Գևորգ Օհանյան. Արարատի հաջողության գրավականը մարզիչների վստահությունն է այն հայ ֆուտբոլիստների հանդեպ, ովքեր դեռ ասելիք ունեն

18:37 12.03.2018

26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լիբանանի «Հոմենեթմեն» ակումբից տեղափոխվեց «Արարատ», որտեղ ավելի վաղ հանդես էր եկել 2013/14թ. մրցաշրջանում:

Հայաստանի առաջնության վերսկսումից հետո ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրած 3 խաղերում արդեն 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Փյունիկի» հետ կայացած դրամատիկ խաղում Օհանյանը նախ կրճատել է հաշվի տարբերությունը, այնուհետև 2 գոլային փոխանցումների շնորհիվ նպաստել իր թիմի հաջողությանը (3:3):

«ArmSport.am»-ն այս ու մի շարք այլ հարցերի մասին զրուցել է «Արարատի» ֆուտբոլիստի հետ.

- «Փյունիկի» հետ խաղը բավականին լարված ստացվեց: 0:2 հաշվով պարտվելուց հետո ինչպե՞ս կարողացաք բեկել խաղի ընթացքն ու արդյունքում ոչ-ոքի գրանցել:

- «Ալաշկերտի» հետ նախորդ տուրում անցկացրած խաղից հետո մեզ մոտ վստահություն կար, որ կարող ենք պայքարել, գեղեցիկ խաղ ցուցադրել և հաղթել բոլոր թիմերին: «Փյունիկի» հետ խաղը հեշտ չդասավորվեց մեր թիմի համար, բայց թիմը նորից բնավորություն և ցանկություն ցույց տվեց: Հավատալով պայքարեցինք մինչև վերջ և կարողացանք շատ ծանր և էմոցիոնալ խաղում միավոր վաստակել: Հաղթելու ցանկությունը շատ մեծ էր, բայց կարծում եմ` ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր:

- «Արարատը», կարծես, կերպարանափոխված է վերսկսել առաջնությունը և անակնկալը հենց մեկնարկային տուրում գրանցեցիք` հաղթելով «Գանձասար-Կապանին»: «Արարատի» այս վստահ ու մի փոքր նաև անակնկալ մեկնարկն ինչի՞ հետ է պայմանավորված` ըստ քեզ: Ի՞նչ է փոխվել թիմում:

- Երբ միացա «Արարատին», շատ մեծ սեր ու վստահություն զգացի բոլորի կողմից. թե' մարզիչները և թե խաղացողները ջանք չէին խնայում, որպեսզի լավ պատրաստվեինք առաջնության երկրորդ հատվածին: Մինչև առաջնության վերսկսվելը բոլորի մոտ վստահություն կար, որ պետք է ավելին անենք ակումբի և ինքներս մեր հետագա զարգացման համար: 

«Գանձասար-Կապանի» հետ խաղում հաջողությունը մեզ ժպտաց, իսկ մենք էլ կարողացանք ճիշտ կատարել մարզչի հրահանգները և կարծում եմ` արժանի էինք հաղթանակին, քանի որ պայքարեցինք և մինչև վերջ հավատացինք մեր հաջողությանը: Կարծում եմ` մեր թիմի հաջողության գրավականը մարզիչների վստահությունն է հայ ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր դեռ ասելիք ունեն:

- Իսկ կպատմե՞ս ինչպես ստացվեց քո վերադարձն «Արարատ»: Լիբանանից հետո Հայաստանի առաջնություն վերադառնալով` մակարդակների ի՞նչ տարբերություններ կնշես:

- Վերջացել էր պայմանագրիս ժամկետը հարազատ դարձած «Հոմենեթմեն» ակումբի հետ, ավելի ճիշտ էր վերադառնալն ու Հայաստանի առաջնությունում խաղալը, քանի որ վերջին տարում ֆուտբոլային աճ չէի գրանցում: Ընկերոջս` «Արարատի» խաղացող Արգիշտի Պետրոսյանի առաջնորդությամբ հանդիպեցի գլխավոր մարզչի հետ: Բոլորի կողմից շատ մեծ վստահություն ստանալով` հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:

«Արարատ» եմ եկել խաղալու, հաղթելու և հաջողության հասնելու համար` ունենալով արտերկրում խաղալու փորձ և գիտակցելով, որ կարող եմ կուտակածս փորձով օգնել թիմիս: Լիբանանում շատ են սիրում ֆուտբոլ, գրեթե յուրաքանչյուր մարդ հետաքրքրված է ֆուտբոլով: Կան շատ ակումբներ և շատ են տեղացի խաղացողները: Ինչ վերաբերում է մակարդակների տարբերությանը, ապա կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն ավելի արագ է, բայց ինձ համար այնտեղ շատ ավելի դժվար էր, քանի որ կար շատ մեծ պատասխանատվություն: Պետք է 2-3 անգամ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարեի, որպեսզի կարողանայի թիմիս օգտակար լինել:

- Վերադառնալուց հետո դեռ ընդամենը 3 հանդիպում ես անցկացրել «Արարատում», բայց արդեն իսկ աչքի ես ընկել բարձր արդյունավետությամբ: Մասնավորապես, «Փյունիկի» հետ խաղում գրանցված արդյունքում քո դերակատարությունը ամենամեծն էր: Ի՞նչ զգացողություններ ունեիր խաղից հետո:

- Կարծում եմ` սա թիմային խաղի և նվիրվածության արդյունք է, մի փոքր էլ հաջողությունը ժպտաց և կարողացա օգնել թիմիս օգտակար գործողությամբ: Ճիշտն ասած, ավելի շատ ուրախանում եմ, երբ ոչ թե ինքս եմ գոլ խփում, այլ իմ փոխանցումից հետո գրավում են դարպասը: Խաղից հետո շատ հպարտ էի, քանի որ երկրորդ խաղն անընդմեջ պարտվելիս կարողացանք կամք և բնավորություն ցուցադրել և վերադառնալ խաղ: Հուսով եմ` կկարողանանք մյուս խաղերում ևս դիտարժան ու արդյունավետ գործել:

- Իսկ «Արարատի» շանսերն ընթացիկ մրցաշրջանում ինչպե՞ս կգնահատես: Մրցանակային տեղերի համար պայքարել, ամեն դեպքում, այլևս դժվար թե ստացվի: Թիմի առջև ի՞նչ խնդիր է դրված:

- Իրականում շատ դժվար է, բայց մինչև վերջին պահը պայքարելու ենք: Յուրաքանչյուր խաղից առաջ դաշտ ենք դուրս գալիս միայն հաղթանակի ձգտումով: Կարծում եմ` խաղից խաղ ավելի վստահ կգործենք և եթե հաջողությունն էլ ուղեկցի, կկարողանանք պայքարել բարձր տեղերի համար:

- Մեր կայքի վարկածով ճանաչվեցիր 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը: Այդ մասին ի՞նչ կասես:

- Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու և այն բարձրաձայնելու համար: Հպարտ եմ և ավելի պարտավորված` հետագա խաղերում ավելի հաջող հանդես գալու համար:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս