Armsport.am-ի կանխատեսումը Ռեալ-Լիվերպուլ հանդիպման վերաբերյալ

14:44 26.05.2018

Այսօր Կիևում կկայանա Չեմպիոնների լիգայի տարվա կարևորագույն հանդիպումը: Armsport.am-ի անդամները ներկայացրել են իրենց կանխատեսումը «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Սուրեն Սուքիասյան

Կանխատեսումը՝ 3:1

«Ռեալը» վերջին անգամ ՉԼ-ի եզրափակչում պարտվել է 37 տարի առաջ` հենց «Լիվերպուլին»: Այո, պատմությունը կրկնվել սիրում է, բայց այսօր այդ դեպքը չէ:

Զիդանի թիմն ունի բոլոր հնարավորությունները հաղթանակի հասնելու համար: Թե ֆուտբոլիստների խաղամակարդակով, թե եզրափակիչներում ունեցած փորձով, մադրիդցիները գերազանցում են մրցակցին, նույնիսկ բախտի գործոնն է այս տարի «Ռեալի» կողմից:

Ճիշտ է, սա եզրափակիչ է և հնարավոր ու անհնարին ամեն ինչ կարող է տեղի ունենալ, սակայն մադրիդցիների փորձն ու խաղամակարդակն այնքան բարձր է, որ դժվար թե նրանք թույլ տան Կիևում այսօր անակնկալներ լինեն: Կլոպն ինչ-որ անհավանական բան պետք է մտածի «Ռեալին» հաղթելու համար, քանի որ նույնիսկ վատ խաղով մադրիդցիներն այս մրցաշրջանում հասնում եմ ցանկալի արդյունքի:

Իհարկե, շատ բան է կախված լինելու Սալահ-Ռոնալդու հակամարտությունից: Կարծում եմ, որ եգիպտացին, այնուամենայնիվ, կդառնա գոլի հեղինակ ու կբացի խաղի հաշիվը, սակայն «Ռեալը» կհաղթի 3:1 հաշվով:

Նարե Հովհաննիսյան

Կանխատեսումը՝ 2:3

ՉԼ-ի երկար սպասված եզրափակչի ֆավորիտն, անկասկած, Մադրիդի «Ռեալն» է, որը մոտ է պատմություն կերտելուն և երրորդ տարին անընդմեջ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի Գավաթը գլխավերևում պահելուն: Հակառակ սցենարը փոքր-ինչ անհավանական է թվում, բայց պատմությունն այդպիսի քիչ դեպքեր չգիտի:

Վերջին տարիներին «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայում ահռելի փորձ են կուտակել և սա հենց այն մրցաշարն է, որտեղ «Ռեալը» վերածվում է սառնասիրտ գազանի ու կարող է հեշտությամբ մաքրել բոլոր հաշիվները ցանկացած թիմի դեմ: Հանդիպման ելքի վերաբերյալ կանխատեսում անելը դժվար է. վիճակագրությունը «Ռեալի» կողմն է, շանսերն էլ ավելի մեծ են «Ռեալի» մոտ, սակայն ես երկրպագելու եմ «Լիվերպուլին» ու հավատում եմ հենց մերսիսայդցիների հրաշքին, որն, ըստ իս, կխաղա հակագրոհների վրա, իսկ մերսիսայդցիների հարձակողական եռյակը, կարծում եմ, անթերի կկատարի իր գործը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու թիմերի կազմերում էլ իսկական ռմբարկուներ են հանդես գալիս, կարծում եմ` չնայած եզրափակչին, կտեսնենք գոլառատ ու գրավիչ ֆուտբոլ: Կանխատեսում եմ «Լիվերպուլի» հաղթանակը` 3:2 հաշվով:

Նորայր Հարությունյան

Կանխատեսումը՝ 2:1

Կարծում եմ՝ շատերի կողմից կանխատեսված գոլառատ ֆուտբոլ չենք տեսնի: Կլոպը և Զիդանը եզրափակիչների մեծ փորձ ունեն, Կլոպը ավելի շատ պարտվել է, Զիդանը՝ հաղթել: Ամեն դեպքում ավելի շատ հավատում եմ «Ռեալի» հաղթանակին, բայց վստահ եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: 2:1 հաշվով մադրիդցիների հաղթանակը թերևս ամենաիրատեսականն է իմ կարծիքով:

Ինչ վերաբերում է գոլերի հեղինակներին՝ կարծում եմ «Ռեալի» կազմում գոլ կխփի Գարեթ Բեյլը, «Լիվերպուլից»՝ Ռոբերտո Ֆիրմինոն:

Գևորգ Հակոբյան

Կանխատեսումը՝ 3:1

Կարծում եմ, որ «Ռեալը» հաղթելու է 2 և ավելի գոլի տարբերությամբ: Այդպիսի համոզմունքի գլխավոր պատճառն այն չէ, որ անտարբեր չեմ «սերուցքայինների» հանդեպ, այլ այն, որ չնայած «Լիվերպուլի» հարձակման եռյակի անցկացրած ֆանտաստիկ մրցաշրջանին, «մերսիսայդցիներին» չեմ համարում բալանսավորված թիմ: «Կարմիրները» բազմաթիվ թույլ օղակներ ունեն: Խոսքը մասնավորապես դարպասապահի և պաշտպանների մասին է: Պետք չէ մոռանալ, որ Կրոս-Մոդրիչ-Կազեմիրո կիսապաշտպանության եռյակին դիմակայելու է Վեյնալդում-Միլներ-Հենդերսոն եռյակը, ինչը ֆուտբոլիստների մակարդակի առումով տարբերություն կարող է ստեղծել:

Բացի այդ, «Լիվերպուլն» ավելի տպավորիչ է սեփական դաշտում, իսկ հյուրընկալվելիս այնքան էլ վստահ չի գործում: Իր հերթին «Ռեալն» այս տարի շատ ավելի լավ է խաղում արտագնա հանդիպումներում: Վիճակագրությունը նույնպես խոսում է «արքայական ակումբի» օգտին՝ 6 հաղթանակ վերջին 6 եզրափակիչներում:

Ամեն դեպքում չնայած եզրափակիչ լինելուն՝ ակնկալում եմ բավականին դիտարժան, հարձակողական և գոլառատ խաղ:

Լիդիա Կարապետյան

Կանխատեսումը՝ 1:1 և «Լիվերպուլի» հաղթանակը 11 մետրանոցներով

Դժվար է կանխատեսում անել, երբ խաղում է «Ռեալը»: Բոլորս լավ տեսնում ենք, թե ինչ խաղ է ցուցադրում «արքայական ակումբը» Պրիմերայում և ինչ խաղ է ցուցադրում ՉԼ-ում: «Սերուցքայինների» մասնակցությամբ խաղերն անկանխատեսելի են, բավական է հիշել ՉԼ-ի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը:

Վիճակագրությունը «Ռեալի» օգտին է, սակայն թույլ տվեք այս անգամ չհավատալ սերուցքայինների հաղթանակին: Կարծում եմ` խաղի հիմնական ժամանակը կավարտվի 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվի, իսկ 11 մետրանոցներով ավելի դիպուկ կգտնվեն Կլոպի սաները:

Արման Առաքելյան

Կանխատեսումը՝ 3:1

Կարծում եմ, որ «Ռեալը» վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր խաղի ֆավորիտն է ու վճռորոշ հանդիպումներում «արքայական ակումբի» մոտեցումները և մղումը հավասարը չունի ամբողջ Եվրոպայում: «Լիվերպուլը» ՉԼ-ի ընթացիկ մրցաշարում զարմացնում է, բայց զարմացնելով չեմպիոն դառնալը բավականին բարդ կլինի, քանի որ վերջին երկու տարիներից հետո «իներցիայի» ուժով էլ «Ռեալը» տրամադրված է չեմպիոնության:

Զիդանի թիմի ֆուտբոլիստների մեծ մասը ոչ մեկ անգամ գիտի Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալ, և սա համարում եմ մեծ առավելություն «Լիվերպուլի» նկատմամբ: Կասկած չկա, որ «Լիվերպուլը» պայքարելու է և այդ թիմի անկանխատեսելիությունը ստիպում է ավելի զգույշ կանխատեսումներ անել:

Share |

Լրահոս

Loading...