Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանի ծրագրերում առաջին հերթին կրունկի վնասվածքից ապաքինվելն է։ Անին մրցաշարերի չի մասնակցում նոյեմբերից։ Ապաքինման ընթացքի, երբևէ հանդիպած ամենաուժեղ մրցակցի, հայկական թենիսում առկա խնդիրների ու համաշխարհային թենիսի մի շարք հարցերի շուրջ Armsport-ը զրուցել է Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանի հետ։
— Անի՛, ինչ մարզավիճակում ես հիմա։ Որտե՞ղ ես մարզվում։
— Ես հիմա չեմ մարզվում, քանի որ ունեմ կրունկի վնասվածք։ Նոյեմբերի 26-ից ես չեմ մարզվում։ Վերջին խաղս եղել է այդ օրը Հունաստանում։ Հիմա եկել եմ Հայաստան, որպեսզի բուժեմ վնասվածքս։
— Ի՞նչ լրջության է վնասվածքը։
— Բավականին լուրջ վնասվածք է, անգամ խանգարում է ինձ քայլելու ընթացքում։ Անցնում եմ տարբեր թերապիաներ, հաջորդը առաջիկա շաբաթ է։ Հուսամ՝ լավ կլինի։ Հիմա միայն մտածում եմ ապաքինման մասին, հետո նոր կմտածեմ մրցաշարերի մասին։ Իսկապես ոտքս շատ էր ցավում, ես հասկացա, որ այսպես չի կարող շարունակվել։ Այդ իսկ պատճառով մտածում եմ նախ ամբողջությամբ ապաքինվելու, հետո մարզումները վերսկսելու և նոր հետո միայն մրցաշարերին մասնակցելու մասին։
— Շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Խոսենք Հայաստանում թենիսի իրավիճակի մասին։ Ի՞նչ է պետք թենիսը ավելի մասսայական դարձնելու ու զարգացնելու համար մեր երկրում։
— Կարծում եմ՝ թենիսը մեծ հաշվով զարգացած է մեր երկրում, մանավանդ փոքրերի մոտ։ Կան 10-12 տարեկան երեխաներ, որոնք շատ լավ են խաղում։ Սակայն հենց իմ օրինակով կարող եմ ասել, որ ուղղակի լավ խաղալը հերիք չէ թենիսում։ Դու պետք է հովանավոր ունենաս, որը, քեզ աջակցելով, ներդրում է կատարում։ Իհարկե, դու հետագայում, այսպես ասած, փոխհատուցում ես դա։ Հովանավորները տարբեր կերպ են պայմանավորվածություններ ունենում մարզիկների հետ։
Եթե դու լավ ես խաղում փոքր տարիքում, բայց դու չունես գումար, դա ոչ մի բան է։ Այսինքն քո արածը ջուրն է ընկնում։ Այդպես եղել է նաև ինձ մոտ։ Ես մի քանի անգամ դադարել եմ խաղալ, քանի որ ընդհանրապես հնարավորություն չկար մրցաշարի մասնակցելու, իսկ եթե դու մրցաշարի չես գնում, քո մարզվելը անիմաստ է դառնում, քանի որ դու մարզվում ես մրցաշարերի մասնակցելու համար։
— Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ գալիս է մի տարիք, երբ թենիսիստի առաջ գնալը ուղիղ կապված է հովանավորի հետ։
— Այո՛, իհարկե։ Խնդիրը դրանում է, որ մենք չունենք հովանավորներ։ Ես դիմել եմ մի քանի մեծ կազմակերպությունների, բայց նրանք ընդհանրապես հետաքրքրված չեն սպորտում ներդրում կատարելու մեջ։ Կարելի է ասել, որ թենիսը Հայաստանում շատ զարգացած է սիրողական մակարդակով, բայց պրոֆեսիոնալ մակարդակում զարգացած չէ։ Այլ երկրներում ֆեդերացիաները մեծ ֆինանսական միջոցներ ունեն ու կարող են ֆինանսավորել մարզիկներին, ու այստեղ խոսքը միայն թենիսի մասին չէ։ Իսկ մեզ մոտ ֆեդերացիան այդքան գումար չունի հովանավորելու համար։ Դրա համար պետք են անհատ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրում կատարել։
