Չանչարևիչ. 11-մետրանոցից առաջ խորհրդակցել էի թիմակցիս հետ և գիտեի` ինչպես այն հետ մղել

12:02 12.03.2018

Հայաստանի առաջնության 18-րդ տուրի` «Բանանցի» հետ անցկացրած դրամատիկ խաղից հետո (2:2) «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կիսվել է իր տպավորություններով:

Խաղի վերջնամասում «Ալաշկերտի» նորեկը հիանալի ցատկով հետ է մղել 11-մետրանոցն ու փրկել իր թիմին վերահաս գոլից:

«Շատ դժվար հանդիպում ստացվեց:

Երկու թիմերն էլ լավ հանդես եկան: Մեզ հաջողվեց երկու գոլ խփել և բեկել անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը: Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ` պարտվել, սակայն ոչ-ոքին խաղի օրինաչափ արդյունքն է:

11-մետրանոցից առաջ խորհրդակցել էի թիմակցիս հետ և հստակ գիտեի, թե ինչպես եմ պատրաստվում հետ մղել հարվածը: Ստացվեց»,- Չանչարևիչի խոսքերն է փոխանցում «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

Սերբ դարպասապահը խոսել է նաև Արսեն Բեգլարյանի հետ իր հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի առաջնության մասին.

«Արսեն Բեգլարյանը հիանալի անձնավորություն և շատ լավ դարպասապահ է: Շատ հաճելի է նրա հետ աշխատել և շփվել խաղադաշտում և խաղադաշտից դուրս:

Հայաստանի առաջնությունն ինձ դուր է գալիս: Այստեղ բավականին մարտունակ թիմեր են հանդես գալիս, որոնք պայքարում են մինչև վերջ: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում, թիմում ինձ շատ լավ են ընդունել: Մեր նպատակը չեմպիոնությունն է»,- նշել է 28-ամյա դարպասապահը:

Share |

Լրահոս