Շիրակից հանվել է 12 միավոր, որակազրկվել է ակումբի տնօրենը և սահմանվել է տուգանք

20:01 05.05.2018

Այսօր՝ մայիսի 5-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը դիմում է ներկայացրել ՀՖՖ՝ կազմակերպված խաղի մասին տեղեկություններ տրամադրելով: Արձանագրության մեջ նշվում է.

«Հարցը ներկայացվեց Կոմիտեի նախագահ՝ Ռ.Սինոյանի կողմից: Նա հայտնեց, որ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ:

Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից»,- ասվում է արձանագրության մեջ:

Հատկանշական է կոմիտեի վճիռը.

1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ:

2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:

Նիստի արձանագրությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

Share |

Լրահոս