Սենիկ Կարա-Պողոսյանը՝ Գվարդիոլայի հետ մտերմության, Մեսսիի հետ հարցազրույցի և շատ այլ թեմաների մասին

18:13 28.02.2018

«Պրոֆֆուտբոլ» հաղորդման հեղինակ, մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանն Armsport.am-ի հյուրն էր:

Սենիկի հետ զրուցել ենք հայտնի հաղորդման մասին, նրա և Խոսեպ Գվարդիոլայի մտերմության, Լիոնել Մեսսիի հետ հարցազրույցի և մի շարք այլ թեմաների մասին:

 - Ինչպե՞ս է ընթանում ստեղծագործական կյանքը:

 - Վերջին 18 տարիների ընթացքում նույն տեմպը՝ օրական 17-18 աշխատանքային ժամ:

 - «Պրոֆֆուտբոլը» լինելով առաջինը ոլորտում՝ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել տարիների ընթացքում:

 - Մեծամիտ պատասխան չդիտվի իմ կողմից, բայց այս զարգացող դարում, երբ ինտերների դեմ գրեթե ամեն ինչ անզոր է դառնում, այդուհանդերձ «Պրոֆֆուտբոլը» պահպանում է իր դիրքերը: 2-3 ամիս առաջ լուրջ փորձարկում արեցի. երկուշաբթի, երեքշաբթի օրերին նոր թողարկում չներկայացրինք. օրական ստացա մոտ 120-130 հաղորդագրություն: Մարդիկ սովորել են, կապվել են հաղորդման հետ: Նույնիսկ այսօր հեռուստատեսային պրոյեկտը շարունակում է սպասելի մնալ: Փոփոխությունները շարունակական են, բայց հաղորդման բուն հիմքը նույնն է. կողմնակից չեմ փոխել այն, ինչը հաջողություն է բերում:

 - Հաղորդման բոլոր դիտողներին իրապես հետաքրքրում է, թե որտե՞ղ է հաջողության գաղտնիքը:

 - Աշխատանքին հիվանդագին մոտեցման մեջ է, ես իմ աշխատանքից գերագույն հաճույք եմ ստանում: Եթե ես 2-3 օր չաշխատեմ, գուցե հիվանդանամ:

Ինչպես գիտեք, հաղորդումը Գինեսի ռեկորդների գրքի եռակի թեկնածու է: Ես՝ միայնակ աշխատանքի համար, 14 և ավելի տարի եթերում լինելու մասով, 11.5 տարի և ավելի հաղորդավարի՝ եթերում չերևալու գծով:

 - Առաջիկայում ի՞նչ է սպասվում հաղորդմանը:

 - Բնական է, Աշխարհի առաջնությանը թարմության ակնկալիքներ են լինում: Անպայման անակնկալներ կլինեն «Պրոֆֆուտբոլի» հետևողներին:

 - Եվրոպա լիգայի խաղարկությունը վերադարձել է հեռուստաեթեր, խաղերը Դուք եք մեկնաբանում: Որքանո՞վ է բարդ, ի՞նչ առանձնահատկություններ կան:

 - Ինձ համար մեկնաբանական աշխարհում ամենաբարդ փորձությունը Բրազիլիայի առաջնությունում աշխատելն էր: Հանդիպումները սկսվում էին 2 անց, իսկ ավատվում 4 անց: Երբ վերադառնում էի, մարդիկ արդեն աշխատանքի էին գնում: Դրանից հետո սարսափելի բան ինձ համար չկա:

Եվրոպա լիգայի այս խաղարկությունը նախորդներից իրոք տարբերվում է: Այժմ թիմերով և հետաքրքրությամբ իրոք տարբերվում է ամեն ինչ:

 - Ի՞նչ շանսեր ունի «Արսենալը» ԵԼ-ում հաղթելու համար:

 - Նախ պետք է «Միլանի» արգելքը հաղթահարել: «Միլանը» գնալով սարսափելի է դառնում՝ շնորհիվ մարզչի: Կան 3-4 թիմեր, որոնք Եվրոպա լիգայի մեջ են իրենց «փրկությունը» տեսնում՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը:

  - Մխիթարյանի մասին.

 - Մխիթարյանը մեր պարծանքն է: Հայ ֆուտբոլասերների առօրյան սկսվում և ավարտվում է Հենոյով. դա բնական է: Գուցե Մխիթարյանից հետո 20 տարի նման ֆուտբոլիստ չունենանք. Աստված տա՝ սխալվեմ: Պետք է գնահատենք այն, որ մեր երկրում Հենրիխի նման ֆուտբոլիստ կա: «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-ինչ պատճառներով չստացվեց «Ոչ Յուրահատուկի» հետ. այժմ ես նրան «Special One» ամենևին չեմ համարում, նա նախկինում էր այդպիսին:

 - Կանգնած լինելով հայկական մարզական լրագրության ակունքներում՝ հետաքրքիր է Ձեր կարծիքը մեր հանրության ֆուտբոլային մտածելակերպի մասին:  

 - Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մենք ֆուտբոլային ազգ ենք: Ծանր սոցիալական պայմանները, դժվարին կյանքը ֆուտբոլին մղում է 2-րդ պլան: Դա է պատճառը, որ ֆուտբոլի հետ սերտ կապ ունեցած անձինք այսօր այլ ոլորտներում են աշխատում, դրանից ֆուտբոլային ոլորտը թուլանում է:

  - Երկար տարիներ Ձեր ձայնը հարազատ է շատերին, անգամ սերունդ է մեծացել այդ ձայնի տակ. այսքան ժամանակ Դուք գրեթե չեք առերեսվել տեսախցիկներին. ինչո՞ւ և ինչպե՞ս: Բացեք նաև փակագծերը, թե ինչպես է Ձեր ձայնը հաճելի հեռուստադիտողների համար:

 - Վերջից սկսեմ. ձայնիս հարցում իմ ներդրումը չունեմ (ժպտում է,- խմբ.): Ծնողներիցս է ձայնս, պարզապես ստացվել է: Չեմ կարծում, թե սպորտային մեկնաբանը պետք է եթերից երևա: Սպորտային լրագրությունն ինտերակտիվ արագություն է պահանջում, իսկ այդ արագության մեջ պետք է զրկել կոստյումի գույնից, սանրվածքից… հեռուստադիտողը պետք է կենտրոնանա ինֆորմացիայի վրա: «Պրոֆֆուտբոլը» 2000 թվականից դրանով տարբերվեց. բոլորը սպասում էին հաղորդավարի երևալուն, բայց… ճիշտը սա է:

 - Տարիներ շարունակ հաղորդումը միակն է իր ոճի մեջ և լուրջ մրցակիցներ չի ունեցել: Այդ հանգամանքը որքանո՞վ է մոտիվացնում:

 - Անկեղծ պատասխանեմ. շատ կցանկանամ, որ բոլոր հեռուստաալիքներում սպորտային հաղորդումներ լինեն: Խոստովանում եմ, որ ինձ մոտ լճացում է: Որքան շատ հաղորդումներ լինեն, «Պրոֆֆուտբոլը» ավելի լավը կլինի:

 - Հետաքրքիր ի՞նչ դեպք կպատմեք «Պրոֆֆուտբոլի» հետ կապված:

 - Իրական դեպք պատմեմ: Վանաձորից մի պապիկ զանգահարեց 2000 թվականին Եվրոպայի առաջնության եզրափակչի նախօրեին: Ասաց, որ տղայի հետ բանավիճում է հաղթողի վերաբերյալ: Ասացի, որ Ֆրանսիան արդեն չեմպիոն է դարձել՝ հաղթելով 2:1 հաշվով: Կատակեցի՝ ասելով, թե գոլ խփողը Վիլտորն էր կամ Տրեզեգեն: Եզրափակիչ խաղից հետո հաղորդումը պատրաստելիս հիշեցի Ռաֆիկ պապիկի մասին: Այնուհետև զանգահարեց ինձ, ասաց, թե խաղն ինչպես եմ դիտել, ասացի հեռուստացույց եմ գնել, ամեն ինչ մի օր առաջ ցույց է տվել: Հարցրեց, թե ինչ հեռուստացույց է, ասացի «Philips»: Հետաքրքիրն այն է, որ ժամեր անց դարձյալ զանգահարեց ու ասաց, որ նշածս խանութում է և օգնեմ մոդելի հարցում:

 - «Բարսելոնայից» խոսենք…

 - Այ մի հետաքրքիր դեպք պատմեմ: Իսպանիայում էինք, երբ ավտոբուսը կանգնեց և իջան 40-ին մոտ չինացիներ և եկան ինձ մոտ՝ կարծելով, թե Գվարդիոլան եմ: Լուսանկարվեցին ինձ հետ, ստորագրություններ վերցրին: Կինս ասաց, որ 40 հոգու հուսախաբ անել պետք չէ: Բոլորի հետ լուսանկարվել եմ:

