Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

12:56 13.03.2018

Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ևս երկու մասնակիցների անուններ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» կընդունի «Սևիլիային», իսկ «Ռոման» կհյուրընկալի «Շախտյորին»: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: 

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)-«Սևիլիա» (Իսպանիա) (առաջին հանդիպում՝ 0:0)

Առաջին հանդիպման արդյունքը մանչեսթերցիներին լավ հնարավորություն է տվել առաջին անգամ չորս տարվա մեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Մրցաշարի վիճակագրության համաձայն՝ երբ թիմն արտագնա խաղն ավարտել է 0:0 հաշվով, ապա 70 տոկոս դեպքերում դուրս է եկել հաջորդ փուլ:

«Ռամոն Սանչես Պիսխուանում» տեղի ունեցած դժգույն խաղից հետո «կարմիր սատանաները» հասցրել են վստահություն ձեռք բերել: Ժոզե Մոուրինյուի թիմը տանը կարևոր հաղթանակներ է տարել հիմնական մրցակիցների՝ «Չելսիի» և «Լիվերպուլի» նկատմամբ, ինչպես նաև կամային հաղթանակ է տարել «Քրիսթալ Փելասի» դաշտում: Այսպիսով, մանչեսթերցիները գրեթե ապահովել են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի ուղեգիրը:

Իր հերթին սևիլիացիները գրեթե զրկվել են հաջորդ մրցաշրջանում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: «Սևիլիան» այժմ չորրորդ տեղին զիջում է 11 միավոր:

Հավանական կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Սմոլինգ, Բայի, Վալենսիա, Մատիչ, Մակտոմինայ, Սանչես, Մատա, Ռեշֆորդ, Լուկակու

«Սևիլիա». Ռիկո, Մերկադո, Կյայեր, Լենգլե, Էսկուդերո, Բանեգա, Նզոնզի, Կորեա, Վասկես, Սարաբիա, Մուրիել

«Ռոմա» (Իտալիա)-«Շախտյոր» (Ուկրաինա) (առաջին հանդիպում՝ 1:2)

Առաջին հանդիպումից հետո տարբեր ձևի խոսակցություններ կային. ոմանք գովում էին «Շախտյորին», մյուսները զարմանում էին «Ռոմայի» անցկացրած երկրորդ խաղակեսի վրա, ոմանք էլ հիանում էին հռոմեացիների դարպասապահով: Սակայն գրեթե բոլորը համաձայն են, որ Հռոմում այլ պատկեր է սպասվում:

Իտալիայի առաջնությունում անցկացրած 6 պարտություններից 5-ը «Ռոման» կրել է տանը: Սակայն «Միլանին» պարտվելուց հետո «գայլերը» հաղթել են «Նապոլիին», որը «Յուվենտուսի» հետ պայքարում է չեմպիոնության համար: Օրեր առաջ էլ իտալական ակումբը հաղթել է «Տորինոյին» և լավ տրամադրությամբ է մոտենում առաջիկա խաղին:

Ինչ վերաբերում է «Շախտյորին», ապա ամեն ինչ գնում է Պաուլու Ֆոնսեկայի ծրագրով: Պորտուգալացի մասնագետն անակնկալ է պատրաստել մրցակցին: Այդ մասին վկայում է այն, որ վերջին մարզման ժամանակ նա միանգամից դուրս է բերել թիմը տեսախցիկների տեսադաշտից: 

Հավանական կազմեր.

«Ռոմա». Ալիսոն, Կոլարով, Մանոլաս, Ֆասիո, Ֆլորենցի, Նայնգոլան, Ռոսի, Ստրոտման, Յունդեր, Պերոտի, Ջեկո

«Շախտյոր». Պյատով, Բուտկո, Խոչոլավա, Ռակիցկի, Իսմայիլի, Ստեպանենկո, Ֆրեդ, Թայսոն, Մարլոս, Բերնարդ, Ֆերեյրա

Share |

Լրահոս