Համիդ Սուրյան. Երբեմն ամոթով եմ նայում Ռոման Ամոյանին

11:11 20.03.2018

Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի վեցակի չեմպիոն (2005, 2006, 2007, 2009, 2010, 2014) և Ասիայի կրկնակի չեմպիոն (2007, 2008) իրանցի Համիդ Սուրյանը Երևան այցի ժամանակ բացառիկ հարցազրույց է տվել ՀԸՖ-ի պաշտոնական կայքին:

Լեգենդար մարզիկը նշել է, որ Հայաստան է ժամանել ընկերոջ` Ռոման Ամոյանի հրավերով.

«Ինձ իսկապես հրաշալի են դիմավորել:

Ես իմ հիմնական մրցակցի ու այժմ էլ հրաշալի ընկեր Ռոման Ամոյանի հյուրն եմ:

Մեր գոտեմարտերի ժամանակ շատ հաճախ բառիս բուն իմաստով արյունահեղություն էր լինում: Հիշում եմ, մի միջազգային մրցաշարի ժամանակ, այնպես էի գլխով հարվածել Ռոմանի գլխին, որ արյունը դժվարությամբ կանգնեցրին ու ինձ էլ 5000 դոլար տուգանեցին: Բայց ըմբիշները մյուսներից նրանով են տարբերվում, որ հետո այդ ամենը մոռանում են ու շատ մաքուր ընկերություն են անում: Հիմա մենք իսկական ընկերներ ենք ու երբեմն ամոթով եմ նրա երեսին նայում: Չէ՞ որ մի քանի անգամ ես եմ փակել դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսը տանող նրա ճանապարհը:

Որ մեդալի նվաճու՞մն էր ամենադժվարը. Խնդրում եմ ուրիշ բան չմտածեք, բայց ամենադժվարը 2009 թվականի աշխարհի առաջնությունն էր ու դրա եզրափակիչը: Մրցակիցս Ռոման Ամոյանն էր: Նա ֆանտաստիկ մարզավիճակում էր ու ես ուժասպառ եղա մինչև հաղթեցի: Որ շատ անկեղծ լինեմ, հնարավոր է, որ մի դրվագում մի քիչ էլ ոտքս օգտագործեցի (խմբ. հունահռոմեական ըմբշամարտում ոտքով գործողություններն արգելված են):

Թեժ պայքարի բովում երբեմն չես նկատում կամ էլ չես հասկանում, թե ինչ ես անում: Ռոմիկն արժանի էր չեմպիոնի կոչմանը: Բայց մեծ հաղթանակների ճանապարհին լինում են նաև այդպիսի բաներ: Հաղթողներին, ի վերջո, չեն դատում»:

- Դուք մոռացել եք, իսկ Ռոմա՞նը:

- Ինքն էլ: Երեկ, Արսեն Ջուլֆալակյանի և Սասուն Ղամբարյանի հետ միասին, հրաշալի ճանապարհորդություն էին կազմակերպել դեպի Սևանա լիճ ու Դիլիջան: Չքնաղ երկիր ունեք: Ինձ շատ դուր եկավ: Հայաստանն ընդհանրապես: Ամենահաճելին՝ մարդկանց շատ ջերմ վերաբերմունքն է: Այն տպավորությունն ունեմ, թե տանն եմ ու ոչ թե օտար երկրում: Հայերն ու պարսիկներն իրար շատ նման են: Եվ արտաքնապես, և բնավորությամբ: Ըստ իս, դա արիական գենի արդյունքն է: Մենք էլ ենք մեր հյուրերին այդպես ջերմ ընդունում»:

Share |

Լրահոս

Loading...