Արամ Ավագյան. Աստված պատժեց, որպեսզի ես վերևից իջնեմ. դրանից հետո ավելի մեծ ուժով վերադարձա

20:03 05.06.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անհաղթահարելի Արամ Ավագյանը հյուրընկալվել էր Armsport.am-ին:

8 մենամարտերում 8 հաղթանակ տարած բռնցքամարտիկի հետ խոսել ենք ամենատարբեր թեմաներից.

Թե ինչպե՞ս է սկսել զբաղվել բռնցքամարտով և ովքե՞ր են եղել սիրելի բռնցքամարտիկները.

«Հայրս փոքր տարիքում ինձ տարավ բռնցքամարտի, ժամանակի ընթացքում սերս դեպի բռնցքամարտը էլ ավելի մեծացավ և ես հասկացա, որ սա իմն է: Լինում են դեպքեր, երբ զգում ես, որ կարելի է ավարտել սկսածը սպորտում ու անցնել այլ աշխատանքի, սակայն ես չեմ պատկերացրել ինձ նման իրավիճակում, այդ պատճառով շարունակել եմ քայլել դեպի առաջ:

Բռնցքամարտում իմ ֆավորիտը Ֆլոյդ Մեյվեդերն է, նրան շատ-շատերն են ճանաչում: Կառանձնացնեմ նաև Ջոնս Ջունիորին, ով իհարկե արդեն մեծ է տարիքով, սակայն գործող բռնցքամարտիկ է: Հիմա նա իր թոփ մակարդակում չէ, քանի որ ամեն բան ունի սկիզբ և ավարտ, իսկ մեծ տարիքում դու չես կարող բռնցքամարտել այնպես, ինչպես երիտասարդ տարիներին»:

Արամ Ավագյանի կարծիքը Մեյվեդեր-Քոնոր Մաքգրեգոր մենամարտի մասին.

«Մենամարտը շոուի մի մասն էր: Բռնցքամարտը և UFC-ն սպորտաձևեր են, որոնց ուշադրություն է դարձնում ամբողջ աշխարհը: Երկրպագուներին հետաքրքիր էր այդ մենամարտը և նրանք մենամարտեցին մեծ գումարներ աշխատելու համար: Ես կանխատեսել էի մենամարտի ավարտը: Ֆլոյդը այնպես մենամարտեց, որ ի վերջո հաղթի Մաքգրեգորին: Մաքգրեգորը երբեք այդքան երկար չէր մենամարտել: Ֆլոյդը թողեց, որ առաջին 3 ռաունդներում Մաքգրեգորը իրենց ցույց տա, իսկ հետո հետզհետե գերազանցեց մրցակցին»:

Սիրողական բռնցքամարտից պրոֆեսիոնալին անցնելու մասին.

«Դեռ մանկուց պատկերացրել եմ, որ 25 տարեկանում սիրողական բռնցքամարտից պետք է տեղափոխվեմ պրոֆեսինալ բռնցքամարտ: Իհարկե, նպատակ ունեի Օլիմպիական մեդալ նվաճել, ինչ-ինչ պատճառներով չստացվեց ու դրանից հետո որոշեցի առաջ շարժվել, տեղափոխվել պրոֆեսիոնալ բռցքամարտ: Իհարկե, ցանկություն ունեմ վերադառնալ ու մասնակցել Տոկիո-2020-ին: Եթե այդ ժամանակ լինեմ թոփ մակարդակում, ավտոմատ կերպով իրավունք կստանամ մասնակցել Օլիմպիական խաղերին, եթե ոչ, կփորձեմ վարկանիշային մրցաշարերով ձեռք բերել մասնակցության իրավունք: Ամեն դեպքում հստակ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ներկայում լիովին կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռցքամարտիկի կարիերայի վրա»:

8 մենամարտերում 8 հաղթանակից հետո պատասխանատվության զգացման մասին.

«Այն բռնցքամարտիկն, ով մեկ անգամ պարտվել է, կորցնելու ոչինչ չունի, նրա համար վտանգավոր ոչինչ չկա: Իսկ եթե պարտություն չունես, ամեն հաղթանակից հետո նորից հաղթելու պատասխանատվություն ես զգում: Քանի որ ձախողման դեպքում շատ ավելի դժվար կլինի վարկանիշը նորից բարձրացնելը»:

Կարիերայի ամենածանր պահը.

«2014 թվականին բավականին ծանր փուլ սկսվեց ինձ համար: Դրանից առաջ մի քանի տարի բավականին լավ արդյունքներ էի ցույց տվել Եվրոպայի առաջնությունում և այլ մրցաշարերում: Եվ ինձ մոտ նկատվեց, այսպես ասած, «աստղային հիվանդություն», որից ապահովագրված չէ ոչ մի մարզիկ: Կարևոր է, որ այդ ամենից հետո դու կարողանաս քեզ վերգտնել: 2014 թվականին մասնակցեցի մի մրցաշարի, որտեղ հանդես էի գալիս ավելի բարձր քաշային կարգում: Մենամարտի ժամանակ ընդունեցի մի հարված, որից հետո մենամարտը դադարեցվեց՝ չնայած նրան, որ ես ի զորու էի շարունակել մենամարտը: Կարծում եմ՝ ինձ Աստված պատժեց, որպեսզի ես վերևից իջնեմ ու հասկանամ թե ինչ է կատարվում շուրջս: Ուրիշ բան է, երբ հարվածից հետո զգում ես, որ չես կարող շարունակել մենամարտը, ուրիշ բան է, երբ կարող ես շարունակել, բայց քեզ չեն թողնում: Այդիպիսի պահերից հետո հետևություններ ես անում ու մի փոքր այլ կերպ ես նայում իրերին: Դրանից հետո ես էլ ավելի մեծ ուժով վերադարձա ու Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճեցի: Հասկացա, որ ոչ մեկի պետք չէ թերագնահատել, իհարկե գերագնահատել ևս պետք չէ: Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են այնքան ժամանակ, մինչև մենամարտը չի ավարտվել և քո ձեռքը մրցավարը չի բարձրացրել»:

Օլիմպիական ոսկու և աշխարհի չեմպիոնի գոտու մասին.

«Երկու նվաճումներն էլ թանկ են, քանի որ երկուսի հետևում էլ մեծ ծավալի աշխատանք, նպատակ ու ծանր պարապմունքներ կան: Այսինքն երկուսին հասնելու համար էլ մեծ ճանապարհ է պետք անցնել ու զրկանքներ կրել»:

Բացի բռնցքամարտից այլ զբաղմունքների մասին.

«Փոքր տարիքից սիրել եմ ֆուտբոլ խաղալ: Հիմա էլ ընկերներիս հետ երբեմն խաղում եմ, բացառությամբ այն ժամանակների, երբ պատրաստվում եմ մենամարտերի, քանի որ խաղալիս վնասվածք ստանալու ռիսկ կա: Սիրում եմ կնոջս հետ գնալ քաղաքից դուրս, զբոսնել, կինոթատրոն գնալ...»:

«Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»

«Միանշանակ «Ռեալ»: Դեռ փոքր տարիքից իմ սիրելի ակումբն է եղել»:

Ապագա պլանների մասին.

«Հուլիսին պետք է մենամարտ լիներ, սակայն ես հրաժարվեցի մենամարտից, քանի որ գործ ունենք օրգանիզմի, ոչ թե մեխանիզմի հետ: Զգացի, որ ինձ փոքր հանգիստ է պետք և դադար վերցրի հանգստանալու համար: Հաջորդ մենամարտս պլանավորված է օգոստոսին կամ սեպտեմբերին, դեռ քննարկումների փուլում ենք, վերջնական ոչինչ դեռ որոշված չէ»:

Նորայր Հարությունյան

 

Share |

Լրահոս