Ավարտվել է սուսերամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

16:37 12.03.2018

Ավարտվել է սուսերամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ճկասուսերակիր տղաները հաջող հանդես չեն եկել, իսկ խոցասուսեր զենքաձևում մեր մարզիկների մասնակցությունը գնահատել է բավարար.

«Ճկասուսերակիր տղաները՝ Արմեն Դալլաքյանը, Պարգև Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը չեն կարողացել հաղթահարել առաջին փուլը:

Խոցասուսերում Էդուարդ Օվիկյանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը: Բարձր արդյունք չէ, բայց բավարար է: Նույն զենքաձևում եղբայրներ Արման և Վահագն Գրիգորյանները 65-րդն ու 67-րդն էին: Վահագնը հաջող էր հանդես եկել պատանիների Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Ալեքսան Նավասարդյանը:

Մարզիչը հայտնել է, որ մինչև աշխարհի երիտասարդական առաջնությունը, այս ամիս Էդուարդ Օվիկյանն Իտալիայում կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի:

Նավասարդյանի խոսքով՝ փորձում են հավաքին ներգրավել նաև Էմմա Պողոսովային, որը պատրաստվում է Երևանում կայանալիք Եվրոպայի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Մարզիչը նշել է, որ երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցեն Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, գուցե նաև Համլետ Մխոյանը:

 

Share |

Լրահոս