— Ձեր սերնդում, կամ ձեզնից հետո դու ճանաչու՞մ ես այնպիսի խաղացողների, որոնք մեծ տաղանդ են ունեցել, սակայն չեն դարձել պրոֆեսիոնալ թենիսիստ հենց հովանավոր չունենալու պատճառով։
— Ինձ թվում է՝ նման դեպքեր շատ կան ու ոչ միայն Հայաստանում։ Ես ունեմ ընկերներ ամբողջ աշխարհում, որոնք ունեն գրեթե նույն խնդիրը։ Շատերը գնացել են ԱՄՆ սովորելու՝ հասկանալով, որ այլ ելք պարզապես չկա։ Իսկ ԱՄՆ-ը աջակցում է իր մարզիկներին, անգամ նրանց, ովքեր խաղում են իրենց համալսարանների համար։ Շատերին գիտեմ, ովքեր, իմանալով, որ ունենալու են հովանավորչություն, ընդունում են այդ առաջարկները ու գնում են երկրից։ Թենիսում ամեն ինչ մեծ գումարների հետ է կապված՝ հագուստ, ռակետներ, խաղակոշիկներ։ Ես նույնպես ունեի նման ցանկություն ԱՄՆ գնալու, սակայն երբ գնում ես այդպիսի երկիր, առաջին շեշտը դրվում է սովորելու վրա, իսկ այդ պարագայում պրոֆեսիոնալ թենիսիստ չես կարող դառնալ, մինչդեռ ես միշտ ուզեցել եմ դա։ Գուցե հենց դրա համար չեմ գնացել։
— Անի՛, ասեցիր, որ բազմաթիվ ընկերներ ունես ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր է, կա՞ շփում հայկական արմատներ ունեցող ռուսաստանաբնակ թենիսիստների, մասնավորապես Մարգարիտա Գասպարյանի կամ Կարեն Խաչանովի հետ։
— Մարգարիտայի հետ շփում կա։ Instagram-ում, երբ տեսնում եմ, որ նա այս կամ այն մրցաշարի է պատրաստվում, հաջողություն եմ մաղթում։ Բայց մոտ շփում հիմա չկա։ Ժամանակին կար, երբ նա [Մարգարիտան] ամեն տարի ամռանը գալիս էր Հայաստան, մենք միասին մարզվում էինք, շփվում էինք, իսկ հիմա այդքան հաճախ չենք շփվում։ Խաչանովին պարզապես գիտեմ, բայց նրա հետ շփում չեմ ունեցել։
— Անի՛, Australian Open-ից առաջ աշխարհի ուժեղագույն թենիսիստները երկշաբաթյա խիստ կարանտինի մեջ են։ Այդպիսի պրոֆեսիոնալների համար ի՞նչ հետևանք կարող է ունենալ նման մեծ մրցաշարից առաջ այդքան երկար ժամանակ սենյակներում մնալը։
— Երբ փոքր էի, եթե չխաղայի անգամ մեկ օր, հաջորդ օրը տպավորություն էր, որ ես ռակետը բռնում եմ առաջին անգամ։ Տարիքի հետ դա փոխվում է։ Իսկ հիմա, եթե չխաղամ անգամ մի քանի ամիս, ընդամենը մեկ շաբաթում ամբողջությամբ կարող եմ վերականգնել թենիսի մարզավիճակը։ Ես խոսում եմ զուտ թենիսի և ոչ ֆիզիկականի մասին։ Ֆիզիկականը վազքն է, հոգնածությունն է, շնչառությունն է, մինչդեռ թենիսայինը գնդակը զգալն է, նրա արագությունը հասկանալը։ Թենիսային մարզավիճակը շատ արագ է հետ գալիս, իսկ ֆիզիկականը․․․գիտե՞ք՝ հիմա այդ թենիսիստները այնպիսի պրոֆեսիոնալ մասնագետների հետ են աշխատում ու այնպիսի սարքավորումներ ունեն անգամ իրենց համարներում, որ անգամ 4 պատի մեջ նրանք կարող են գերազանց մարզավիճակ պահպանել։ Այնպես որ նրանց մոտ որևէ խնդիր չի լինելու, երբ կորտ վերադառնան։
— Անի՛, կարո՞ղ ես հիշել, թե ով է եղել ամենաուժեղ թենիսիստը, ում հետ երբևէ խաղացել ես։
— Ես խաղացել եմ Սիմոնա Հալեպի հետ։ Դա 2004 թվականին էր։ Ես մասնակցում էի Էստոնիայում ընթացող Development մրցաշարին մինչև 14 տարեկանների համար։ Դա ITF-ի (Թենիսի միջազգային ֆեդերացիա/խմբ․) ծրագրերից էր, ուր գնում էին երկրի առաջին և երկրորդ համարները։ Իմ ու Հալեպի խաղը տևեց 1 ու կես ժամ, ես պարտվեցի 0-6, 0-6 հաշվով (ծիծաղում է/խմբ․)։ Բայց բոլոր գեյմերը շատ համառ պայքարում էին անցնում, դրա համար էլ խաղն այդքան երկար տևեց, բայց այդ ժամանակ ով իմանար․․․
— Որ դու խաղում ես Ուիմբլդոնի ապագա չեմպիոն հետ։
— Այո՛, այո՛։
— Անի՛, հիշելով Հալեպի Ուիմբլդոնի հաղթանակը Ուիմբլդոնի եզրափակիչում Սերենա Ուիլյամսի դեմ խաղում մի հարց առաջացավ։ Շատերն են խոսում, որ Սերենան երեխայի ծնվելուց հետո չի կարողանում հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերում, թեպետ 3 եզրափակիչի է մասնակցել։ Ըստ քեզ՝ ո՞րն է խնդիրը։
— Ես ընդհանրապես չեմ կարծում, որ դա կարող է ընտանիքի հետ կապված լինել։ Դա գուցե հոգեբանական ինչ-որ խնդիր է, բայց չեմ կարծում, որ այդ հոգեբանական խնդիրը ընտանիքն է կամ երեխան։ Ես նույնպես երեխա ունեմ, ամուսնացած եմ ու կարող եմ ասել, որ երեխա ունենալուց հետո ավելի լավ ես սկսում խաղալ։ Դա գալիս է նրանից, որ կյանքի առաջնահերթությունները փոխվում են, ու դու թենիս խաղում ես ավելի ազատ, քան դու խաղում էիր մինչև այդ։ Ես նույնպես չէի մտածում, որ այդպես կարող է լինել, բայց հենց այդ պահին ես սկսում ավելի շատ արժևորել թենիսը, քանի որ երկար ժամանակ սպորտից դուրս ես եղել։ Երբ չես խաղում, կարոտում ես սպորտը ու ուզում ես նորից խաղաս։ Իսկ վերադարձից հետո թենիսի այդ համը ուրիշ ձև ես զգում։
— Այս հարցը չեմ կարող չտալ։ Ֆեդերե՞ր, Նադա՞լ, թե՞ Ջոկովիչ։ Եվ ինչու՞։
— Իհարկե, Ֆեդերեր։ Կորտում իր պահելաձևը, համեստությունը․․․կարծում եմ՝ բոլորը իմ հետ համաձայն կլինեն այս հարցում։ Ինձ շատ է դուր գալիս նաև Ջոկովիչի տեխնիկան, ոտքերի շարժումը կորտում և ընդհանրապես նրա խաղը։ Նադալն էլ գրունտի արքան է։
Նրանցից յուրաքանչյուրը ունեն իրենց առանձնահատկությունը, բայց ես կընտրեմ Ֆեդերերին։ Շատ եմ սիրում նաև Գաել Մոնֆիսին։ Կրկնում եմ՝ Ջոկովիչի ոտքերի աշխատանքը լավագույնն է, նա ավելորդ որևէ բան չի անում կորտում, բայց Ֆեդերերին ոչ ոք չի կարող հասնել։
— Թերևս եզրափակենք հենց այս համատեքստում․ այս տարի լրանում է Ֆեդերերի 40-ը, բայց նա պատրաստվում է շուտով կորտ վերադառնալ։ Ի՞նչ սպասումներ կան նրանից այս տարիքում ու մեկ տարի չխաղալուց հետո։
— Չեմ կարծում, որ տարիքը նշանակություն ունի։ Նրա հետ այնպիսի մասնագետներ են հիմա աշխատում․․․Ավելի կարևոր է ֆիզիկական մարզավիճակը, իսկ Ռոջերը մեծ մրցաշարերի մոտենում է լավ ֆիզիկական մարզավիճակում։
Արամ Սահակյան