Մխիթարյան. Վենգերը ֆուտբոլիստներին ավելի լավ է հասկանում, քան` Մոուրինյուն

12:34 10.02.2018

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

Մխիթարյանը վերջին ամիսներին դադարել էր լինել Մոուրինյուի թիմի հիմնական կազմի խաղացող, իսկ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ՄՅՈւ-ից տեղափոխվել է «Արսենալ».

«Մոուրինյուն շատ պահանջկոտ է իր ֆուտբոլիստների նկատմամբ: Նա շատ խիստ մարզիչ է: Արսեն Վենգերն ավելի ընկերական է: Նա ավելի լավ է հասկանում իր ֆուտբոլիստներին և նրանց իրավիճակները: Վենգերն ավելի հանգիստ է:

Սրանում է Մուրինյուի և Վենգերի տարբերությունը»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը` հղում կատարելով «SFR Sport»-ին:

Մխիթարյանը նաև խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» գրանցած իր հաջողությունների մասին.

«Կարծում եմ` տպավորություն թողել եմ «Մանչեսթերում», չնայած` դժվարություններ ունեցել եմ: Մեկուկես տարվա ընթացքում մենք 3 տիտղոս ենք նվաճել. ամեն ակումբ չէ, որ կարող է նման բան անել: Հաղթեցինք Եվրոպա լիգայի եզրափակչում, ես էլ գոլ հեղինակեցի:

Եթե մարդիկ կասեն,որ ես ՄՅՈւ-ում այնքան էլ մեծ հաջողությունների չեմ հասել, դա նրանց կարծիքն է, բայց ես կարող եմ ասել, որ այդ ակումբում ես շատ հաջողությունների եմ հասել», -եզրափակել է իր խոսքը Մխիթարյանը:

Share |

Լրահոս