Ну Арам, теперь твоя очередь. հավաքականի դարպասի առաջիկա պահապանը

19:17 19.03.2018

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել 3 դարպասապահի:

Էստոնիայի և Լիտվայի հետ խաղերին նախապատրաստվելու են Արամ Հայրապետյանը («Բանանց»), Գոռ Մանուկյանը և Սևակ Ասլանյանը (երկուսն էլ «Փյունիկ»):

Փոքր-ինչ զարմանալի է, որ վերջին ամիսներին մեր ընտրանու հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանը բացակայում է հայտացուցակից: Հրավիրված չէ նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

Այս իրավիճակում, փաստորեն, առաջիկա խաղերի համար Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն Արամ Հայրապետյանն է: 31-ամյա դարպասապահը նախկինում հրավիրվել է հավաքական, բայց դեռ խաղի չի մասնակցել:

Փորձառու դարպասապահը ռուսական ֆուտբոլային դպրոցն է անցել:

Արամ Հայրապետյանն, անխոս, բարձրակարգ դարպասապահ է, սակայն Հայաստանում շատերը նման կարծիքի չեն: Դրա համար կա մեկ հիմնային պատճառ՝ թիմերը, որոնցում Արամը խաղացել է: Նա տարիներ առաջ  հանդես էր գալիս «Բանանցում», որը բավականին շատ էր գոլ բաց թողնում. հիմնական պատճառը պաշպանության թույլ խաղն էր: 2015 թվականից նա խաղում էր «Արարատում», որի պաշտպանությունը ամենաթույլն էր Հայաստանում: Ամեն դեպքում, Արամը դրվագներով ապացուցել է իր բարձր կարգը:

Շատ կարևոր հանգամանք. Արամ Հայրապետյանը դաշտում իսկական մարտիկ է, շատ էմոցիոնալ է և կարողանում է այդ տրամադրությունը փոխանցել պաշտպաններին: Նա ունի այնպիսի բնավորության գիծ, որը, միգուցե, պակասում է մեր ներկայիս հավաքականին: Հայրապետյանը առաջին համարը լինելու հիանալի հնարավորություն է ստացել և կփորձի օգտագործել այս խաղերում:

Երկու տարի առաջ հարցազրույցներից մեկում Արամ Հայրապետյանն ասել էր. «Հուսով եմ, որ կարժանանամ հավաքականի մարզչի ուշադրությանը: Հավաքականից հրավեր ստանալն իմ գլխավոր նպատակներից մեկն է: Իմ հայրենիքի ազգային հավաքականը ներկայացնելը մեծ պատիվ կլինի ինձ համար»: Եթե պատիվ արդեն եղել է այն ժամանակ, երբ նա հրավիրվել է հավաքական, ապա այժմ այդ պատիվը կրկնապատկվել է, քանի որ նա հիմնական դարպասապահն է:

Երկրորդ դարպասպաահը Գոռ Մանուկյանն է: Որևէ կասկած չկա, որ Գոռը Հայաստանի ամենահեռանկարային դարպասապահներից է: Վնասվածքից հետո նա կայունացնում է խաղը և դարձյալ ուշադրության կենտրոնում է:

Փոքր անակնկալ էր «Փյունիկ-2»-ի դարպասապահ Սևակ Ասլանյանի հրավիրվելը: Լավ տվյալներ ունեցող 19-ամյա դարպասապահի համար պարզապես հավաքականի հետ մարզվելը շատ մեծ փորձ կլինի:

Հավաքականի պաշտպանությունն էլ բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Դարպասապահի ընտրության հարցը պետք է լինի ընտրանու մարզիչների ուշադրության կենտրոնում: Այս պայմաններում չի կարելի սխալվել: Իհարկե, ամեն ինչ երևալու է խաղերի ընթացքում:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս