ԱԱ-2018. Մեկնարկից առաջ (Մաս 1)

15:46 12.06.2018

Ինչպես հայտնել էինք, «Armsport.am»-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը մեկնում է ՌԴ՝ լուսաբանելու ԱԱ-2018-ի հանդիպումները:

Այսօրվանից սկսած Գևորգի օրագրային նյութերը կլինեն կայքում.

12.06. Մեկնարկից առաջ

«Գալիս է այդ օրը: 4 տարվա սպասումից հետո կսկսվի ֆուտբոլային միամսյակը: Մոլորակի ուժեղագույն 32 հավաքականները եկել-հասել են Ռուսաստան՝ մասնակցելու մարզական խրախճանքին:

Ֆավորիտները գրեթե միշտ նույն հավաքականներն են, բայց Մունդիալն այս անգամ զրկվել է դրանցից երկուսից: Չենք տեսնելու Աշխարհի առաջնության եզրափակիչ երեք անգամ հասած, բայց երբեք չհաղթած Հոլանդիային, ինչպես նաև մրցաշարի քառակի հաղթող Իտալիային: Փոխարենը Մունդիալին առաջին անգամ կմասնակցեն Պանամայի և Իսլանդիայի հավաքականները: Վերջինս Եվրո-2016-ում իր ցնցող արդյունքից հետո այժմ էլ համարվում է հեղինակությունների ահուսարսափը:

Ռուսաստանում քննադատում, նույնիսկ ծաղրում են իրենց հավաքականին՝ չհավատալով, որ Ստանիսլավ Չերչեսովի թիմը գոնե կհաղթահարի խմբային փուլի արգելքը: Պատմության մեջ միակ ընտրանին, որը տնային աշխարհի առաջնությունում դուրս չի եկել փլեյ-օֆֆ, Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 2010թ.:

Մունդիալների անփոփոխ մասնակից Բրազիլիայի հավաքականը գերազանց անցկացրած ընտրական փուլից հետո հիմա ֆավորիտների թվում է: Աշխարհի հնգակի չեմպիոնների առաջատար Նեյմարը վերջին ամիսները բաց թողեց վնասվածքի պատճառով, բայց հասցրեց վերադառնալ շարք և նույնիսկ կարողացել է 2 գոլ խփել Մունդիալին նախորդած ընկերական խաղերում: Նեյմարի արագ ապաքինման մեջ իր մեծ ավանդն ունի հավաքականի գլխավոր ֆիզիոթերապևտ, հայազգի Ֆաբիո Մահսերեջյանը:

Նա աշխարհի առաջնությունում միակ հայը չի լինելու: Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականն է Մարգար Աղաջանյանը: Նա պորտուգալացի հանրահայտ մարզչի «աջ ձեռքն» է հավաքականում: Իրանի ընտրանու կազմից այս անգամ բացակայում է հայազի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը:

Ահռելի են սպասելիքները նաև գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականից: Յոահիմ Լյովը վերջին պահին անակնկալ մատուցեց՝ հայտացուցակից դուրս թողնելով Անգլիայի Պրեմիեր լիգայում գերազանց հանդես եկած Լերոյ Սանեին: Գերմանացիների մարզչական շտաբում է ընդգրկված Միրոսլավ Քլոզեն: Հենց նա է աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խփած 16 գոլով:

Միանշանակ ֆավորիտներ են նաև Արգենտինան ու Պորտուգալիան, իրենց առաջատարների՝ Մեսսիի և Ռոնալդուի գլխավորությամբ: Սա Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի համար գուցե վերջին շանսն է նվաճելու ֆուտբոլային ամենապատվաբեր մրցանակը: Պորտուգալացիներն իրենց մարտական կազմով են, իսկ արգենտինացիներից Մունդիալին չի մասնակցելու աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկը՝ Մաուրո Իկարդին, իսկ այդ որոշման ակունքներում հենց Մեսսին է կանգնած, թե ոչ, այս պահին արդեն կարևոր չէ:

Այս մրցաշարին երիտասարդ ու գերաստղային կազմերով են ներկայացել Ֆրանսիան, Բելգիան ու Անգլիան, չի կարելի թերագնահատել նաև հիմնականում «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներով համալրված Իսպանիային:

Այսպիսով, ունենք ֆուտբոլային սքանչելի պատկեր: Առաջիկա մեկ ամիսը խոստանում է լինել թեժ, անակնկալներով լի՝ համեմված ուրախության և տխրության արցունքներով, հաղթական ճիչերով, իսկ հաճույքի և ցնծության ամենամեծ չափաբաժինը հաստատապես բաժին է հասնելու ֆուտբոլասերին»:

Share |

Լրահոս