որտեղ նրանք 2 հաղթանակ տարան, 2 ոչ-ոքի խաղացին ու կրեցին 8 պարտություն:

Ինչպես Ջիբրալաթարի հավաքականը, Լիխտենշտեյնի ընտրանին ԱԱ-2018-ի նախընտրական փուլը լիովին ձախողեց՝ կրելով 10 պարտություն:

Ի տարբերություն Ջիրլաթարի, այս հավաքականն ունի ավելի շատ ֆուտբոլիստները, որոնք բացի տեղի առաջնությունից հանդես են գալիս նաև արտասահմանյան լիգաներում: Կարելի է առանձնացնել Մարսել Բյուհելին, ով հանդես է գալիս Ա Սերիայում՝ «Վերոնայում»: Ծագումով Ավստրիայից 26-ամյա կիսապաշտպանը 2015 թվականին է ստացել Լիխտենշտեյնի քաղաքացիություն և հայտավորվել ԵՎՐՈ-2016-ին: 

 

Ուշադրության են արժանի նաև 19-ամյա Յանիկ Ֆրիկը, ով հանդես է գալիս «Պերուջայում»: Նրա հայրը՝ Մարիո Ֆրիկը, Լիխտենշտեյնի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 16 գոլով:

Հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է դարպասապահ Պետեր Յելեն, ով հանդես է գալիս 1998 թվականից:

Հայաստանի ազգային հավաքականը ոչ մի հանդիպում չի անցկացրել Լիխտենշտեյնի հետ և Ազգերի լիգայում  այս թիմերն առաջին անգամ են մրցելու:

Ամենախոշոր հաշվով հաղթանակ

Լյուքսեմբուրգ-Լիխտենշտեյն՝ 0:4 (13 հոկտեմբեր, 2004թ.)

Ամենախոշոր հաշվով պարտություն

Լիխտենշտեյն-Մակեդոնիա՝ 1:11 (9 նոեյմբեր 1996թ.)

Վարկանիշը ՖԻՖԱ-ում՝ 168-րդ հորիզոնական 

Ստադիոն՝ «Ռայնպարկ»

Գլխավոր մարզիչ՝ Ռենե Պաուրիչ

Լավագույն ռմբարկու՝ Մարիո Ֆրիկ (16 գոլ)


ՆՀՀ Մակեդոնիայի հավաքական

Մակեդոնիայի հավաքականը միջազգային ասպարեզում ելույթ է ունենում 1994 թվականից, երբ ընդգրկվեց ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կազմում: 1993 թվականին, առաջին ընկերական խաղում հաղթել են Սլովենիային 4:1 հաշվով:

Պաշտոնական առաջին մրցաշարը եղել է ԵՎՐՈ-96-ի նախընտրական փուլը, որտեղ առաջին խաղում մրցել են Դանիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը նույնպես ընդգրկված էր այդ խմբում, որտեղ Մակեդոնիայի ընտրանին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝տանելով 1 հաղթանակ, խաղալով 4 ոչ-ոքի և կրելով 5 պարտություն:

ԱԱ-2018-ի նախընտրական փուլում Մակեդոնիայի ընտրանին, չնայած տարած 3 հաղթանակին, 6 թիմերի միջև զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Մեր հավաքականի հետ մակեդոնացիները խաղացել են 6 անգամ՝ տանելով 2 հաղթանակ, խաղալով 2 ոչ-ոքի ու կրելով նույնքան պարտություն:

Ամենաթարմ հիշողությունները ԵՎՐՈ-2012-ի նախընտրական փուլում էին, երբ մեր տղաները դրսում հանդիպումն ավարտեցին 2:2 հաշվով: Արարատ Առաքելյանի՝ վերջին վայրկյաններին ձեռքով խաղը մեզ զրկեց կարևոր երեք միավորից, որը հետագայում բավականին թանկ արժեցավ մեր հավաքականի համար: 

Չնայած այս փաստին, մեր հավաքականը Երևանում կայացած հանդիպմանը ռևանշի հասավ՝ հաղթելով 4:1 հաշվով:

Մակեդոնացիները տպավորիչ ցուցանիշ ունեն իրենց անցկացրած վերջին 5 խաղերում: Նրանք տարել են երեք հաղթանակ, որոնք եղել են չոր հաշվով՝ (Իսրայել-Մակեդոնիա՝ 0:1, Մակեդոնիա-Լիխտենշտեյնը՝ 4:0, Մակեդոնիա-Նորվեգիա՝ 2:0) և խաղացել են երկու ոչ-ոքի (Մակեդոնիա-Ալբանիա՝1:1, Իտալիա-Մակեդոնիա՝ 1:1):

Ամենախոշոր հաշվով հաղթանակ

Լիխտենշտեյն-Մակեդոնիա՝ 1:11 (9 նոեյմբեր 1996թ.)

Ամենախոշոր հաշվով պարտություն

Մակեդոնիա-Բելգիա՝ 0:5 (7 հունիս 1995թ.)

Վարկանիշը ՖԻՖԱ-ում՝ 78-րդ հորիզոնական 

Ստադիոն՝ «Ֆիլիպ II Արենա»

Գլխավոր մարզիչ՝ Իգոր Անգելովսկի

Լավագույն ռմբարկու՝ Գորան Պանդև (31 գոլ)


Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը մեր ազգային ընտրանին անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ հյուրընկալելով Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց արտագնա խաղում մրցելու ՆՀՀ Մակեդոնիայի հետ: 

Հոկտեմբերի 13-ին Հայաստանը հյուրընկալելու է Ջիբրալթարին, իսկ երեք օր անց՝ ՆՀՀ Մակեդոնիային: Նոյեմբերի 16-ին և 19-ին ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ:

Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս

Loading...