Նորաբաց Երևանի Լոկոմոտիվի ծրագրերը. մանրամասնում է գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը

20:49 14.05.2018

Ապրիլից մարզումներ է անցկացնում նորաստեղծ Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը: Թիմը պարապմունքներն անցկացնում է նախկին «Միկա» մարզահամալիրում:

Նորաբաց թիմը նաև ընկերական հանդիպումներ է անցկացրել. մայիսի 1-ին «Լոկոմոտիվը» 2:1 հաշվով հաղթել է «Արարատ-2»-ին, իսկ  վերջինը «Արցախի» հետ մայիսի 11-ին (1:5)

Armsport.am-ը մի շարք թեմաների մասին զրուցել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ.

 - Պատմեք թիմի ստեղծման, մարզումների անցկացման մասին:

 - Ապրիլի կեսից սկսել ենք մարզվել: Մենք մինչև օգոստոս բավականին երկար ժամանակ ունենք, ակտիվ սելեկցիոն գործընթաց է ընթանում: Պետք է ուժեղ թիմ կառուցենք: Ներկա պահին կան ֆուտբոլիստներ, որոնց հետ արդեն հույսեր ենք կապում: 

Ակումբի ղեկավարության կողմից առաջադրանք կա ստեղծել տեղացի ֆուտբոլիստներով մարտունակ թիմ: 

 - Ներկայում քանի՞ ֆուտբոլիստներ են թիմում մարզվում:

 - Սելեկցիոն փուլը շատ ակտիվ է ստացվել: Լավ քայլ ենք կատարել՝ հնարավորություններ տալով բանակից վերադարձած ֆուտբոլիստներին: Այժմ 22-23 խաղացողներ են մարզվում. թիվն անընդհատ փոփոխվում է: Տարբեր տարիքային գրեթե բոլոր դիմած ֆուտբոլիստներին հնարավորություն տալիս ենք:

 - Ինչպիսի՞ն են մարզումային պայմանները:

 - Պայմաններից չենք դժգոհում: Երբ վերջնական կազմավորենք թիմը, պայմաններն ավելի կբարելավվեն: Խոտածածկը ներկայում վերանորոգվում է:

 - Ակումբի ղեկավարությունն հեռանկարային ծրագրեր ունի՞:

 - Միանշանակ: Երիտասարդներով թիմ կազմելու նպատակն այն է, որ Առաջին խմբի առաջնությանը և Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո լավ փորձ ձեռք բերի և հայ ֆուտբոլիստներով Բարձրագույն խմբում հանդես գալու հնարավորություն ունենա: Ես ոչ-ոքին չեմ քննադատում, դա իմ գործը չէ, բայց ինչպես տեսնում ենք, որ կան ակումբներ, որտեղ հարյուրավոր երեխաներ, պատանիներ են մարզվում, բայց գլխավոր թիմում շատ լեգիոներներ են խաղում: Մեր ակումբում նման բան չի սպասվում:

 - Ակումբը կունենա՞ մանկապատանեկան թիմեր. ի՞նչ հստակություն կա այդ մասով:

 - Բանակցություններ են ընթանում:Քանի դեռ թղթաբանությունն ավարտված չէ, թույլ տվեք չբարձրաձայնել: Պլանավորված է մանկապատանեկան թիմերին մեծ ուշադրություն դարձնել: Ղեկավարությունը հակված է թիմում ունենալ երիտասարդներ, պատանիներ, որոնց հետ աշխատել ես շատ եմ սիրում:

 - Մարզչական շտաբում ովքե՞ր են ընդգրկված:

 - Մարզչական թիմն էլ դեռ վերջնական չի կազմավորվել: Ինձ հիմա օգնում են Հայկ Ավետիսյանը, Գիորգի Ղազարյանը և Սամվել Ղազարյանը. մենք միասին անցկացնում ենք սելեկցիոն աշխատանքները: Մեզ շատ է օգնում նաև մեր մարզական տնօրեն Լևոն Յաբլուկյանը: Հունիսին, երբ վերադառնանք արձակուրդից, այս հարցերը ևս վերջնականապես կհստակեցվեն: 

 - Առաջիկայում ի՞նչ է նախատեսված:

 - Քանի որ բոլոր թիմերը առաջնությունների գրաֆիկով են, մեզ համար մի փոքր բարդ է ընկերական խաղերի հարցում պայմանավորվել: Շնորհակալ ենք «Արցախին» հանդիպման համար, մայիսի 1-ին էլ «Արարատ-2»-ի հետ էինք խաղացել և հաղթել 2:1 հաշվով: Մարզումները շարունակելու ենք բնականոն հունով, հանդիպումների մասով էլ ընթացքում կպայմանավորվենք:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս