Գրիզման. Չափազանց շատ եմ ցանկանում դառնալ Եվրոպա լիգայի հաղթող

16:38 15.05.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչից ունեցած սպասելիքներով, որում իր թիմը Լիոնում կմրցի «Մարսելի» հետ.

«Կարող եմ իմ առաջին լուրջ տիտղոսը նվաճել Իսպանիայի Սուպերգավաթում հաղթելուց հետո:  Հնարավորություն ունեմ դառնալու Եվրոպա լիգայի հաղթող, և անչափ շատ եմ դա ցանկանում:

Կանեմ ամեն բան, որպեսզի օգնեմ թիմակիցներիս: Ակումբի համար սա պարզապես հերթական տիտղոսն է: Այն կարևոր է և ապացուցում է,որ մենք միշտ խաղում ենք ուժեղ մրցակիցների հետ:

Անհամբերությամբ եմ սպասում խաղին: Լիոնում խաղալը ֆանտաստիկ կլինի: Իմ ծննդավայրից մինչև Լիոն 45 րոպեի ճանապարհ է: Խաղին իմ բազմաթիվ հարազատներ ներկա կլինեն: Տեղի մարզադաշտի հետ կապված շատ բարի հիշողություններ ունեմ:

Եվ հետո, այնտեղ ես 2013 թվականի օգոստոսին «մկրատաձև» հարվածով գոլ եմ խփել Չեմպիոնների լիգայի` «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում: Այնպես որ դա մի քաղաք է, որտեղ նախկինում իմ գործերը վատ չեն դասավորվել: Հույս ունեմ` կշարունակեմ նույն կերպ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը` մայիսի 16-ին:

Share |

Լրահոս