 - Ի՞նչ նորություններ կան:

 - «Կամպ Նոուի» հենասյուներից մեկին իմ անվանատախտակն է փակցվել: Պետք է Ամանորին գնայի և տեսնեի, բայց չստացվեց, ամռանը կգնամ:

 - Գիտենք, որ ակումբ ազատ մուտք ու ելք ունեք…

 - 2008 թվականից Vip-Socio եմ, ազատ մուտք և ելք ունեմ թիմի մարզաբազա: Կարող եմ պարծենալով դեպք պատմել. 2010 թվականին, երբ իմ Socio քարտով մտա, Կոբի Բրայանտին թույլ չէին տալիս, նա բղավում էր, իսկ անվտանգությունը հանգստացրեց իրեն:

 - Գիտենք, որ մտերիմ եք Խոսեպ Գվարդիոլայի հետ: Ի՞նչ կպատմեք իրենից:

 - Գվարդիոլան իմ կուռքն է եղել: Նախկինում, երբ շատերը երկրպագում էին Մարադոնային, Գուլիտին, Վան Բաստենին, իմ կուռքը Գվարդիոլան էր: Տարիների ընթացքում մտերմացանք, ընկերություն եմ անում նաև Չավիի, Պիկեի, փոխնախագահների և շատերի հետ:

Գվարդիոլան Հայոց ցեղասպանության մասին շատ լավ գիտի: Ժամանակին, երբ թուրքական ավիաընկերություններից մեկը ցանկանում էր հովանավոր լինել «Բարսելոնային», Գվարդիոլան խոչընդոտեց և միայն տեխնիկական հովանավոր մնաց այդ ընկերությունը: Ամեն տարի Գվարդիոլային հանդիպելիս Ցեղասպանությունը հիշեցնող հուշանվերներ եմ ինձ հետ տանում:

 - Լինելով «Բարսելոնայի» մեծ երկրպագու՝ տարիների ընթացքում եթերում այդ հանգամանքը ինչպե՞ս է դրսևորվել:

 - «Բարսելոնան» եթերից դուրս է, եթերում բոլոր թիմերը հավասար են: Ժամանակին «Պրոֆֆուտբոլ +» կիրակնօրյա հավելվածը կար. «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ է ներկայացվել, «Ռեալի»՝ 17: «Պրոֆֆուտբոլը» ինձ կրթել է՝ որպես ֆուտբոլասեր: «Ռեալի» երկրպագուների կողմից ես բավականին սիրված եմ:

Նշեմ նաև, որ կինս «Ռեալի» երկրպագու է:

 - Իսկ ինչպե՞ս է լինում «Բարսելոնա»-«Ռեալ» խաղերի ընթացքում:

 - Դիտում ենք տարբեր սենյակում, մեջտեղում էլ բարեկամներ (ժպտում է,- խմբ.): Ինքը գիտի, որ աչքերի մեջ փայլ չպետք է լինի… դե 10-րդ հարկում ենք ապրում:

 - Վերջում կցանկանայինք պատմեք Լիոնել Մեսսիի հետ արված հարցազրույցի մանրամասներից:

 - Ակումբի փոխնախագահներից մեկի հետ պայմանավորվել էինք հարցազրույցի համար: Հերթական մարզումից հետո Մեսսին նրա հետ պետք է նկարահանման հրապարակ գնար: Փոխնախագահն ինձ ասաց, որ 20 րոպեից տեղում կլինեն, ես էլ գնամ: Մեսսին իջեցրեց մեքենայի պատուհանը և ասաց, որ կարող է իր հետ տանել: Ես և կինս նստեցինք Մեսսիի  Audi Q7-ը: Նա ասաց, որ միայն թե հետևից չնկարենք հեռախոսով: Այդ պահին մեզ մոտ մեկ հեռախոս էր, դրեցի նստարանների արանքում, նա ինձ վերադարձրեց՝ հասկացնելով, որ հավատում է: Գնացինք «Էսպանյոլի» նախկին ստադիոնի տարածք «adidas» գովազդի համար նկարահանման հրապարակ: Վերջում էլ 1 րոպե 20 վայրկյան տևողությամբ հարցազրույցի իրավունք ստացա: 

Արման Առաքելյան

Մեսսիի հարցազրույցը տեսանյութի 6-րդ րոպեից:

 

Share |

Լրահոս