Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ. Եվրոպայի առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով

14:31 15.04.2018

Այս օրերին Հայաստանում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որը Հայաստան է բերել 32 երկրի ավելի քան 400 պատվիրակի:

Հայաստան ժամանած հյուրերի թվում են նաև տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ:

Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը իր գոհունակությունն է հայտնել մրցաշարի կազմակերպվածության վերաբերյալ.

«Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանն այն շատ լավ է կազմակերպել, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ մենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք, տեղյակ եմ նաև, որ վերջերս Հայաստանի ու Լիտվայի միջև պետական մակարդակով սպորտային համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրվել:

Դուք ունեք հիանալի մարզաբազաներ: Ինձ հիացրել է հատկապես օլիմպիական ավանը: Հայաստանը շատ լավ մարզաբազա ունի նաև Ծաղկաձորում, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ համագործակցության ընթացքում կշահեն և՛ հայ, և՛ լիտվացի մարզիկները»,- ասել է Վիտաուտաս Պոլույանսկասը:

Հիշեցնենք` սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր` ապրիլի 15-ին, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում: 

Share |

Լրահոս