Նորբերտո Բրիասկո-Բալեկյան. Ով է Հայաստանի հավաքական հրավիրված նորեկը

10:09 09.03.2018

Մարտի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն մարտի 24-ին (Հայաստան-Էստոնիա) և մարտի 27-ին (Հայաստան-Լիտվա) կայանալիք ընկերական հանդիպումներին:

13 ֆուտբոլիստների մեջ միայն մեկ խաղացող է, որ առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական:

Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյան. մորական կողմից հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը  խաղում է արգենտինական «Ուրականում», ու արժանանալով Արթուր Պետրոսյանի ուշադրությանը, հրավիրվել է հավաքական:

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել մի քանի փաստեր հավաքականի նորեկի մասին.

Անուն, ազգանուն - Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյան

Ծննդյան թիվ - 29.02.1996 թվական

Հասակ - 1.79մ

Ակումբ - «Աթլետիկո Ուրական»

Խաղային դիրք - կենտրոնական հարձակվող


Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս Արգենտինայի առաջնությունը ներկայացնող «Աթլետիկո Ուրական» ակումբում: Ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը: 

2016/17 թվականների մրցաշրջանում Բրիասկոն մասնակցել է 18 հանդիպման և աչքի է ընկել 3 անգամ:

Արգենտինայի այս առաջնության մեկնարկային խաղում մնացել է պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 8 խաղերին չի հայտավորվել:

10-րդ տուրում «Ուրականը» մրցել է «Չակարիտա Հունիորսի» հետ: Բրիասկոն երկար դադարից հետո հայտավորվել է թիմի խաղին ու դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից: Նուրբերտոն այդ խաղում խփել է իր թիմի առաջին գոլը, իսկ «Ուրականը» հաղթել է 2:0 հաշվով:

Սա այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում Բրիասկոյի դեռևս միակ խփած գնդակն է: 

22-ամյա հարձակվողը ևս մեկ անգամ աչքի է ընկել մինչմրցաշրջանային դադարի ընթացքում: «Բանֆիլդի» հետ խաղում հայազգի հարձակվողը դարձել է հաղթական գոլի հեղինակ: 

Բրիասկոն Արգենտինայի առաջնությունում մասնակցել է ևս 4 հանդիպման, իսկ վերջին 4 խաղերին չի հայտավորվել վնասվածքի պատճառով:


Հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը նշել է.

«Ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է: Ամեն անգամ, երբ ես խաղադաշտ եմ մտնում մոռանում եմ բոլոր խնդիրներս: Ես դաշտում ինձ լավ եմ զգում: Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ և կշարունակեմ մնալ այսպիսին»:

«Ուրականի» նախկին գլխավոր մարզիչ Ռիկարդո Կառուզոն, ով նպաստել է Բրիասկոյի ձեռքբերմանը, խաղացողի մասին ասել է.

«Տղան հիանալի պրոֆեսիոնալ է և ավելի հետաքրքիր է նրան ինչ-որ բան սովորեցնել, քան ուրիշին: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ունի շատ ուժ և միշտ գնում է ամեն ինչի հետևից: Նա մեծ պոտենցիալ ունի, որը կկարողանա ապագայում կիրառել»:

Share |

Լրահոս