ՉԼ. Արքայական խաղ Փարիզում. ՊՍԺ-ն դարձյալ անզոր էր Ռեալի դեմ (տեսանյութ)

01:41 07.03.2018

Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշրջանի խաղարկությունում հայտնի դարձան 1/4 եզրափակչի առաջին մասնակիցները:

1/8 եզրափակչի կենտրոնական դիմակայություններից էր ՊՍԺ-ի ու «Ռեալի» մրցավեճը: Առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով:

Պատասխան խաղն անցավ «սերուցքայինների» սցենարով: Ամբողջ հանդիպման ընթացքում մադրիդցիները թելադրում էին խաղի ընթացքը ու վերջնական արդյունքում կարողացան հաղթել 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո պորտուգալացին գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ դառնալով ՉԼ-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 9 խաղ անընդմեջ:

Հանդիպման 66-րդ րոպեին ՊՍԺ-ի կիսպաշտպան Մարկո Վերատին երկրորդ դեղին քարտը ստացավ ու իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով:

Փարիզյան ակումբը փորձեց պայքարել ու Կավանիի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Սակայն, մադրիդյան ակումբը հաղթեց ոչ միայն ընդհանուր դիմակայությունում, այլ նաև պատասխան խաղում: 80-րդ րոպեին Կասեմիրոն անդրադարձի օգնությամբ հաշիվը դարձրեց 2:1:

Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմը դիմակայությունում հաղթում է ընդհանուր 5:2 հաշվով ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

Share |

Լրահոս