Արման Սահակյան. Շիրակը չի մասնակցի Եվրոպա լիգային

11:54 31.05.2018

«Շիրակի» նախագահ Արման Սահակյանը «ՍիվիլՆեթի» հետ զրուցում խոսել է ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի ու հնարավոր լուծումների մասին:

Արման Սահակյանը մասնավորապես նշել է, որ իրենց պահանջը ֆեդերացիայի նախագահի ու ողջ աշխատակազմի հրաժարականն է, և որ իրենք հրաժարվում են մասնակցել նաև Եվրոպա լիգայի խաղարկությանը.

«Մեզ համար սահմանված պատիժը ենթադրում է, որ մենք պայմանավորված խաղ ենք խաղացել, բայց մենք պայմանավորված խաղ չենք խաղացել:

Տրամաբանություն չկա, եթե պայմանավորված խաղ է եղել, ուրեմն «Բանանցից» էլ պետք է միավորներ հանեն:

Եղել է խոսակցություն Արարատ Հարությունյանի և «Բանանցի» ֆուտբոլիստի միջև, որը հրապարակվել է: Այդտեղ «Բանանցի» ֆուտբոլիստն ակնհայտորեն ինչ-որ բաներ է առաջարկում Արարատին, որն Արարատը չի մերժում: Հիմա` հեռախոսային խոսակցության հիման վրա, որի արդյունքում որևէ պայմանավորվածություն չի եղել, որոշել են «Շիրակին» զրկել չեմպիոնությունից:

Մեր բողոքն այն է, որ «Շիրակն» իր բոլոր միավորները վաստակել է արդար քրտինքով, իսկ այդ հարցն էլ իր մեջ քրեական տարրեր է պարունակում, պետք է գործ հարուցվեր, կամ արդեն հարուցվել է` պարզելու համար, թե այդ զրույցներն ինչ պայմաններում են եղել, ով է ում առաջարկել, ինչ է առաջարկել:

Հապշտապ որոշում կայացվեց, որը մենք բողոքարկել ենք: Պայմանավորված խաղ չի եղել: Ֆեդերացիան մեզ կարող է մեղադրել մաքսիմում «պայմանավորած խաղի փորձ» կազմակերպելու մեջ և այդ փորձի համար կարող է առավելագույնը 6 միավոր հանել, եթե թիմն է մասնակցել այդ ամեն ինչին: Բայց մեզ զրկեցին 12 միավորից»,- նշել է Արման Սահակյանը:

«Շիրակն», ինչպես հայտնի է, իր բոլոր թիմերին հանել է Հայաստանի առաջնություններից: Ի՞նչ ելք է տեսնում այս իրավիճակում ակումբի նախագահը.

«Մեր բողոքը շատ հստակ է և պարզ: Մենք հիմա 450 երեխա ունենք մարզվող: Եթե ֆեդերացիան է որոշում, թե ով պետք է դառնա չեմպիոն, ուրեմն մենք չենք պատրաստվում շարունակել: Վստահ եմ` այդ երեխաների ծնողները մեր որոշումը հասկանում և հարգում են:

Պահանջում ենք ինչպես ֆեդերացիայի նախագահի, այնպես էլ` ամբողջ աշխատակազմի հրաժարականը, քանի որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Այս տարիների ընթացքում տարբեր խնդիրներ են եղել, տարբեր բաներից բողոքել ենք, կամ հարմարվել ենք` չենք բողոքել: Բայց այս պարագայում, երբ թիմը գնում է չեմպիոնության, և հանկարծ հայտնվում է մի հեռախոսային խոսակցություն ... մենք խաղի այդպիսի կանոններին համաձայն չենք:

Երբ փոփոխություն կլինի, «Շիրակը» հաջորդ օրվանից կսկսի խաղալ»:

Արման Սահակյանը նաև նշել է, որ իրենք կշարունակեն բողոքարկումը նաև ՈւԵՖԱ-ում.

«Եթե հարցի մեջ կա քրեական տարր, Հայաստանում կա դատարան, որը որոշում է այդպիսի հարցերը, բայց ֆեդերացիան անտեսեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հայաստանում ամեն ինչ շատ հապճեպ որոշվեց, գործը միանգամից ուղարկվեց ՈւԵՖԱ: Մենք խնդիր չունենք, շարունակելու ենք մեր բողոքը նաև ՈւԵՖԱ-ում, բայց փաստացի մենք չեմպիոն չենք, դա է մեր բողոքը»:

Հայաստանի ավարտված առաջնության արդյունքներով Գյումրի «Շիրակը» Եվրոպա լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք էր ստացել: Ակումբի նախագահի խոսքով իրենք այդ մասնակցությունից էլ են հրաժարվել.

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել Եվրոպա լիգային: ՈւԵՖԱ-ն Եվրոպա լիգային մասնակցելու համար ակումբին 200 հազար եվրոյից ավել գումար է վճարում, մենք հրաժարվում ենք նաև այդ գումարից: Բոլոր ֆուտբոլիստները կստանան իրենց պարգևավճարները Եվրոպա լիգային մասնակցելու համար, բայց մենք չենք խաղա: Հիմա մեր ֆուտբոլիստները ինչպե՞ս շարունակեն խաղալ Հայաստանի առաջնությունում: Սա խաղալու մթնոլորտ չէ: Մեր ֆուտբոլիստներին փորձելու ենք տեղավորել տարբեր ակումբներում և նպաստել նրանց կարիերայի զարգացմանը:

Անկեղծ ասած, մենք էլ էինք զարմացել, երբ իմացանք 12 միավոր հանելու մասին, բայց հետո իմացանք, որ առաջիկայում նոր ֆեդերացիա պետք է ձևավորվի, նախագահի և գործկոմի նոր ընտրություններ պետք է լինեն, և այդ ժամանակ մեզ համար պատկերը մի փոքր ավելի հասկանալի դարձավ: Հասկացանք, թե այս ամենն ինչի համար է: Այս պատմության արդյունքում ես հասկացա, որ խնդիրը ոչ այնքան ֆուտբոլային է, որքան` կապված է իմ անձի հետ»,- նշել է Արման Սահակյանն ու նաև տեղեկացրել, որ նոր ֆեդերացիայի ձևավորումից հետո «Շիրակը» պատրաստ է վերադառնալ:

Share |

Լրահոս

Loading...