Անի Ամիրաղյանը` կորտ վերադառնալու, երեխայի դաստիարակության և Հալեպի հետ անցկացրած խաղի մասին

11:05 07.02.2018

Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանը տևական ժամանակ է բացակայում է կորտից, իսկ պատճառն ավելի քան հարգելի է. 24-ամյա մարզուհին ողջ ժամանակը նվիրել է առաջնեկին:

«ArmSport.am»-ը հյուրընկալել է օրերս Երևան ժամանած թենիսիստուհուն, ով ամուսնությունից հետո մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում, խոսել կորտ վերադառնալու ծրագրերի, երեխայի դաստիարակության և այլ հարցերի մասին.

«Փաստաթղթային հարցերի պատճառով եմ ժամանել Երևան, բայց գալուց ի վեր մտա կորտ ու սկսեցի ակտիվ մարզումներս: Պարապմունքներս շատ լավ են ընթանում, եղանակն էլ բարենպաստ է: Այս տարվա ապրիլին կսկսեմ խաղալ, հավաքականի կազմում Թունիսում կմասնակցեմ FedCup-ին: Այդկերպ կվերսկսեմ ելույթներս»,- մեզ հետ զրույցում նշում է մարզուհին:

Անիի խոսքով առաջիկա մրցաշարի նախապատրաստությունն ինքը կանցկացնի Երևանում և Մոսկվայում.

«Դեռ երկու-երեք շաբաթ լինելու եմ Երևանում, ու կշարունակեմ մարզումներս այստեղ: Դրանից հետո նախապատրաստությունը կշարունակեմ Մոսկվայում: Արդեն կա պայմանավորվածություն, թե այնտեղ որտեղ կմարզվեմ»,- ասում է Անին:

Անին նշում է, որ Մոսկվայում ևս ինքը հնարավորինս շարունակել է մարզումներն ու նաև մրցաշարի է մասնակցել.

«Երեխայիս ծնունդից արդեն երկու ամիս անց՝ 2017 թվականի օգոստոսին, մրցաշարի մասնակցեցի, սակայն որոշ դժվարություններ ունեցա, քանի որ երեխային խնամելու հարցում օգնող չունեի»:

Անի Ամիրաղյանն, ինչպես հայտնի է, տևական ժամանակ է բացակայում է մրցաշարերից: Որքանո՞վ է դժվար կողքից հետևել խաղերին.

«Անկեղծ ասած, դժվար չէր, քանի որ կա երեխա, ում պետք է հատկացնես ողջ ժամանակդ ու ուշադրությունդ: Հավատացեք՝ նույնիսկ ժամանակ չի լինում նեղվելու կամ տխրելու, որ չեմ խաղում»,- խոստովանում է մարզուհին:

Իսկ ինչպե՞ս է պատկերացնում ընտանիք-սպորտ համատեղությունը.

«Միանգամայն պատկերացնում եմ, թե ինչպես է դա լինելու, քանի որ Մոսկվայում մի քանի ամիս հենց այդպես էլ արել ենք, ամեն ինչ համատեղում էինք: Իհարկե, ընտանիքիս օգնությամբ, քանի որ առանց դրա հնարավոր չէ»:

Թենիսիստուհու դուստրը՝ Նոյեմին, ընդամենը 8 ամսական է, բայց ամենուր մայրիկի հետ է, ներկա է լինում նրա մարզումներին, ու արդեն նաև հարցազրույցներին. Անիի խոսքով կորտում ժպտերես փոքրիկն իրեն շատ լավ է զգում.

«Չգիտեմ՝ իմ ուղին կշարունակի, թե ոչ, բայց եթե ընտրի սպորտը, ես ամեն ինչ կանեմ, որ նրա մոտ ամեն բան ստացվի: Հիմա ամենակարևորը երեխան է: Ամեն ինչը մի կողմ, երեխան մի կողմ»:

Անի Ամիրաղյանը որոշ ժամանակ զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ: Արդյոք հավանակա՞ն է վերադարձն այդ աշխատանքին.

«Այո, հավանական է, բայց դեռևս ինքս եմ ցանկանում զբաղվել թենիսով, խաղալ, հետո արդեն կսկսեմ մարզել»:

Թենիսիստուհու խոսքով՝ այս մարզաձևի շնորհիվ ինքն ուժեղ բնավորություն է ձեռք բերել.

«Թենիսն ինձ տղամարդկային բնավորություն է տվել, և դա միշտ օգնում է ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Կյանքում ունեցած շատ դժվարություններ ես արդեն ինքս եմ փորձում լուծել: Չեմ դիմում օգնության: Սպորտն ինձ հնարավորություն է տվել լինելու տարբեր երկրներում, մասնակցելու տարատեսակ մրցումների և ծանոթանալու նոր մարդկանց և նոր մշակույթների հետ: Շատ բան է տվել ինձ սպորտը:

Ինչ է պետք այս մարզաձևում հաջողության հասնելու համա՞ր. աշխատասիրություն, և սա ոչ միայն թենիսում, առհասարակ՝ սպորտում, ինչպես նաև ֆինանսներ: Աշխատասիրությունից հետո, երևի, ամենակարևորը ֆինանսն է մեր մարզաձևում: Առանց ֆինանսի չես կարող առաջ գնալ: Պետք է ունենալ կամքի ուժ և բնավորություն. առանց սրանց չես կարող խաղալ»,- նշում է զրուցակիցս:

Անին բազմիցս խոսել է Հայաստանում թենիսի զարգացման գործում ներդրումների կարևորության մասին: Արդյո՞ք հիմնական նախապայմանը հենց ֆինանսներն են.

«Այո: Մեզ մոտ կան բոլոր պայմանները, ունենք միջազգային չափանիշներին համապաստախանող կորտեր, բայց չկան ֆինանսներ: Իսկ սա անհրաժեշտ է մարզվելու և մրցման մասնակցելու համար: Չես կարող պարզապես պարապել պարապելու համար: Պետք է լավ պատրաստվել և արդյունքում՝ մրցման մասնակցել: Ամսական մոտ 2-3 շաբաթ պետք է մրցման մասնակցել, իսկ դա մեծ ֆինանսների հետ է կապված, որն ամբողջության պետք է հոգա մարզիկը: Շատ մարզիկներ ունեն հովանավորներ, որոնք շատ են օգնում հյուրանոցների, տոմսերի և այլնի հարցում: Այդ ամենը կապված է, իհարկե, մեծ գումարների հետ: Եթե գումար չկա, իմաստ էլ չկա շարունակել խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում»,- պատմում է թենիսիստուհուն և խոսում իր անձնական օրինակով.

«Ժամանակին ձեռքերս կապվել էր, որովհետև չունեի հովանավոր: Գումարի խնդիր կար: Նույնիսկ հիմա եթե հովանավոր լինի, ես մեկ տարվա ընթացքում շատ առաջ կգնամ»:

Իսկ կա՞ թենիսիստ, որը մեծ ազդեցություն է ունեցել Անի Ամիրաղյան թենիսիստի վրա.

«Անկեղծ ասած՝ ոչ, կուռքեր չեմ ունեցել: Եղել են թենիսիստներ, ու առհասարակ մարզիկներ, որոնց հետևել եմ ու շարունակում եմ հետևել նրանց մարզական կյանքին»:

Կարիերայի ընթացքում Անին մի շարք հայտնի թենիսիստների հետ է խաղացել, մասնավորապես` աշխարհի երկրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի հետ.

«Հալեպի հետ խաղացել եմ 2011 թվականին, ու նա այդ մրցաշարի առաջին ռակետն էր: 6:0, 6:0 պարտվեցի նրան, կյանքիս առաջին միջազգային մրցաշարն էր, շատ լավ եմ հիշում: Ցավալի պարտություն կրեցի, բայց առաջին մրցաշարս էր: Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր դեռ այն ժամանակից ի վեր:

Կհիշեմ նաև ամենաերկար խաղը, որ անցկացրել եմ. 4 ժամ 35 րոպե: Խաղում էի Թուրքիայում` Անթալիայում, չափազանց շոգ եղանակային պայմաններում: Այդ խաղից հետո ես ստացա մի միավոր, որի շնորհիվ արդեն մեկ շաբաթ անց բացվեց իմ վարկանիշը WTA-ում: WTA-ում պետք է երեք մրցաշում հաղթահարես մեկական շրջան, որպեսզի վարկանիշ բացվի: Այդ խաղում հաղթեցի, ստացա վարկանիշ, բայց հաջորդ օրը չէի կարողանում վեր կենալ: Շատ լավ հիշում եմ: Լաց էի լինում: Ամբողջ մարմինս ցավում էր»,- պատմում է Անին ու շարունակում.

«WTA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելուց ոչինչ չփոխվեց ինձ մոտ: Երբեք աստղային հիվանդությամբ չեմ տառապել: Միշտ ուրախանում եմ, եթե մյուսների մոտ էլ է վարկանիշ գոյանում, կամ ինչ-որ բան հաջող ստացվում: Լավ չէ, որ ես միակ թենիսիստն եմ, որ այդքան բարձր ցուցանիշ ունեմ: Լավ կլիներ, եթե լինեին նաև այլ թենիսիստներ, միասին մարզվեինք, միասին գնայինք առաջ, ուժեղանայինք ....»,- եզրափակեց իր խոսքը Անին:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս