Սկսում ենք պատրաստվել Ազգերի լիգային. Հին, բայց նոր մարզիչ ու մի շարք նոր անուններ

21:59 28.05.2018

Հայաստանի ազգային հավաքականն արդեն այս օրերից սկսում է նախապատրաստվել Ազգերի լիգայի գավաթի խաղարկությանը` հին, բայց նոր մարզիչով, մի շարք նոր ֆուտբոլիստներով ու, ըստ երևույթին, մարտական տրամադրվածությամբ:

Մեր ընտրանին մայիսի 23-ից սկսել է նախապատրաստական հավաքը: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն. Մայիսի 29-ին կմրցեն Մալթայի ազգային հավաքականի, իսկ հունիսի 4-ին` Մոլդովայի ընտրանու հետ: Երկու խաղերն էլ կանցկացվեն Ավստրիայում: Մայիսի 27-ին մեր հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ինսբրուկ, որտեղ հանգրվանել են «Պարկհոտել ին Տիրոլ» հյուրանոցում:

Վարդան Մինասյանը վերադարձից հետո առաջին խաղը կանցկացնի Մալթայի ընտրանու հետ, այն հավաքականի, որին նա տանը պարտվեց ԱԱ-2014-ի ընտրական փուլում ու արժանացավ մի շարք քննադատությունների:

Այժմ Մինասյանը իր նոր ուղին հավաքականի հետ սկսում է հենց մալթացիների հետ խաղով:

Թիմերի միջև խաղերի վիճակագրությունը հետաքրքիր է: Միմյանց դեմ նրանք խաղացել են 5 անգամ: 4 հաղթանակ ունի Հայաստանի հավաքականը և բոլոր խաղերն էլ ավարտվել են 1:0 հաշվով: Հատկանշական է, որ Մալթան իր միակ հաղթանակը մեր նկատմամբ տարել է կրկին նվազագույն հաշվով:

Իհարկե, կարելի ենթադրել, որ վաղը մենք նույնպես շատ գոլեր կարող է չտեսնենք:

Վարդան Մինասյանը` հրապարակելով ազգային թիմի հայտացուցակը, կարծես թե կատարեց մի շարք երկրպագուների երազանքը: Ազգային ընտրանի կրկին վերադառնալու էր Յուրա Մովսիսյանը, սակայն հարձակվողը վնասվածք ունի և այս ընկերական խաղերին չի կարող օգնել թիմին:

Բացի Մովսիսյանից, կան նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնց վրա կարելի է ուշադրություն կենտրոնացնել: Հատկապես Էդգար Բաբայանը, Իվան Յագանը և Անդրե Չալըշըրը, որոնք առաջին անգամ են հրավիրվում հավաքական: Նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ամեն մամուլի ասուլիսին խոսում էր հավաքականի համար թարմ արյուն գտնելու մասին, կարծես թե գյումրեցի մասնագետի սկսած գործն ավարտին է հասցնում Մինասյանը: Այս խաղացողները, իսկապաես, նոր շունչ կարող են հաղորդել թիմին: Բարձրագույն խմբից էլ կան նոր անուններ` Նարեկ Պետրոսյան, Վալերի Ոսկանյան:

Թարմ և հավաքականում խաղալու փորձ չունեցող ֆուտբոլիստների հետ մեկտեղ Մինասյանը Ավստրիա է մեկնել իր հավատարիմ մարտիկների հետ` Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, խաղացողներ, որոնք երկար ժամանակ բացակայում էին հայտացուցակից: Իհարկե, այժմ նույնպես նրանք լավագույն մարզավիճակում չեն, սակայն փորձառու խաղացողներ հավաքականին միշտ էլ պետք են:

Մինասյանը ազգային ընտրանի էր կանչել նաև Ռուսաստանում հանդես եկող մեր երկու հայրենակիցներին` Դավիթ Յուրչենկոյին և Խորեն Բայրամյանին, որոնք չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը նշում է, որ այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:

Գաղտնիք չէ, որ դարպասապահի հարցը մեր համար լուրջ է: Յուրչենկոն կարող է լավ տարբերակ լինել այս խնդիրը լուծելու համար:

Ուշադրության են արժանի նաև այն պաշտպանները, որոնք հրավեր են ստացել Մինասյանի կողմից: Բացի փորձառու Մկոյանից, Ավստրիա են մեկնել նաև իրենց ակումբներում խաղաժամանակ կամ չստացող, կամ դաշտում խաղալու շաք քիչ ժամանակ ստացող ֆուտբոլիստներ` Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան: Հակասական է նաև Տարոն Ոսկանյանի հրավերը, որը նույնպես, մեղմ ասած, լավ մրցաշրջան չանցկացրեց:

Հարձակվողի դիրքը նույնպես խնդրահարույց է: Սարգիս Ադամյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով, Ռուսլան Կորյանին Մինասյանը չի վստահել` խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Ի տարբերություն Պետրոսյանի, Մինասյանը չի հրավիրել նաև Նորբերտո Բրիասկոյին, փոխարենը հավաքականում իրեն դրսևորելու ևս մեկ հնարավորություն է ստացել Գեղամ Հարությունյանը:

Հասկանալի է, որ ընկերական խաղերը լավ առիթ են պատրաստվելու մեր երկրի համար, երևի թե, ֆուտբոլային ամենակարևոր մրցաշարին: Արդեն զգացվում է, որ Մինասյանը փորձարկելու է բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները հաջողության հասնելու համար: Մալթայի ու Մոլդովայի ընտրանիներն էլ խաղամակարդակով հավասար են Ազգերի լիգայի մեր մրցակիցներին և սա նույնպես լավ հնարավորություն է փորձարկելու մեր ուժերը:

Դժվար է հասկանալ, թե ինչ մարտավարությամբ կգործի Մինասյանը: Հիշում ենք, որ նա միշտ նախընտրում է 4-2-3-1 տակտիկական դասավորվածությունը: Հավատարիմ կմնա իր ֆուտբոլային ձեռագրին, թե կգործի այլ դասավորվածությամբ`կիմանանք հանդիպումների ժամանակ:

Առաջիկա խաղերում էլ մեր ընտրանու մեկնարկային կազմը գուշակելը նույնպես դժվար գործ է: Ըստ Armsport.am-ի մեր հավաքականը դաշտ դուրս կագ հետևյալ կազմով

Արսեն Բեգլարյան, Հայկ Իշխանյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Հովհաննես Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Իվան Յագան:

Հիշեցնենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս