Սավիդին ներողություն է խնդրել ՊԱՕԿ-ԱԵԿ խաղի միջադեպի համար

17:00 13.03.2018

ՊԱՕԿ-ի նախագահ Իվան Սավիդին պաշտոնապես ներողություն է խնդրել Հունաստանի առաջնության հերթական տուրի` ԱԵԿ-ի հետ խաղում գրանցված միջադեպի համար.

«Ներողություն եմ խնդրում ՊԱՕԿ-ի բոլոր երկրպագուներից, հույն երկրպագուներից ընդհանուր առմամբ, ֆուտբոլային հասարակությունից: Զղջում եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:

Անկասկած, ես իրավունք չունեի այդ կերպ դուրս գալ խաղադաշտ:

Իմ էմոցիանալ արձագանքի պատճառն ընդհանուր բացասական իրավիճակն էր, որ տիրում է հունական ֆուտբոլում վերջին շրջանում, ինչպես նաև անընդունելի և ոչ մարզական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ՊԱՕԿ-ԱԵԿ խաղի վերջնամասում. խաղի մրցավարի գործողությունները, խաղի ընդհատումը, բողոքարկումը, երկու թիմերի կողմից տասնյակից ավելի մարդկանց դաշտ դուրս գալը:

Հավատացեք` ես մտադրություն չունեի հաշիվներ պարզել մրցակից թիմի ներկայացուցիչների կամ մրցավարների հետ: Եվ ես, իհարկե, ոչ մեկի չեմ սպառնացել»,- Սավիդիի խոսքերն է փոխանցում «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք` ՊԱՕԿ-ԱԵԿ խաղում Սավիդին, գոհ չլինելով գլխավոր մրցավարի` իր թիմի գոլը չարձանագրելու որոշումից, դաշտ է դուրս եկել և իր ֆուտբոլիստներին կոչ արել չշարունակել խաղը:

Տեսախցիկները Սավիդիի մոտ ատրճանակ են ֆիքսել:

Share |

Լրահոս