Ազգերի լիգա. Առուն չթռած՝ հոպ մի ասեք

19:18 11.02.2018

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Լիխտենշտեյնի, Ջիբրալթարի ու ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանիները:

Վիճակահանությունից հետո հայ ֆուտբոլասերների մոտ տարբեր մտքեր հայտնվեցին: Մի մասն իմացավ, որ Հայաստանից բացի ֆուտբոլ խաղում են նույնիսկ Ջիբրալթարում ու Լիխտենշտեյնում: Ըստ շատերի՝ մենք արդեն մրցաշարի եզրափակչում հաղթել ենք Ադրբեջանին ու նվաճել ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր: Ֆուտբոլասերների մի հատված էլ փորձեց իրատես լինել՝ հասկանալով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեր ընտրանուն խմբում բացահայտ ֆավորիտ համարելը մի փոքր սխալ է:

Վիճակահանությունից դժգոհողներ չպետք է լինեն: D դիվիզիոնի բոլոր զամբյուղներից մեզ բաժին են հասել ամենահարմար մրցակիցները: Ջիբրալթարից ու Լիխտենշտեյնից ավելի թույլ հավաքական դժվար թե գտնվեր, իսկ ՆՀՀ Մակեդոնիան ավելի նախընտրելի է, քան նույն զամբյուղում գտնվող Վրաստանի ու Բելառուսի ընտրանիները: Կարծես թե բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի Արթուր Պետրոսյանի թիմը նվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն մի պահ բոլորին երկնքից իջեցնել է պետք ու բացատրել, որ հաջողության հասնելու համար պետք է նախ հաղթանակներ տոնել և վերջապես՝ «առուն չթռած՝ հոպ ասել չի կարելի»:

Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ

Կարծիքները տարբեր կարող են լինել, սակայն մի բան հստակ է, որ այս մրցաշարն իրական հնարավորություն է տալիս մեր հավաքականին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Խմբային փուլը մեկնարկելու է սեպտեմբերին և մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Չենք կարող վստահ ասել, թե այդ ժամանակ ինչ մարզավիճակում կլինեն թե՛ մեր, թե՛ մրցակից երկրների ֆուտբոլիստները:

Անկախ ամեն ինչից, երկրպագուները մինչև մրցաշարի ավարտն իրենք իրենց նույն հարցն են տալու՝«Եթե այս հնարավորությունից էլ չօգտվենք, ապա էլ ե՞րբ կարող ենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը»:

Պարզապես տեսեք Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականների պատմությունը: Ջիբրալթարը վերջերս է ընդգրկվել ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կազմում: Իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էլ տարել է Մալթայի նկատմամբ՝ 1:0 հաշվով: Լիխտենշտեյն էլ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերում գրեթե միշտ եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Նրանց հետ խաղալու փորձ չունենք, սակայն հասկանալի է, որ եթե ցանկանում ես հանդես գալ ԵՎՐՈ-2020-ում, ապա պետք է հաղթես նման կարգի հավաքականներին:

Խմբում միակ թիմը, որի հետ խաղալն իսկական փորձություն է, ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանին է: Հենց նրանք են լինելու մեր հիմնական մրցակիցները: Չնայած մակեդոնական ֆուտբոլի վերելքին՝ նրանց հետ խաղալու ու հաղթելու փորձ ունենք: Մակեդոնացիների հետ կռիվ ենք տվել 6 անգամ՝ տանելով 2 հաղթանակ, խաղալով 2 ոչ-ոքի ու կրելով նույնքան պարտություն:

Պատմական վիճակագրությունն էլ խոսում է այն մասին, որ մենք ու մակեդոնացիները հավասարազոր թիմեր ենք: Նրանք էլ իրենց պատմության մեջ ունեցել են բավականին ուժեղ հավաքականներ, տարել են տպավորիչ շատ հաղթանակներ, սակայն նրանց ու ընդհանրապես մյուս բոլոր հավաքականների դեմ մենք ունենք մեկ գլխավոր առավելություն…

Մխիթարյան > D դիվիզիոն

Փորձելով վերլուծել Հայաստանի ընտրանու հնարավորություններն այս խմբում՝ ամենաառաջինը մտքներիս մեկ կարևոր հանգամանք է գալիս՝ մենք ունենք Հենրիխ Մխիթարյան. ֆուտբոլիստ, որի մակարդակի խաղացող ոչ միայն մեր խմբում, այլ նաև մեր դիվիզիոնում չկա:

Շատերը կարծում եմ, որ միայն Հենրիխի ներկայությունը մեզ ֆավորիտ է դարձնում, սակայն միայն նրանով մենք հաջողության հասնել չենք կարող:

