Արցախի դարպասապահ. Չէի սպասում, որ Ադրբեջանի Մ21 հավաքականին մերժելն այսքան մեծ արձագանքներ կգտնի

16:19 26.01.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբը երեկ հայտարարություն տարածեց, որի համաձայն թիմի 19-ամյա դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը ժամանակին մերժել է Ադրբեջանի երիտասարդական հավաքականին և միացել երևանյան ակումբին:

Այս փաստը բավականին բուռն արձագանքների տեղիք տվեց, թեմային անդրադարձան նաև ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ArmSport.am»-ը հյուրընկալել է դաղստանցի դարպասապահին, խոսել է խնդրահարույց հարցի և մի շարք այլ թեմաների մասին.

«Կցանկանամ նախևառաջ նշել, որ ֆուտբոլն ազգություն չի ճանաչում, ես ունեմ ընկերներ աշխարհի տարբեր ազգերից և բոլորին հարգում եմ: «Արցախ» տեղափոխվելը եղել է իմ ընտրությունը, այն կապված է սպորտի և կարիերայի հետ, և ես վստահ ու հպարտ եմ այդ ընտրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատում են ինձ»,- մեզ հետ զրույցում շեշտեց Սամուրը:

Դարպասապահի խոսքով, երբ ինքը մասնակցել է Դաղստանի առաջնությանը, մարզիչներից մեկը, որն աշխատել է նաև Ադրբեջանում, իր մասին պատմել է այդ երկրում ու արդյունքում ինքը հրավեր է ստացել Մ21 տարեկանների հավաքականից.

«2017 թվականի հունվարին Ադրբեջանի երիտասարդական հավաքականի հետ երկշաբաթյա հավաքի եմ մասնակցել Թուրքիայում: Հավաքի ավարտից հետո գլխավոր մարզիչն ինձ ասաց, որ պատրաստ լինեմ նաև երկրորդ հավաքին: Բայց ես պատրաստ չէի փոխել անձնագիրս ու ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Չնայած ինձ այնտեղ շատ լավ են վերաբերվել ու ես ոչինչ չունեմ Ադրբեջանի դեմ: Այնտեղ էլ կան լավ մարդիկ ու վատ մարդիկ, ինչպես` այստեղ: Պարզապես` որքան էլ, որ գրավիչ լիներ նրանց առաջարկը, ես չէի կարող այսքան վաղ հասակում միայնակ գնալ այնտեղ, փոխել անձնագիրս: Ես դրան պատրաստ չէի, այդ իսկ պատճառով նախորդ տարվա փետրվարի սկզբին արդեն վերադարձա Մոսկվա»,- պատմեց զրուցակիցս:

Ագամագոմեդովը նշել էր նաև, որ վստահել է իր գործակալ Հովհաննես Գոհարյանին ու որոշել տեղափոխվել «Արցախ»: Ռուս դարպասապահը մեզ հետ զրույցում պատմեց նաև այն մասին, թե ինչպես սկսվեց իր համագործակցությունը Գոհարյանի հետ.

«Մոսկվա տեղափոխվելուց հետո սկսեցի հանդես գալ այնտեղի «Նիկա» ակումբում: Գոհարյանն այդ ժամանակ «Նիկայի» գլխավոր մարզիչն էր: Ինձ ասել էին, որ նա այնպիսի մարդ է, որը կարող է սկսնակ ֆուտբոլիստի համար ճանապարհ հարթել, այդ իսկ պատճառով դիմեցի նրան: Գոհարյանի գլխավորությամբ մեկ մրցաշրջան անցկացրի «Նիկայում», այնուհետև` համաձայնության եկանք համագործակցության շուրջ` արդեն որպես գործակալի:

Ես Ադրբեջանում չէի կարող գտնվել առանց գործակալի, ակումբ էլ չունեի, պարզապես հավաքականի հետ էի: Նա խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի, պարզապես վստահեմ իրեն: Նա ինձ համար առաջին քայլերը կատարելու հնարավարություն կընձեռի, իսկ մնացածը կախված է ինձնից: Նա հետագայում ևս կշարունակի աշխատել ինձ հետ»,- ասաց Ագամագոմեդովը:

Դարպասապահի խոսքով ինքն ազգային պատկանելության առումով որևէ առնչություն չունի Ադրբեջանի հետ և իր համար անսպասելի էին այս թեմայի շուրջ եղած այդչափ բուռն արձագանքները.

«Այսպիսի արձագանքներ առհասարակ չէի սպասում: Կարծում էի` ամեն ինչ կանցնի հանգիստ ու խաղաղ: Արդյոք հոգեբանորեն դա որևէ ազդեցություն ունենու՞մ է ինձ վրա. անկեղծ ասած` այո: Չեմ ցանկանա, որ որևէ ազգ իմ մասին վատը մտածի: Ես հարգում եմ բոլոր ազգերին ու պետություններին ու չեմ կարող ինձ թույլ տալ որևէ վատ բան ասել այս կամ այն ազգի մասին»,- նշեց Ագամագոմեդովը:

Ամեն դեպքում, ինչպե՞ս ընտրությունը կանգնեց հենց «Արցախի» վրա և ի՞նչն ամենից շատը գրավեց նրան հայկական ակումբն ընտրելու հարցում.

«Նախևառաջ, սա նոր թիմ է երիտասարդ տղաներով: Ակումբն իր առջև խնդիր է դրել հայտնվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, այնուհետև` ամեն ինչ անել եվրոպական մրցասպարեզ դուրս գալու համար: Այս մարտահրավերն ինձ համար շատ գրավիչ էր»,- ասաց զրուցակիցս:

Իսկ երիտասարդ ու տաղանդավոր դարպասապահի համար որքանո՞վ է հեռանկարային Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես գալը.

«Որպես երիտասարդ դարպասապահ, որը նոր է ժամանում տվյալ երկիր, կարևոր է ինչ-որ բանից սկսելը: Ես սկսեցի Առաջին խմբի առաջնությունից: Ցանկանում եմ ինձ լավագույնս դրսևորել Առաջին խմբում, որպեսզի հետագայում ինձ նկատեն նաև ավելի բարձր մակարդակում: Առաջիկա ծրագրերը կապված են Բարձրագույն խումբ դուրս գալու հետ: Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա շատ կցանկանամ, որ Հայաստանն ինձ համար ավելի բարձր մակարդակ դուրս գալու հնարավորություն դառնա: Հայաստանը հիանալի երկիր է, ու ինձ այստեղ ամեն ինչ շատ է դուրս գալիս»,- ասաց Սամուրը:

Դարպասապահն արդեն հասցրել է նաև երկու ընկերական հանդիպման մասնակցել «Արցախի» կազմում. առաջին խաղում թիմը 2:1 հաշվով հաղթել է «Փյունիկին», իսկ երկրորդ խաղում` «Ալաշկերտի» հետ, «Արցախը» կարողացել է ոչ-ոքի հաշվով ավարտել հանդիպումը` խաղի ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո.

«Առաջին տպավորություններս շատ լավն են: «Փյունիկի» հետ բավականին լավ խաղ ցուցադրեցինք, հաղթեցինք, իսկ «Ալաշկերտի» հետ, որը երկրի չեմպիոնն է, մենք, լինելով շատ երիտասարդ թիմ, պայքարեցինք մինչև վերջ ու ոչ-ոքի կորզեցինք:Ամեն ինչ հիանալի է: Կարծում եմ` մեր թիմը լավ պոտենցիալ ունի ու ունակ է հասնելու իր առջև դրված խնդիրներին»,- հավատացած է երիտասարդ դարպասապահը:

Նրա խոսքով, ակումբում իրեն հիանալի են ընդունել` թե' ղեկավարները, թե' ֆուտբոլիստները և թե' մարզիչները, իսկ նախքան Հայաստան գալը հայկական ակումբներից լսել է միայն «Ալաշկերտի» մասին` որպես Հայաստանի չեմպիոնի: Առաջին խմբում իրենց մրցակիցներից հիմա գիտի նաև «Լոռիին».

«Գիտեմ, որ «Լոռիի» հետ պետք է պայքարենք առաջին խմբի չեմպիոնության համար (ծիծաղում է)»:

«Արցախի» նորեկը նաև հայտնեց, որ առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստությունը շատ լավ է անցնում: Թիմը ևս մի քանի ընկերական խաղ կանցկացնի` «Բանանց-2»-ի, «Փյունիկի», «Արարատ-2»-ի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի մարտի 5-ից: Անցկացրած 14 խաղերից հետո Տիգրան Եսայանի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Լոռիին», որի հետ էլ կանցկացնեն գարնանային շրջանի մեկնարկային խաղը մարտի 5-ին:

Նարե Հովհաննիսյան

 

 

Share |

Լրահոս

Loading...