Հայաստանի հավաքականը «Քլիվլենդ Կավալերսը» չէ, իսկ Հենրիխը՝ Լեբրոն Ջեյմսը: Երբ «Կավալերսի» խաղը չի ստացվում, նրա երկրպագուները հույս ոնեն, որ շուտով Լեբրոնը կարթնանա, գնդակը կփոխանցեն նրան, իսկ նա մի քանի անհավանական նետում կանի ու կփրկի իր թիմին: Եվ դա գրեթե միշտ այդպես է լինում:

Ֆուտբոլում մեկ հոգին շատ բան փոխել չի կարող: Մխիթարյանը չի կարող ամեն անգամ վերցնել գնդակը, միայնակ շրջանցել բոլորին ու արդյունքի հասնել: Նրան հարկավոր են իր խաղամակարդակի գոնե կեսն ունեցող երկու-երեք ֆուտբոլիստ, ովքեր կաջակցեն թիմի ավագին խաղադաշտում: Ցավոք, այժմ մենք չունենք նման կարգի կատարողներ: Պետք է սառը գլխվով դատել ու հասկանալ, որ Մխիթարյանին ունենալը մեր գլխավոր առավելությունն է մյուս հավաքականներից, սակայն միայն այդքանը:

Մենք մեր կազմում ունենք ֆուտբոլային գերաստղ և գրեթե վերջ: Խաղադաշտում բոլորը հավասար են լինելու ու մեր ընտրանուց ոչ մի հավաքական չի վախենալու միայն նրա համար, որ մեր թիմում «զինագործ» է հանդես գալիս:

Իհարկե, մյուս կողմից սա 29-ամյա ֆուտբոլիստի՝ Հայաստանի Հավաքականին Եվրոպայի առաջնություն դուրս բերելու վերջին՝ շատ լավ հնարավորությունն է: Մխթարյանն իր կարիերայում ինչ-որ տեղ նման բարձունքների է հասել հենց ազգային հավաքականի շնորհիվ: Այժմ եկել է հավաքականին պարտքերը վերադարձնելու ժամանակը: Հենրիխը պետք է կրկնակի եռանդով հանդես գա Ազգերի լիգայում՝ ցույց տալով իսկական առաջատարի որակներ:

Պետք է հաղթեն, բայց պարտավոր չեն

Այո՛, մենք պետք է հաղթենք ջիբրալթարներին ու լիխտենշտեյններին, որպեսզի շարունակենք ճանապարհը, սակայն պարտավոր չենք: Եթե այս օրերից սկսած խոսենք պարտավոր լինելու մասին, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Արթուր Պետրոսյանի ու նրա խաղացողների վրա վերջին ժամանակներս շատ քարեր նետվեցին: Ավելորդ անգամ նույնը կրկնել հարկավոր չէ:

Տղաները բոլորից լավ գիտեն ու հասկանում են, որ պետք է հաղթել և ավելորդ ճնշում գործադրելն ավելի շատ կխանգարի նրանց:

Այո՛, այժմ մենք ունենք միջին կամ նույնիսկ միջինից ցածր խաղամակարդակի հավաքական, բայց չէ՞ որ մեր մրցակիցները ոչնչով չեն գերազանցում մեզ: Մխիթարյանն ու թիմակիցները պարզապես պետք է դուրս գան մարտի, կռվեն իրենց կյանքի վերջին պայքարի պես և այդ դեպքում հաղթանակը շատ մոտ կլինի:

Վախենալ պետք չէ, այլ մի փոքր ավելացնել վստահությունն իրենց ուժերին և վերջ: Նոյեմբերին կայացած երկու ընկերական խաղերը վառ ապացույցն էին այն բանի, որ մենք կարող ենք, պարզապես փորձել է պետք:

Հասկանալի է, որ այժմ այնպիսի վիճակում ենք, որ նույնիսկ Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականներին չենք կարող թերագնահատել, մակեդոնացիներին՝ առավել ևս: Սա ըմբռնում են նաև Պետրոսյանի ֆուտբոլիստներն ու միակ բանը, որ կարող է նրանց օգնել՝ երկրպագուների աջակցությունն է:

Պետք է դեռևս մտածել խմբում հաղթելու մասին, ինչը մեր ուժերի սահմանում է: Հարևան Ադրբեջանում արդեն վախենում են, որ եթե մրցաշարում հանդիպեն Հայաստանին ու պարտվեն, ապա հայրենիք վերադառնալ չեն կարող:

Նման մտքերով տարվել պետք չէ, այլ պարզապես հավատալ մեր ուժերին, դուրս գալ խաղադաշտ ու հաղթել այնպես, ինչպես 2012-ին ջախջախում էինք մակեդոնացիներին, հաղթել այնպես, ինչպես մենք կարող ենք ու սովոր ենք տեսնել:

Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս